Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքագետ. «Ադրբեջանն ու Թուրքիան լավ հասկանում են, որ եթե Հայաստանը չունենա սեփական պոտենցիալ ատոմային էներգիայի առումով, ինքնըստինքյան դառնում է ոչ մեկին պիտանի երկիր»

Սեպտեմբեր 23,2024 18:50

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր պատկերը եւ դրանից առաջ Նիկոլի հայտարարությունները, քաղաքական որոշումները, դրանց ազդեցությունը Հայաստանի հասարակության վրա եղել են կոլապսային, եւ Հայաստանի շահը որպես այդպիսին ոտնակոխվել է ու վաճառքի է հանվել»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց թուրքագետ Գառնիկ Դավթյանը:

«Ատոմակայանը լուրջ մարտահրավեր է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, որոնք տարիներ շարունակ, անկախացումից ի վեր, երբ արդեն առկա էր ատոմակայանը Հայաստանին պատկանելու գործընթացը, այն փակելու փորձ են արել, որովհետեւ լավ հասկանում են, որ եթե Հայաստանը չունենա սեփական պոտենցիալ ատոմային էներգիայի առումով, ինքնըստինքյան դառնում է ոչ մեկին պիտանի երկիր:

Այստեղ պետք է մի շատ կարեւոր հանգամանքի հետ հաշվի նստել: Ատոմակայանը որպես այդպիսին չի պատկանում ամերիկյան որեւէ ընկերության, որը հոգ է տանում դրա անվտանգ շահագործման: Ատոմակայանը ռուսական ընկերությունների վերահսկողության ներքո է եւ իրենք են իրականացնում Հայաստանի ատոմակայանի շահագործումը, զարգացումը:

Բնականաբար, արեւմտյան թեւերի հայտարարությունները շատ մտահոգիչ են, եւ ես որպես ՀՀ քաղաքացի իմ խորը անհամաձայնությունն ունեմ Ամերիկայի եւ առհասարակ արեւմտյան  ուժերի հայտարարությունների հետ: Ես կարծում եմ, որ որեւէ մեկը իրավասություն չունի որոշելու իմ, իմ ընտանիքի եւ իմ ապագա սերունդների մութ ու ցուրտ ապագան, թե ես ինչպես պետք է ապրեմ՝ ցուրտ ապրեմ, առանց գազ ապրեմ, առանց ատոմային էներգիայի, այսինքն, հոսանքի եւ մնացած ռեսուրսների ապրեմ: Սա առնվազն քարե դարի մտածելակերպ է: Չի կարելի զարգացող աշխարհում նման պնդումներ անել, որ Հայաստանի սպասում են ցուրտ ձմեռներ եւ այլն: Սա, մեղմ ասած, ոչ հարգալից վերաբերմունք է հայ ժողովրդի նկատմամբ:

Ինչ վերաբերում է առհասարակ ատոմային էներգիային, այն փակելու Ադրբեջանի եւ Թուրքիայի տարիներ շարունակվող լոբբինգին, քաղաքականությանը, որ տարբեր աստիճաններով, տարբեր ինստանցիաներով փորձել են զսպել Հայաստանի ատոմային էներգիան, ասեմ, որ մինչեւ 2018 թվականը տարբեր համաժողովներին, անգամ պաշտոնական հանդիպումների ժամանակ Ադրբեջանի իշխանությունները շատ են խոսել, թե դա վտանգ է տարածաշրջանին, պետք է փակվի: Բայց պետք է հասկանալ, որ սա առնվազն Հայաստանից ռուսներին դուրս հանելու եւ Հայաստանը էներգետիկ ռեսուրսներ չունեցող պետության վերածելու մեծ, գլոբալ պրոյեկտ է:

Բոլորս լավ հասկանում ենք, որ ատոմակայանի վերացումը Հայաստանից, որքան էլ մարդկանց ականջը շոյող սիրուն անուններ հորինեն ու դնեն՝ կանաչ էներգիա եւ այլն, նշանակում է, որ բառիս բուն իմաստով ապրելու ենք 90-ականների մութ ու ցուրտ տարիների պես:

Սա ըստ էության Հայաստանի անվտանգության պրոբլեմ է եւ ոչ մի պետություն, դա կլինի Ռուսաստանը, Ամերիկյան, եվրոպական որեւէ պետություն, իրավասություն չունի իմ փոխարեն որոշել, որ ես պետք է ապրեմ ցուրտ ձմեռվա պայմաններում եւ պետք է համակերպվեմ սպասվող աղետին: Բայց չեմ զարմանա, որ այս իշխանությունը, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական բոլոր շահերը, ինչ-որ ժամանակ հետո խոսի ատոմակայանի փակման մասին»,-ասաց Գառնիկ Դավթյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30