Լրահոս
Օրվա լրահոսը

«Արագ և կոնկրետ քայլեր մեր ռազմավարական գործընկերների կողմից»․ ի՞նչ է ներառում Ուկրաինայի «խաղաղության ծրագիրը»

Սեպտեմբեր 23,2024 14:13

Ուկրաինայի նախագահը մեկնել է ԱՄՆ, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։

Նահանգներում Կիևի մշակած «խաղաղության ծրագիրը» Վոլոդիմիր Զելենսկին կներկայացնի ինչպես Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենին, այնպես էլ փոխնախագահ և 47-րդ նախագահի թեկնածու Քամալա Հարիսին և իր մրցակից, 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին։

 

«Խաղաղության ծրագիրը»՝ «հաղթանակի ծրագիր»

Կիևի կողմից առաջարկվող խաղաղության առաջարկը ուկրաինացի առաջնորդը կոչում է «հաղթանակի ծրագիր»։ 2.5 տարի շարունակվող պատերազմին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու առաջարկության բովանդակության մասին քիչ բան է հայտնի։

Այնուամենայնիվ, ըստ Զելենսկու՝ ծրագիրը ներառում է «արագ և կոնկրետ քայլեր մեր ռազմավարական գործընկերների կողմից»։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ծրագիրն ամբողջությամբ պատրաստ կլինի վաղ նոյեմբերին, իսկ նախագահ Բայդենը առաջին օտարերկրացի պաշտոնյան է, որը ծանոթանալու է դրան։

Փակագծեր բացելով՝ նախագահ Զելենսկին պարզաբանել է, որ «ռազմավարական գործընկերների կողմից արագ և կոնկրետ քայլերից» են՝ «Ուկրաինայի սպառազինության հզորացումը» և «Ուկրաինայի հստակ տեղորոշումը աշխարհի անվտանգային ճարտարապետությունում»։

 

Նյու Յորքից առաջ կանգառ Փենսիլվենիայում

Թեև ԱՄՆ Վոլոդիմիր Զելենսկու այցի առիթը Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի գլխավոր դեբատում ելույթ ունենալն է, նա ինքնաթիռից հայտարարել է, որ մեկնում է Փենսիլվենիա նահանգ՝ 155 միլիմետրանոց հրետանային արկեր արտադրող կայան։

 

Al Jazeera-ն գրում է, որ պատերազմի ֆոնին նշված արկերը կենսական նշանակություն ունեն ուկրաինական զորքերի համար։ Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինան ավելի քան 3 միլիոն արկ է ստացել Միացյալ Նահանգներից։

X-ի միկրոբլոգում գործարանի աշխատակիցների հետ լուսանկար հրապարակելով՝ նախագահը գրառում է կատարել․ «Հենց այսպիսի վայրերում ես զգում, որ ժողովրդավարական աշխարհն իսկապես կարող է հաղթանակել։ Շնորհակալություն նման մարդկանց (նկատի ունի գործարանի աշխատակիցները – Ա․Ա․) Ուկրաինայում, ԱՄՆ-ում և գործընկեր բոլոր երկրներում, որոնք անտրտունջ աշխատում են, որպեսզի ապահովեն պաշտպանված կյանքը։

 

 

Համատեքստ

Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ է մեկնել ռազմի դաշտում թեժ ամռանից հետո։ Ռուսաստանը հաջողություններ է գրանցել Ուկրաինայի արևելքում, մինչդեռ Ուկրաինան աննախադեպ հաջողությամբ տարածքներ վերցրեց ռուսական Կուրսկից։

ԱՄՆ այցը համընկել է նաև Նահանգների կողմից տրամադրվելիք 375 միլիոն դոլար արժողությամբ ռազմական աջակցության հետ։

Ուկրաինացիները ցանկանում են նաև արևմտյան մատակարարմամբ հեռահար հրթիռներ ձեռք բերել՝ Ռուսաստանի խորքին հարվածներ հասցնելու նպատակով։ Վաշինգտոնում սառն են վերաբերում այս հեռանկարին, քանի որ այն կարող է դիտվել որպես ԱՄՆ կամ ՆԱՏՕ անմիջական մասնակցություն Մոսկվայի դեմ գործողություններին։ Կուրսկ Ուկրաինայի մուտքն էլ, թեև չդատապարտվեց, այդպես էլ հրապարակային աջակցության չարժանացավ ԱՄՆ-ի կողմից։

 

 

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30