Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնատար անձինք ավելի հանդուրժող են պարտավոր լինել ցանկացած խոսքի նկատմամբ, եթե նույնիսկ այդ խոսքը իր մեջ վիրավորական բաներ է պարունակում. Հայկ Ալումյան

Սեպտեմբեր 23,2024 13:09

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդեմ լրագրող Անժելա Թովմասյանի գործով դատական նիստին հայցվոր կողմն այսօր չէր ներկայացել:

Թովմասյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախորդ դատական նիստին հայցվոր կողմը միջնորդել էր հետաձգել նիստը, իրենք չէին առարկել:

Այս նիստին հայցվոր կողմը պարզապես չէր ներկայացել: Ըստ փաստաբանի՝ եթե հաջորդ նիստին էլ չներկայանան, ապա դատարանը պետք է առանց քննության թողնի Ալեն Սիմոնյանի հայցը:

Փաստաբանը հիշեցրեց, որ Ալեն Սիմոնյանը Անժելա Թովմասյանի դեմ հայց է ներկայացրել համացանցում իր հրապարակման տակ թողած «պոռնիկ» մեկնաբանության համար:

«Դատարան է դիմել, նախ համարել է, որ այդ բառն իրեն է վերաբերում: Մենք դա չենք վիճարկում, թող հիմնավորեն՝ ում է վերաբերում ու ինչու են այդպես համարում եւ պահանջել է 3 միլիոն դրամ որպես վիրավորանքի համար ոչ նյութական վնասի փոխհատուցում»,- ասաց Ալումյանը:

Լրագրողները Հայկ Ալումյանից հետաքրքրվեցին, առավոտից իրիկուն համացանցում վիրավորական արտահայտություններ են հնչում նրա հասցեին, ինչու հենց Անժելա Թովմասյանի այդ բառից է վիրավորվել ու մտել դատարան:

«Ենթադրություններից մեկը կարող է լինել այն, որ ուզում է մեկին պատժել եւ հենց այդ մեկը Անժելա Թովմասյանին է որպես թիրախ օգտագործում: Առանց հաշվի առնելու՝ լրագրողների խոսքն ավելի պաշտպանված է, քան ուրիշինը: Եթե ցանկացած ուրիշի դեպքում որոշակի արտահայտություն կարող է ճանաչվել վիրավորական ու որոշակի պարտավորություններ դրվեն, ապա պարտադիր չէ, որ լրագրողի դեպքում նույն հետեւանքներն առաջացնի: Բացի այն, որ Անժելա Թովմասյանն ավելի պաշտպանված է որպես լրագրող ազատ խոսք արտահայտելու առումով, պաշտոնատար անձինք էլ ավելի հանդուրժող են պարտավոր լինել ցանկացած խոսքի նկատմամբ, եթե նույնիսկ այդ խոսքը իր մեջ վիրավորական բաներ է պարունակում: Դրանք ՄԻԵԴ-ի հայտնի դիրքորոշումներն են: Բազմաթիվ արտահայտություններ են եղել, որ ՄԻԵԴ-ը համարել է ընդունելի՝ հաշվի առնելով, որ այդ խոսքի հասցեատերը պաշտոնատար անձ է: Ինչքան բարձր է պաշտոնը, այնքան ինքը պետք է հանդուրժող լինի սուր խոսքի նկատմամբ:

Ալեն Սիմոնյանը պետք է հաշվի առնի, որ ըստ Սահմանադրության, ինքը պաշտոնյաների հիերարխիայի մեջ երկրորդն է եւ շատ ավելի հանդուրժող պետք է լինի ցանկացած խոսքի նկատմամբ, քան շատ այլ պաշտոնատար անձինք»,- պատասխանեց Հայկ Ալումյանը:

Նա նաեւ նկատեց, որ եթե վիրավորանքի փոխհատուցման համար ամեն լրատվական միջոցի վրա 3 միլիոն դրամի պարտավորություն դնեն գոնե մեկ անգամ, ուրեմն երկու, երեք տարի չի անցնի, մենք լրատվամիջոց չենք ունենա Հայաստանում, կամ կունենանք միայն այն լրատվամիջոցները, որոնք գովերգում են պաշտոնատար անձանց: Ըստ նրա՝ 3 միլիոն դրամը չլսված հավակնություն է:

Փաստաբանը նաեւ պատմեց, որ մի շարք այդպիսի գործեր է հանել, երբ մեկը մյուսին դատի է տվել «պոռնիկ» բառի համար. «Միայն Ալեն Սիմոնյանին չեն ասում, էլի մարդիկ կան: Բայց փոխհատուցման պահանջը եղել է 100.000, 50.000 դրամ: Միայն մեկ դեպք է եղել նախարարներից մեկին են ասել, անհասկանալի տրամաբանությամբ դատարանն ավելի բարձր է որոշել բռնագանձել՝ հաշվի առնելով, որ պաշտոնատար անձ է, մինչդեռ պիտի լիներ հակառակը»:

 

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30