Շրի Լանկայի նորընտիր նախագահ Անուրա Կումարա Դիսանայկեն երդմամբ ստանձնել է պետության գլխի պաշտոնը, տեղեկացնում է BBC-ն։
Նոր առաջնորդը խոստացել է մաքուր քաղաքականությամբ գործել։ Ձախ հայացքներ կրող Դիսանայկեն հայտարարել է․ «Մենք պետք է նոր, մաքուր քաղաքական մշակույթ հաստատենք․․․մենք կանենք առավելագույնը քաղաքական համակարգի նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնելու համար»։
Նրա խոսքով՝ նա հասարակ քաղաքացի է։ «Ես հրաշագործ չեմ։ Կան բաներ՝ գիտեմ, կան բաներ՝ չգիտեմ։ Իմ նպատակն է՝ իմ շուրջը հավաքել նրանց, որոնք ունեն անհրաժեշտ գիտելիքներն ու հմտություններն այս երկիրը վեր հանելու համար»։ Նախագահը խոսել է նաև ժողովրդավարության ամրապնդման հրամայականի մասին։
Շրի Լանկայի նախագահական ընտրությունը շաբաթ օրն էր կայացել։
Կարդացեք նաև
Վարչապետ Դինեշ Գունավառդենան հայտարարել է հրաժարականի մասին, ինչի արդյունքում խորհրդարանը կարձակվի։
Դեռ քարոզարշավի ժամանակ Անուրա Կումարա Դիսանայկեն խոսել էր նոր խորհրդարան ձևավորելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ «իմաստ չկա շարունակել մի խորհրդարանի հետ, որը չի համապատասխանում ժողովրդի ցանկությանը»։
2022-ին բողոքի լայնածավալ ցույցերի հետեւանքով նախագահի պաշտոնը 2.5 տարի զբաղեցրած Գոտաբայա Ռաջապակսան հեռացվեց իշխանությունից։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ