Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդհատ վախի մեջ իրենց թվում է՝ ինչ-որ խմբեր են ձեւավորվում, որ ներթափանցեն կառավարության շենք, ֆիզիկապես ոչնչացնեն Նիկոլ Փաշինյանին, բռնազավթեն իշխանությունը

Սեպտեմբեր 23,2024 22:33

Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի գործով դատական նիստին այսօր հարցաքննվել են մեղադրյալները:

«Ինձ որեւէ հարց չեն տվել, ես այսօր որպես հանդիսատես էի: Մեղադրյալները ինձ ճանաչել են միայն դատական գործընթացի ժամանակ, մինչ այդ նրանք ինձ չեն ճանաչել, ես էլ իրենց չեմ ճանաչել: Այսինքն՝ արհեստածին քրեական գործ է նախաձեռնվել իշխանության հրահանգով: Որեւէ հարձակում Նիկոլ Փաշինյանի վրա կառավարության շենքում չի եղել, չի պլանավորվել:

Դա հորինվածք է ԱԱԾ-ի ՀԿԳ քննիչ Սպարտակ Պողոսյանի կողմից: Նա հորինել է այս մեղադրանքը, մեկ հոգու Արմեն Հարությունյան կոչվածին հավաքագրել են, ուղղորդել են, որ իմ դեմ ցուցմունք  տա: Իբր ես եմ եղել այդ հանցավոր խմբի ղեկավարը, ովքեր փորձել են 2023 թվականի սեպտեմբերի 22-ին ներթափանցել կառավարության շենք, ֆիզիկապես ոչնչացնել վարչապետին ու բռնազավթել իշխանությունը: Ընդ որում՝ մոտիվացիան հետեւյալն է՝  Նիկոլ Փաշինյանի գաղափարական թշնամանք ունենալը: Ես բազմիցս փորձել եմ դատերի ընթացքում պարզաբանել, որ գաղափարական թշնամանք հասկացողություն չկա, Նիկոլ Փաշինյանի հետ ես ունեմ գաղափարական տարաձայնություններ»,- ասաց Բազեյանը:

Անդրադառնալով ՀՀ-ում իշխանության յուրացման նախապատրաստման գործով Սերոբ Գասպարյանի ու մի շարք այլ անձանց կալանավորմանը՝ պարոն Բազեյանն ասաց. «Մեր իշխանությունները տառապում են հոգեկան հիվանդությամբ: Անընդհատ վախի մեջ իրենց թվում է, որ ինչ-որ խմբեր են ձեւավորվում, որ ներթափանցեն կառավարության շենք, ֆիզիկապես ոչնչացնեն Նիկոլ Փաշինյանին, բռնազավթեն իշխանությունը: Ես չեմ հավատում իրենց հաղորդագրությանը, արհեստական քրեական գործ են հարուցել այդ մարդկանց վրա: Ես համոզված եմ, որ նման որեւէ մտադրություն այդ մարդիկ չեն ունեցել, մենք էլ նման մտադրություն չենք ունեցել: Բազմիցս հայտարարել եմ, որ եթե ֆիզիկապես Նիկոլ Փաշինյանին ոչնչացնեինք, ՔՊ-ն ունի բացարձակ մեծամասնություն Ազգային ժողովում, իր կազմից որեւէ մեկին կընտրեր վարչապետ ու կպահեր իշխանությունը: Դրա համար այս իշխանությանը իշխանազրկելու համար հարկավոր է համախմբել ընդդիմադիր առողջ, ազգային, քաղաքական ուժերին, ՀԿ-ներին… ամբողջ Հայաստանով մեկ ոտքի հանել մեր ժողովրդին անհնազանդության այսօրվա իշխանություններին»:

Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ-ի, «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական ՀԿ անդամները, ինչպես նաև Ալբերտ Բազեյանը և այլ անձինք, «ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ՝ պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30