Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր թեեւ մրցանակային տեղ չզբաղեցրեց, սակայն, անկասկած, բավարարեց մարզիչների պահանջները եւ մարզասերների ակնկալիքները:
Ի սկզբանե, Նարեկի հայտը մեդալների համար պայքար չէր ենթադրում, սակայն նա անչափ հաջող կատարեց բոլոր մոտեցումները: Պոկում վարժությունում մեր ծանրորդը հաջորդաբար բարձրացրեց 140, 146 եւ 149 կիլոգրամները, ինչը 9-րդ արդյունքն էր այս մրցաձեւում:
Հրումը երիտասարդ մարզիկը սկսեց 184 կգ-ով, հետո ֆիքսեց նաեւ 188 կգ ծանրաձողը: Երրորդ մոտեցման ժամանակ Նարեկ Մկրտչյանը գլխավերեւում պահեց նաեւ 191 կգ-ն, ինչը նրան բերում էր փոքր արծաթ: Սակայն մրցավարները վարժության կատարման մեջ ինչ-որ խոտան տեսան եւ արդյունքը չեղյալ համարեցին: Նարեկը բավարարվեց 188 կգ-ով ինչը ընդամենը 4-րդ արդյունքն էր հրումում, եւ երկամարտի 337 կգ-ով պայքարն ավարտեց 5-րդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ