Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը դատարան չէր ներկայացել. պատշաճ ծանուցված չէր եւ Հայաստանում չէր գտնվում

Սեպտեմբեր 23,2024 13:24

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր վերսկսվել է «Մարտի 1»-ի գործի դատավարությունը, որով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Հիշեցնենք, ՍԴ-ի որոշման հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Այսօրվա նիստի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացրել: Yerevan.Today-ին երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը փոխանցել էր, որ նախագահը պատշաճ ծանուցում չի ստացել նիստի վերաբերյալ. «Այսօր տեղի ունեցող դատական նիստի վերաբերյալ նախագահ Քոչարյանը ծանուցում չի ստացել։ Ներկայում նախագահը մասնավոր այցով գտնվում է արտերկրում, ուր մեկնել է սեպտեմբերի 18-ին ՝ մինչև նիստի նշանակումը: Մոտ օրերս նախագահը վերադառնալու է և պատշաճ ծանուցման դեպքում կներկայանա դատարան»:

Հակակոռուպցիոն դատարանում գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին, Շիրակի մարզում դատախազ է եղել եւ վերջերս է նշանակվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր: Ի դեպ, 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, Սարգիս Պետրոսյանը եղել է «Իմ քայլը» կուսակցության նախընտրական ցուցակում: Այս առիթով Iravaban.net-ի հետ զրույցում Սարգիս Պետրոսյանը պարզաբանել էր. «2018 թվականի դեկտեմբերից ես որևէ կապ չեմ ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ուժի պաշտոնյաների հետ։ Ես որևէ անգամ քաղաքականացված չեմ եղել և քաղաքականությամբ չեմ զբաղվել։ Ընդամենը 2018-ին օրենսդիր մարմնում քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ եմ ներկայացրել»:

Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց, սակայն գործով ամբաստանյալ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ուներ. Արմեն Գևորգյանը պետք է մեկնի արտերկիր՝ գործուղման, սակայն խափանման միջոցով պայմանավորված, Արմեն Գեւորգյանը չի կարողանում սահմանը հատել՝ պարբերաբար: Արմեն Գևորգյանը պետք է առավոտյան մեկնի, իսկ Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ եւ չի կարող մինչ այդ ներկայանալ դատարան։ Լուսինե Սահակյանը նաեւ պնդեց՝ միջնորդության քննարկումը պահանջում է դռնփակ ռեժիմ: Դատավարության մասնակիցները դեմ չէին, որ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ միջնորդությունը քննվի՝ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ: Քանի որ վիճարկվում էր միջնորդության քննարկել-չքննարկելը՝ դատարանի իրավազորության հարցի համատեքստում, դատավորը հարց ուղղեց պաշտպանին՝ ոչ իրավազոր դատարանը կարո՞ղ է նման հարցեր քննել եւ որոշումներ կայացնել: Լուսինե Սահակյանը նկատեց՝ քանի որ դատարանի իրավազորության մասով որոշում չկա, դատարանը ստանձնել է իրավազորություն եւ մնում է իրավազոր եւ կարող է Արմեն Գեւորգյանի անձեռնմխելիության հետ կապված խնդիրը լուծել, բայց ավելի լուրջ հարցեր քննարկել չի կարող, քանի դեռ իրավազորության հարցը լուծված չէ: Դատարանը դռնփակ ռեժիմում քննեց միջնորդությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք, 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ իբրև սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

ՍԴ-ի կողմից՝ 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ․) 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ հանցադեպի բացակայության հիմքով, թեև դատախազները պահանջում էին վերաորակել արարքը։ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը: ՍԴ-ն որոշել է մասնակի բավարարել դիմումը՝ նշելով, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից: Վճռաբեկ դատարանը որոշել է բավարարել դատախազության բողոքը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30