«Առաջին հայացքից տպավորություն է, որ խնդրահարույց է՝ եթե կարելի էր չորս նիստով ավարտել դատական գործի լուծումը, հետևաբար ինչո՞ւ է այն երկարաձգվել, հարց է առաջանում՝ արդյոք արդարադատությունը միայն դատական նիստերի ընթացքո՞ւմ է իրականացվում։ Դատական քննությունը միայն դատական նիստեր նշանակելը և վերջում դատական ակտ հրապարակելն ու կայացնելը չէ»,- դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նիստի ժամանակ հայտարարեց Վահե Միսակյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին հրավիրված ԲԴԽ նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գևորգյանը, հիմնավորելով ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի միջնորդությունը՝ դատավորին ենթարկել կարգապահական պատասխանատվության, նշել էր․ «Դատավորի կողմից թույլ են տրվել վարքագծի խախտումներ։ Թիվ ԵԴ03360121 քրեական գործը (Վազգեն Մանուկյանի գործը, որով նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելը։ Իսկ մեղադրանքի հիմքում 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ Մանուկյանի քաղաքական ելույթներն էին։ Նա հայտարարել էր իշխանություններին հեռացնելու տարբերակների մասին՝ այդ թվում՝ նշելով. «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը».-խմբ.) դատավորը քննել է ավելի քան երեք տարի, և գործով նշանակված 18 դատական նիստերից 14-ը հետաձգվել է։ Անհրաժեշտ ջանասիրություն չցուցաբերելով գործը ողջամիտ ժամկետներում քննելու ուղղությամբ նիստերի կայացման համար՝ մեր դիտարկմամբ՝ կանխամտածված խոչընդոտող գործողություններ է ստեղծել»։
Այն առնչությամբ, որ իրեն վերագրվում է դիտավորությամբ դատական նիստերը հետաձգելն՝ դատավորն ասաց․ «Ինձ վերագրվում է դիտավորություն դատական նիստերը հետաձգելու մեջ։ Ո՞րն էր դիտավորությունը։ Վեց դատական նիստերը հետաձգելուն նպաստելու, խոչընդոտելու հանգամանքներ ստեղծելու համար չտեսա շարժառիթի մասին որևէ հիմնավորում։ Եթե խոսվում է դիտավորության մասին, այն պետք է ունենա շարժառիթ»։
Վահե Միսակյանն ասաց, որ իր ծանրաբեռնվածությունը հիմնականում 160-200 գործի սահմաններում է եղել․ «2021-ից սկսած իմ դատական օրական նիստերը 6-8 դատական նիստերի շրջանակում են տատանվել, ու այս ծանրաբեռնվածության պայմաններում ողջամտորեն դատական նիստերը հետաձգվել են 2-3 ամիս ժամանակահատվածով, բացառություն չի եղել նաև սույն քրեական գործը։ Եթե մենք ուսումնասիրում ենք սույն քրեական գործերով դատական նիստերի հետաձգման պարբերականությունը, թե մյուսները ինչ պարբերականությամբ են հետաձգվել, դրանք գրեթե նույն պարբերականությամբ են հետաձգվել։ Այս գործով մեղադրյալն արգելանքի տակ չի գտնվել, իսկ այդ ընթացքում ես ունեցել եմ քրեական գործեր, որոնցով մեղադրյալները գտնվել են արգելանքի տակ, որոնցով բնականաբար, իրենց սահմանադրական իրավունքների առավել մեծ սահմանափակված լինելու պարագայում նրանց ավելի մեծ առաջնահերթություն է տրվել»։
Կարդացեք նաև
Վահե Միսակյանի ելույթի այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ