Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին լիազոր մարմնի որոշումն անիրավաչափ է»․ Արա Ղազարյան

Սեպտեմբեր 23,2024 12:53

«Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին լիազոր մարմնի որոշումն անիրավաչափ է»,- դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նիստի ժամանակ հայտարարեց Վահե Միսակյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին հրավիրված ԲԴԽ նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գևորգյանը, հիմնավորելով ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի միջնորդությունը՝ դատավորին ենթարկել կարգապահական պատասխանատվության, նշել էր․ «Դատավորի կողմից թույլ են տրվել վարքագծի խախտումներ։ Թիվ ԵԴ03360121 քրեական գործը (Վազգեն Մանուկյանի գործը, որով նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելը։ Իսկ մեղադրանքի հիմքում 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ Մանուկյանի քաղաքական ելույթներն էին։ Նա հայտարարել էր իշխանություններին հեռացնելու տարբերակների մասին՝ այդ թվում՝ նշելով. «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը».-խմբ.) դատավորը քննել է ավելի քան երեք տարի, և գործով նշանակված 18 դատական նիստերից 14-ը հետաձգվել է։ Անհրաժեշտ ջանասիրություն չցուցաբերելով գործը ողջամիտ ժամկետներում քննելու ուղղությամբ նիստերի կայացման համար՝ մեր դիտարկմամբ՝ կանխամտածված խոչընդոտող գործողություններ է ստեղծել»։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ նման գործերի քննության ամենաերկար ժամկետը երկու տարի է համարվում ու ասաց․ «Գործի քննությունն էլ ցույց է տվել, որ շատ կարճ ժամանակահատվածում է հնարավոր եղել լուծում տալ այս գործին․ չորս նիստով դատավորը հնարավորություն է ունեցել լուծել գործը։ Դատավորի կողմից այնպիսի ժամերի են նշանակվել նիստերը, որ խոչընդոտող հանգամանք ստեղծեն արդեն իսկ նախկինում նշանակված նիստի կայացման համար։ Արհեստական խոչընդոտներ են ստեղծվել, որ դատական նիստերը հետաձգվեն։ Գտնում ենք, որ դատավորը թույլ է տվել վարքագծային կանոնների խախտումներ և խնդրում ենք ներկայացված միջնորդությունը բավարարել»։

Ապրիլի 4-ին ԲԴԽ-ն դատավոր Վահե Միսակյանին խիստ նկատողություն էր հայտարարել։

Այսօր կայացած դատական նիստի ընթացքում Վահե Միսակյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը ներկայացրեց իրենց առարկությունները ու հայտարարեց․ «Լիազոր մարմինը չի ներկայացրել վերաբերելի ու բավարար հիմքեր դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հանրային անհրաժեշտությունը հիմնավորելու համար։ Իսկ մի շարք առանցքային հիմնավորումներում վկայակոչված փաստական հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում, ու դրանք հերքվել են։ Որոշման մեջ չի կատարվել հանրային ու մասնավոր շահերի համադրում, փոխհավասարակշռում, չի վերլուծվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հանրային իրական պահանջի առկայությունը տվյալ գործի շրջանակներում։ Լիազոր մարմնի կարգապահական վարույթ հարուցելու անհրաժեշտությունը հիմնավորվում է դատաքննության երկարատևությամբ՝ առանց հաշվի առնելու օբյեկտիվ ու վերաբերելի հանգամանքներ՝ օրինակ` դատավորի ծանրաբեռնվածությունը, անձնական և մասնագիտական բարեվարքությունը, որոշման հնարավոր ազդեցությունը հանրային ու մասնագիտական հեղինակության վրա, վիճահարույց գործի՝ օրենքով սահմանված կարգով լուծված լինելու հանգամանքը, դատաքննության ողջամիտ ժամկետի իրավունքի խախտման մասին բողոքի բացակայությունը դատավարության մասնակիցների կողմից և ընթացիկ դատական գործի պայմաններում կարգապահական վարույթ հարուցելու իրավաչափությունը։ Արդյունքում կայացվել է կարգապահական վարույթ հարուցելու անհամաչափ որոշում, որը անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությանը։ Նման հանգամանքում տեղի է ունեցել դատավոր Միսակյանի մասնավոր կյանքի, պատվի, բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի անհամաչափ միջամտություն, որը երաշխավորված է իրավունքով՝ ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30