Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի և Միլանի օպերային թատրոնների այս համագործակցությունը հայ-իտալական հարաբերությունների մի նոր ու վաղուց ցանկալի աստիճան է

Սեպտեմբեր 23,2024 14:50

Այսօր Երևանի Օպերային թատրոնում Միլանի 246 ամյա Լա Սկալա օպերային թատրոնի և 92-ամյա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի միջև ստորագրվեց երկարաժամկետ համագործակցության պայմանագիր:

Հուշագիրը ստորագրեցին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը և Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի գործադիր տնօրեն Լուիզա Վինչին: Արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և իտալացի պրոդյուսեր՝ Էտտորե Վոլոնտիերին:

General Director of the Armenian National Opera and Ballet Theatre Karen Durgaryan and General Director of Teatro alla Scala Academy Luisa Vinci signed a memorandum of cooperation at the National Academic Theater of Opera and Ballet named after Al. Spendiaryan

 

Սա բացառիկ և աննախադեպ մասշտաբի ծրագիր է, որը միտված է երկու թատրոնների աշխատակիցների մասնագիտական որակների կատարելագործմանը ֆոտո և վիդեո նկարահանման, նոր մեդիայի, բեմական մենեջմենթի և բեմական լուսավորման ոլորտներում:

Օպերային արվեստի մասնագետները հրաշալի են հասկանում հուշագրի բացառիկ նշանակությունը և երանության մեջ են` Լա Սկալա թատրոնի հետ համագործակցության անհնար թվացող հնարավորության փաստից: Լայն ընթերցողի համար մանրամասնենք, որ աշխարհում եզակի են այն թատրոնները, որոնք համաշխարհային ամենաբարձրակարգ բեմ լինելուց բացի՝ ունեն նաև մասնագիտացված կրթական ակադեմիա, ընդ որում ոչ միայն բեմական արվեստի արտիստական-բեմադրական բարդագույն ու բարձրագույն կատարողական արվեստում, այլև, որ շատ ավելի քիչ կա աշխարհում, բեմական արհեստների (ձայն, լույս, բեմի տեխնիկա, էկրանային համակարգ և այլն..) ոլորտում, որը նույնքան բարդագույն աշխատանք է, որքան արտիստական աշխատանքը և առանց որի ոչ մի բարձրակարգ բեմ գոյություն ունենալ չի կարող:

Հայտնենք, որ Հայաստանում բեմական արհեստների ոչ մի մասնագիտական դպրոց կամ աշխատանոց գոյություն չունի և եղած մասնագետները բացառիկ մարդիկ են՝ որպես կանոն անփոխարինելի համարվող, քանի որ գործնականում մասնագիտացել են նվիրումի, տքնանքի և անձնական փորձի բերումով, առանց որևէ մասնագիտացված դպրոց անցնելու: Իհարկե, ժամանակի ընթացքում պատեհ առիթներ լինում են այս կամ այնտեղ մեկ-երկու ամսով վերապատրաստվելու, բայց մասնագիտացված ակադեմիական կրթության մասին տասնամյակներ շարունակ միայն երազել են և ոչ մի ուսումնական կարգ մեր երկրում այդպես էլ չի ստեղծվել:

Մասնագիտական մտքով այս քայլը նշանակում է կատարողական արվեստի և արհեստի առումով համաքայլ լինել օպերային արվեստի և ընդհանրապես բեմարվեստի համաշխարհային բարձրագույն աստիճանին, որով Երևանի օպերային թատրոնը կդառնա լավագույն բեմերից մեկը աշխարհում:

General Director of the Armenian National Opera and Ballet Theatre Karen Durgaryan and General Director of Teatro alla Scala Academy Luisa Vinci signed a memorandum of cooperation at the National Academic Theater of Opera and Ballet named after Al. Spendiaryan

Երևանի օպերային թատրոնի և Լա Սկալայի միջև համագործակցության բազում դրսեւորումներ տասնամյակներ շարունակ, մինչ այժմ էլ եղել են, բայց դրանք կրել են անձնական նախաձեռնությունների, միայն տաղանդաշատ մենակատար երգիչների մասնակցության չափով, որը չափազանց հեռու է մասնագիտական համագործակցության բարձր պրոֆեսիոնալ և համակարգված երազանքի հասնող աստիճանից:

Արժանին պետք է մատուցել Երևանի օպերային թատրոնի ներկայիս աշխատակազմին և ղեկավարությանը, որ իրենց գործունեությամբ արժանացան Լա Սկալայի համագործակիցը լինելու աստիճանին, քանի որ աշխարհի շատ երկրների բազմաթիվ թատրոնների համար դա կմնա անհասանելի երազ:

General Director of the Armenian National Opera and Ballet Theatre Karen Durgaryan and General Director of Teatro alla Scala Academy Luisa Vinci signed a memorandum of cooperation at the National Academic Theater of Opera and Ballet named after Al. Spendiaryan

Համագործակցությունը, ինչպես շեշտվում է հուշագրում, վերաբերում է մարդկային-մասնագիտական գործոնին, որը արագագործ, համընդհանուր և թռիչքաձև զարգացում կապահովի թատրոնի համար, բայց բարեբախտաբար կա մի հիմքային հանգամանք, որ Երևանի օպերային թատրոնը մինչ այժմ էլ համաքայլ էր աշխարհի բարձրագույն ձեռքբերումներին, սակայն տարբեր բնույթի հանգամանքների բերումով՝ աշխատակազմը չէր հասնում աշխարհի բեմերի հետ համագործակցելու աստիճանին: Խոսքը թատրոնի շենքի հանճարեղ ճարտարապետության մասին է: Հայտնի է, որ Ալեքսանդր Թամանյանը (հետմահու) 1937 թվականին Փարիզում տեղի ունեցած Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ արժանացել է Ոսկե մեդալի Երևանի օպերային թատրոնի շենքի նախագծի համար: Եվ ընդհանրապես, 1932-ի օգոստոսի 5-ին ավարտված շենքով և 1933-ի հունվարի 20-ին Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի ներկայացմամբ բացված Երևանի օպերային թատրոնը միանգամից դարձավ հայկական մշակույթի բարձրակետ և ժամանակի ընթացքում պահպանեց իր բարձր համարումը, մինչև հասավ Լա Սկալայի հետ համագործակցության բարձր աստիճանին:

Հանգամանքների զարմանալի ու անիմանալի մի զուգադիպությամբ Միլանում Լա Սկալա թատրոնի շենքը կառուցվել է Սանտա Լուչիա դելլա Սկալա եկեղեցու տեղում, իսկ եկեղեցին իր անունը ստացել է 1831 թվականին ոչ թե «աստիճան» բառից (իտալ.`skala), այլ նրա հովանավորուհու ազգանունից` Բեատրիչե Ռեջինա դելլա Սկալա (Bearice Regina della Scala), ով Վերոնայի տիրակալների ցեղի ներկայացուցիչ էր, որից էլ բխում է թատրոնի Լա Սկալա անվանումը (Teatro alla Scala):

Հայտնի է, որ Երևանի օպերային թատրոնը կառուցվել է Գեթսեմանի մատուռի տեղում, որն իր հերթին կառուցված էր 1679 թվականի երկրաշարժից ավերված ավելի հին եկեղեցու տեղում: Լա Սկալա թատրոնի շենքը կառուցվել է ճարտարապետ Ջուզեպպե Պյերմարինիի նախագծով 1776-1778 թվականներին: Թատրոնի բացումը մեկնարկել է Անտոնիո Սալիերիի «Հանրաճանաչ Եվրոպա» օպերայով 1778 թվականի օգոստոսի 3-ին:

General Director of the Armenian National Opera and Ballet Theatre Karen Durgaryan and General Director of Teatro alla Scala Academy Luisa Vinci signed a memorandum of cooperation at the National Academic Theater of Opera and Ballet named after Al. Spendiaryan

Հայ-իտալական պատմական և մշակութային առնչությունները հնագույն դարերից սկսած մինչև մեր օրերը հասնող չափազանց շատ են և մենք այդ թեմային չենք անդրադառնում խիստ տարողունակ լինելու բերումով: Միայն շեշտենք, որ Երևանի և Միլանի օպերային թատրոնների այս համագործակցությունը հայ-իտալական գրեթե 2,5 հազարամյակ շարունակվող հարաբերությունների մի նոր ու վաղուց ցանկալի աստիճան է: Մեծ հաջողություն մաղթենք գործընթացին, թեև տեսանելի է, որ հուշագիրն արդեն հաջողության երաշխիք է:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30