«Ես էդ հարցն ուղղել եմ Սահմանադրական դատարանի դատավորին. չեմ ասի, թե ում: Սահմանադրական դատարանի դատավորն ասաց՝ թող ուշադիր կարդան ՍԴ որոշումը եւ կտեսնեք՝ ոչ մի վաղեմության…, որովհետեւ ի հայտ է եկել նոր հանգամանք: Ինչպես գիտեք՝ ահաբեկչություն, բռնաբարություն… վաղեմության ժամկետներ չունեն»,- այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց 2008 թվականի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ սպասելիքներն ունի նա «Մարտի 1»-ի գործի՝ Հակակոռուպցիան դատարանում քննությունից: Նա ասաց, որ այս դատարանից արդարադատություն է ակնկալում: Լրագրողն էլ նկատեց՝ ինչ որոշում էլ կայացվի, վաղեմության ժամկետներն արդեն անցել են:
Հարցին՝ թե ի՞նչ նոր ի հայտ եկած հանգամանքի մասին է իրեն պատմել ՍԴ դատավորը, Սարգիս Քլոյանը հարցով պատասխանեց՝ վճռի մեջ չկա՞ այն ամենը, ինչը որ հիմա ես ասում եմ. «Դուք լսե՞լ եք Սեդա Սաֆարյանի մեկ ժամանոց հարցազրույցը, ասել է մանրամասն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր վերսկսվել է «Մարտի 1»-ի գործի դատավարությունը, որով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Հիշեցնենք, ՍԴ-ի որոշման հիման վրա, ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ