Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է ՄԱԿ ԳԱ-ի գլխավոր դեբատը

Սեպտեմբեր 23,2024 21:12

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կմեկնարկի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի գլխավոր դեբատը, որի ընթացքում յուրաքանչյուր պետության ներկայացուցիչ՝ նախագահ, վարչապետ, նախարար, ելույթ կունենա գլոբալ մարտահրավերների, խաղաղության, անվտանգության, կայուն զարգացման և այլ թեմաների վերաբերյալ։

Ինչպես տեղեկանում ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մովսես Աբելյանի ստորագրած փաստաթղթից ՝ ՀՀ-ն ներկայանալու է վարչապետի մակարդակով։ Ըստ փաստաթղթի՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը տեղի է ունենալու սեպտեմբերի 26-ին կայանալիք երկրորդ նիստին՝ հերթականությամբ 11-րդը (ՀՀ ժամանակով սեպտեմբերի 26-ի գիշերը ժամը 23:00-ից 05:00-ը ընկած ժամանակահատվածում):

Ավանդույթի համաձայն՝ զեկույցով հանդես եկող առաջին պետությունը Բրազիլիան է։ Որպես ՄԱԿ-ը հյուրընկալող պետություն՝ երկրորդը ԱՄՆ-ն է։ Երկու երկրներն էլ ներկայանում են նախագահի մակարդակով։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի զեկույցը երրորդն է։ Նույն օրվա երկրորդ կեսին տեղի կունենան Իրանի՝ պաշտոնը վերջերս ստանձնած նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթները։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ելույթը սպասվում է սեպտեմբերի 25-ին:

Հաջորդ օրը նախատեսված է ՄԱԿ դիտորդ անդամ Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբբասի զեկույցը։ Օրվա երկրորդ կեսին՝ Հայաստանի զեկույցից առաջ ելույթով հանդես կգա Եվրոպական Միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ ԵՄ-ն միջազգային միակ կազմակերպությունն է, որը ելույթի իրավունք ունի Գլխավոր ասամբլեայի գլխավոր դեբատում։

Փաշինյանից անմիջապես առաջ սպասվում է Նիդեռլանդների վարչապետ Դիք Շուֆի զեկույցը, անմիջապես հետո՝ Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանիինը։ Հայաստանի վարչապետի հետ նույն նիստին ելույթ ունեցող պետություններից են նաև՝ Ճապոնիան, Իսրայելը, Լիբանանը, Պակիստանը, բոլորը կառավարության ղեկավարի մակարդակով։

Արդեն սեպտեմբերի 27-ին հերթը կհասնի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին, ինչպես նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին։

Դիտորդ անդամ Սուրբ Աթոռի պետքարտուղարի, Ղազախստանի ու Չինաստանի փոխվարչապետների և Ռուսաստանի, Գերմանիայի, Բելառուսի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների զեկույցները նախատեսված են սեպտեմբերի 28-ին։

 

ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի նախագահը Ֆիլեմոն Յանգն է՝ Կամերունից։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30