Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը կարևորել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության հետ գործակցությունը քրեական արդարադատության ոլորտում կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում։
Կողմերը երկուստեք ողջունել են 2024թ. սեպտեմբերի 13-ին Եվրաջասթի հետ քրեական վարույթներով իրավական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումը և կարևորել սեպտեմբերի 23-ին համաձայնագրի կատարումն ապահովող «Աշխատանքային պայմանավորվածության» նախագծի ստորագրումը։
Նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Եվրոպական Միության իրավապահ և արդարադատության ոլորտի մարմինների միջև ստեղծվել է գործակցության ամուր փաստաթղթային հիմք: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գործակցության խորացմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Կարդացեք նաև
ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանը շնորհավորել է Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի առիթով և կարևորել Եվրաջասթի ու Հայաստանի գործակցության հաստատումը:
Լադիսլավ Համրանն ընդգծել է նաև Հայաստանի կողմից Եվրաջասթում համագործակցության հարցերով դատախազի նշանակման կարևորությունն ու ներկայացրել գործակցության ուղիներն ու հնարավորությունները:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքներն արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում:
Եվրաջասթի և Հայաստանի միջև ստորագրվեց միջազգային գործակցության աշխատակարգը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանը Երևանում ստորագրեցին Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև միջազգային գործակցության աշխատակարգը:
Ստորագրված փաստաթուղթը «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող աշխատանքային պայմանավորվածությունն է:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծեց, որ այս կարևորագույն փաստաթուղթն արդարադատության և օրենքի գերակայության ոլորտներում, ինչպես նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության ամրապնդման կարևոր ուղենիշ է:
Նախարարի խոսքով՝ համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա Հայաստանի և Եվրոպական միության իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման ճանապարհին, որի նպատակն է նպաստել փոխադարձ իրավական օգնությանը և համատեղ հետաքննության ռազմավարությունների մշակմանը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ համագործակցության հարցերով դատախազի միջոցով Հայաստանի Դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և անդամ չհանդիսացող երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հետևաբար նաև հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն:
Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության նախագահ Լադիսլավ Համրանը նշեց, որ համաձայնագրի ստորագրմամբ և Համագործակցության հարցերով դատախազի նշանակմամբ՝ Հայաստանը հասանելիություն կունենա Եվրաջասթի գերժամանակակից գործերի վարման համակարգին, քննչական համատեղ թիմերին, ապացույցների փոխանակման հարթակին, գիտելիքի կառավարման համատեղ հարթակին, որոնք ամբողջովին նոր հնարավորություններ են հանցավորության դեմ պայքարում:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը (նախկին ՀՀ արդարադատության նախարար), ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը և այլք:
«ՀՀ և ԵՄ միջև քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրաջասթի միջև համագործակցության մասին» համաձայնագիրն ստորագրվել է 2024թ. ապրիլի 5-ին՝ Բրյուսելում։ ՀՀ ԱԺ կողմից համաձայնագիրը վավերացվել է 2024թ. սեպտեմբերի 13-ին և ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից:
ՀՀ արդարադատության նախարարություն