Լրահոս
Օրվա լրահոսը

Պաթոսը կա, «էթոսը» եւ «լոգոսը»՝ ոչ

Սեպտեմբեր 24,2024 10:00

Հիշեցի, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո այն ժամանակ բավականին ազդեցիկ Երկրապահ կամավորական միության կարկառուն դեմքերը 2-3 ամիսների ընթացքում պարբերաբար խոստանում էին, որ վաղը, մյուս օրը, կամ մյուս շաբաթ ԵԿՄ-ն այնպիսի մի սարսափազդու հայտարարություն է անելու, որ դա կլինի Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջը: Այդ աշխարհացունց հայտարարությունն այդպես էլ չարվեց, ԵԿՄ-ն եւ ՀՀԿ-ն, ի վերջո, մտան Քոչարյանի տակ, որը եւ «թագավորեց» եւս 8,5 տարի:

Իհարկե, բոլոր տեսակի համեմատությունները պայմանական են, բայց ընդդիմության վերջին 4 տարվա գործողությունները հիշեցնում են այդ «հետաձգված հայտարարությունը»: «Սրբազան շարժման» վերջին խոստումները նույնպես այդ տրամաբանության մեջ են: Նախ՝ սպառնում էին Մարզահամերգային համալիրում «մեծ հավաքով», հիմա էլ՝ հոկտեմբերի 2-ին «ակտիվ գործողությունների» մեկնարկով:

Ի՞նչ գործողություններ: Փողոց փակելու մարդկային ռեսուրս, այսինքն՝ այնպիսի զանգված, որը 2-3 անգամ կգերազանցի ոստիկանական ուժերը, չկա: Պետք է ասել նաեւ, որ հիմա հատուկ ջոկատայիններն ավելի մեծ խանդավառությամբ են բռնությունների դիմում, քան «նախկինների» ժամանակ (պարզ է՝ ավելի բարձր աշխատավարձ են ստանում): Իսկ հանրահավաքներից, թեկուզ 10 կամ 20 հազարանոց, իշխանությունը չի վախենում:

Բացի այդ «տակտիկական» սահմանափակումներից՝ կա եւս երկու գործոն: ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն, ընդհանուր առմամբ, գոհ է Փաշինյանի 6 տարվա ղեկավարումից: Միայն երկու պահանջ ունի վարչապետից՝ որ նա ավելի ակտիվ «պատժի նախկիններին» եւ որ ավելի արագ «յան տա» Ռուսաստանից: Այդ երկու պահանջներն էլ քչից-շատից կատարվում են: Թե ինչու չեն կատարվում այնպես, ինչպես այդ զանգվածն է ուզում, դրա համար կան պատճառներ, որոնց մասին կխոսենք առանձին: Արցախի եւ ՀՀ տարածքների կորուստը, գերիների, փախստականների, անվտանգության եւ այլ հարցերը, այսինքն՝ այն թեմաները, որոնք բարձրացնում է ընդդիմությունը, մեծամասնությանը չեն հուզում:

Երկրորդ գործոնը (եւ դա ցույց տվեց նաեւ սեպտեմբերի 22-ի հավաքը). պաթոսը շատ է՝ այն պետք է լինի, բայց՝ չափի մեջ: Ըստ Արիստոտելի՝ համոզիչ լինելու համար դրան պետք է ավելանա նաեւ «էթոսը»՝ բարոյական հեղինակությունը, եւ «լոգոսը»՝ բանական փաստարկները: Չնայած հանուն արդարության պետք է ասել, որ հակառակ՝ իշխանական կողմում նույնպես գերիշխում է պաթոսը՝ «մեր երկրի անկախության մակարդակն օր օրի աճում է» (տխուր սմայլիկ):

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Այնպիսի խնդիր կա, որ երբ ինչ-որ ընդդիմադիր շարժում սկսում է տևել ~30 օրից ավելի, հետագա հավաքներին առաջնորդները պետք է ինչ-որ բան ասեն, բայց ամեն ինչ արդեն ասված է։ Այդ ընթացքում շարժման առաջնորդները սկսում են իմպրովիզներ անել, որոնք շատ վատ են ստացվում։ Նրանք սկսում է “так себе” և “անհամ” բաներ ասել։ Շարժման ակտիվիստները, լսելով դրանք, սկսում են ավելի ու ավելի հիասթափվել շարժումից, և, ի վերջո, շարժումը սկսում է մարել: Իշխանական քարոզչությունը նույնպես ակտիվորեն օգտագործում է այդ իրավիճակը և նպաստում շարժման մարմանը։ Կարծում եմ, որ ներկայիս շարժման ավելորդ պաթոսը նույնպես ինչ-որ չափով կապված է այս խնդրի հետ։

  2. ‘ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն, ընդհանուր առմամբ, գոհ է Փաշինյանի 6 տարվա ղեկավարումից:’
    Որտեղի՞ց է այս տվյալը:
    Արիստոտելի երեք պահանջներից իշխանավորները օգտագործում են անորակ էթոս (‘ներեք արած ու անելիք սխալների համար’, ‘ի վերջո մենք ենք ընտրում մեր հարևանությունը’,…) և ստերով համեմված լոգոս: Վերջերս պաթոսը նվազել է` ալիևները, պուտինները, … խնդում են` սա է պատճառը:
    Ըստ Ձեզ, հայ ժողովրդի մեծամասնությունը ‘դաբրո’ է տալիս անորակ էթոսի, ստահակ լոգոսի ու լղոզված պաթոսի իշխանիկներին: Սա փաստ է: Չեմ կարող չհիսատակել ամենաթարմ իդիոտիզմը. ‘Ապագա կա-ն դիտարկենք որպես թեորեմ ու ապացուցենք:’
    Եթե իսկապես մեծամասնությունը հավանում է այս կառավարումը, լոգոսի դարբնոցները ու էթոսի ճեմարանները կմնան հոդվածներ գրելու նյութ ընդամենը: Ու սերունդները կմեկնեն այլ կառավարման պետություններ էթոսի ու լոգոսի կանոնները ուսանելու համար:

  3. նիկոլից գոհ բնակչությունը պահանջարկ չունի ոչ լոգոսի, ոչ էթոսի:
    Հա, բերեմ մի չպահանջված ‘լոգոս’-ի օրինակ.
    ‘Հողաշինարար-ինժեներ Զավեն Գրիգորյանը պնդում է՝ Հայաստանը պետք է առաջնորդվի Սովետական Ադրբեջանի և Սովետական Հայաստանի՝ 1984-1987 թվականների սահմանների ճշգրտման աշխատանքներից հետո հաստատված քարտեզներով։
    Մասնագետը, որը ժամանակին մասնակցել է այդ աշխատանքներին, նաև հիշեցնում է՝ այս օրերին անկլավների մասին հիշատակումն անօրինական ու անհիմն է։
    Զավեն Գրիգորյանը, մինչև իշխանությունների վերջին պայմանավորվածությունները, փորձ է արել այս ամենի մասին տեղեկացնել պատկան մարմիններին, փաստեր ներկայացնել, սակայն նրան հարկ չեն էլ համարել լսել, չեն լսել նաև նրա գործընկերներին։
    Այսօր արդեն առողջական բազմաթիվ խնդիրներով՝ նույնիսկ անկողնային վիճակում, Զավեն Գրիգորյանն իր պարտքն է համարում ահազանգ հնչեցնել, բարձրաձայնել այն, ինչի մասին լռում են գործող իշխանությունները՝ իրենց գործողություններով վտանգելով մեր պետությունը։’
    Իսկ Դուք ասում եք Արիստոտել, բան, ման, …աշխարհ…

  4. Սարգիս Զեյթունյան says:

    “ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն, ընդհանուր առմամբ, գոհ է Փաշինյանի 6 տարվա ղեկավարումից:”
    Նախկինում մեկ անգամ Ձեզ խնդրել եմ ճշտել, թե որտեղի՞ց է այս վիճակագրությունը։ Չեք պատասխանել, որովհետև չկա այդպիսի վիճակագրություն։ Փոխարենը կան Gallup-ի հարցման արդյունքներ հենց Ձեր թերթում, ըստ որի հարցվածների միայն 15 տոկոսն է նրա աշխատանքը լիովին դրական գնահատում և 14 տոկոսը՝ ավելի շուտ դրական։ Եթե Ձեր նախադասության մեջ ՀՀ-ն փոխարինենք Ադրբեջանի Հանրապետությունով, ապա դրա ճշմարտացիությունն ապացուցելու կարիք չի լինի։ Ինչու՞ եք, ուրեմն, խեղաթյուրում ՀՀ բազմաթիվ քաղաքացիների դիրքորոշումը։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      1/ Ըստ Գելապի հարցման, ՔՊ-ի վարկանիշը 3-4 անհամ ավելի է, քան երիկրորդ տեղում գտնվող քոչարյանենց վարկանիշի: 2/ Եթե դրժգոհ լիներ, վաղուց արդեն կհեռացներ Փաշինյանին իշխանությունից:

      • Սարգիս Զեյթունյան says:

        1/ Ըստ Gallup-ի նույն հարցման, 38%-ը նրան ընդհանրապես չի վստահում, իսկ 28%-ը՝ ավելի շուտ չի վստահում։ Ստացվում է՝ 66 %-ը 29-ի դեմ։ Վստահել-չվստահելու մասին ավելի լավ է դատել բացարձակ ցուցանիշներով, այլ ոչ թե հարաբերական։
        2/ 96-ից այս կողմ ոչ մի անգամ դժգոհ մեծամասնությունը չի կարողացել հեռացնել գործող իշխանությանը։ Բացառությունը 2018-ն էր։ Այն ժամանակ, այո, մեծամասնությունը Փաշինյանին էր ուզում։ Բայց դա էլ չէր լինի, եթե չլիներ Սերժ Սարգսյանի “բարի կամքը” (ինձ համար՝ հավասարապես դավաճանական)։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30