«Առավոտի» զրուցակիցն է արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
–Պարոն Մարտիրոսյան, Հայաստանի իշխանությունները շարունակում են ներկայացնել, թե իբր Արցախի Հանրապետությունը գոյություն չունի՝ հղում անելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրին։ Իրավական տեսանկյունից ինչպե՞ս կմեկնաբանեք այս հարցը՝ մեկ մարդու հրամանագրով հնարավո՞ր է պետություն լուծարել։
-Նախ, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ այնպիսի իրավական ընթացակարգ չկա, որ Արցախի Հանրապետության նախագահը կարող է իր ստորագրությամբ լուծարել Արցախի Հանրապետությունը։ Երկրորդ, պետք է հասկանալ, որ այդ ստորագրությունը դրվել է հարկադրաբար եւ նպատակ է ունեցել փրկել 120 հազար բնակչությանը։ Հակառակ դեպքում, բացառված չէր, որ արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունները կշարունակվեին։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանության կողմից այն շեշտադրմանը, որ Արցախը լուծարված է եւ գոյություն չունի, ես կարծում եմ, որ ՀՀ իշխանությունը բավարար գիտելիքներ ունի՝ հասկանալու համար, որ նման ստորագրություններն ինքնըստինքյան առոչինչ են եւ չեն կարող իրավական ուժ ունենալ։ Իսկ եթե որոշ պաշտոնատար անձինք այդ գիտելիքները չունեն, դա հասկանալի է։ Հետեւաբար, ոչ իրավաչափ պահանջներ եմ տեսնում Հայաստանի Հանրապետության իշխանության այն ներկայացուցիչների կողմից, որոնք հատուկ ընդգծված ձեւով այդպիսի հայտարարություններ են անում։
Կարդացեք նաև
-Եթե Հայաստանի իշխանություններն ասում են՝ Արցախ չկա, այդպիսով Արցախի հարը փակվո՞ւմ է, ո՞րն է նրանց նպատակը։
-Ես այստեղ երկու մտահոգություն ունեմ, առաջինն այն է, որ բոլոր դեպքերում պետք է քննարկման առարկա դառնա՝ արդյոք Արցախի վտարանդի կառավարության ճանաչումը ՀՀ տարածքում կվտանգի՞ ՀՀ անվտանգությունը։ Այս տեսանկյունից քննարկման անհրաժեշտություն եմ տեսնում։ Բայց մյուս կողմից, արցախցիների՝ միջազգային իրավունքի ուժով վերադարձի հարցը պետք է գործիքակազմ լինի խաղաղ բանակցությունների տիրույթում։ Եվ սա պետք է լուրջ լծակ հանդիսանա ՀՀ համար։ Տարօրինակ է, թե ինչո՞ւ ՀՀ-ն նման կեցվածք չունի, քաղաքական հարթակում չի բարձրաձայնում արցախցիների վերադարձի իրավունքը։ Հատկապես, որ այդ սկզբունքը պետության պարտականությունների մեջ է մտնում, եւ կոնվենցիայի տակ ստորագրել է ՀՀ-ն։ Իսկ դա նշանակում է, որ վերադարձի հետ կապված Հայաստանը պետք է ջանքերը գործադրի՝ անկախ նրանից, թե դա իր համար ցանկալի է կամ ցանկալի չէ։ Մեզ համար տարօրինակ է, թե ինչո՞ւ այսպիսի ակնհայտ առավելություններ ունենալու պայմաններում չի դրվում Արցախ վերադարձի խնդիրը։
-Կարծես բոլորը խոսում են արցախցիների իրավունքների ու վերադարձի մասին, բացի Հայաստանի իշխանություններից, այդ իրավիճա՞կն է։
-Ոչ միայն ՀՀ իշխանությունը չի խոսում, այլ նաեւ մի շարք քաղաքական ուժեր անտարբերության ակնհայտ դրսեւորումներ ունեն Արցախ վերադարձի հարցը բարձրացնելու հարցում։ Եվ կարծում եմ, որ պետության ներսում կա խորքային խնդիր, մեր ազգային նկարագիրն էականորեն շեղվել է, աղճատվել է։ Եվ այն հոգածությունը, որը պետք է ուղղված լինի մեր ժողովրդի ապագա ճակատագրի նկատմամբ, այլեւս այնպիսի արժեքավոր դրսեւորումներ չունի, ինչպիսին հարիր է մեր ժողովրդի պահանջմունքներին։
-Լրացավ Արցախի ամբողջական բռնազավթման ու հայաթափման մեկ տարին, բայց Հայաստանի իշխանությունները չանդրադարձան այդ օրվան։ Ինչպե՞ս եք գնահատում սա։
-Ես սաստիկ ցավ ապրեցի 2024 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ իշխանության կեցվածքից։ Եթե անգամ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Արցախի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, այնուամենայնիվ մեր զոհերը ենթակա են եղել հարգանքի ՀՀ կողմից։ Եվ գոնե ցավակցական ու սփոփանքի խոսքեր պետք է ուղղվեին արցախահայությանը կամ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, ինչը եւս չի կատարվել։ Սա մեծագույն վիրավորանք է ոչ միայն արցախցիների, այլ նաեւ այդ անցած ճանապարհի նկատմամբ, որն ունեցել է հայ ժողովուրդը։ Սա փաստացի արհամարհանք է մեր անցած ճանապարհի, այն մարդկանց նկատմամբ, որոնք ոգեւորությամբ գնացել են իրենց հայրենիքի ազատագրման ուղիով, իրենց կյանքը չեն խնայել հանուն մեր երկրի ու ապագայի։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Ռաֆայել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից
Այդ բոլորը ո՛չ թե ՀՀ կառավարությանն ասեք, այլ այն երկրի վարչակազմին, որին ի սկզբանե ուղղված էր Արցախի լուծարումը։ Չեք հասկանու՞մ, որ Հայաստանի իշխանությունները դրա հետ որևէ կապ չունեն։