Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը 15 տարեկան է

Սեպտեմբեր 23,2024 12:15

«Տասնհինգ տարվա ձեռքբերումներից մեկն առանձնացնելը դժվար է, մոտ մի տասը կարող եմ թվարկել: Ստիպված եմ, հետևաբար, երկար նախադասությամբ պատասխանել. մեզ հաջողվել է ստեղծել ինստիտուցիոնալ կերպով աշխատող, չափանիշներ և ավանդույթներ ձևավորած, լավ համբավ ձեռք բերած մի կառույց, ուր գալիս են սովորելու ոչ միայն ԱԳՆ ընդունվելու, այլ կրթության որակի համար, և որի շրջանավարտների նկատմամբ հետաքրքրություն կա տարբեր աշխատատուների շրջանում»,- Aravot.am-ի հետ զրույցում հետադարձ հայացք նետելով ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի 15-ամյա գործունեությանը՝ ասաց դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը` ի պատասխան մեր հարցի, թե որն է Դիվանագիտական դպրոցի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը։

Մեր զրուցակիցը դպրոցի ձեռքբերում է համարում Հայաստանի դիվանագիտական ծառայության մեջ և մեր երկրի այլ ոլորտներում արված ներդրումը դպրոցի բանիմաց շրջանավարտների տեսքով․ «Ինձ համար ոչ պակաս կարևոր է այն, որ մենք գիտելիքներ հաղորդելուց և հմտություններ սովորեցնելուց բացի, ծանոթացնելով տարբեր տեսակետների և դիրքորոշումների՝ խրախուսում ենք մտածել: Ձեռքբերում կամ բնութագրիչ գիծ կարելի է համարել նաև այն, որ տեղում կանգ չենք առնում և անընդհատ ներդնում ենք նոր ծրագրեր, նոր գաղափարներ»։

Վահե Գաբրիելյանը տեղեկացրեց՝ այս սեպտեմբերին սկսվել է Դիվանագիտական դպրոցի՝ հանրությանն ամենից շատ ծանոթ՝ դիվանագիտական կադրերի պատրաստման ծրագրի 13-րդ դասընթացը: Նախորդ տասներկու սերնդի ունկնդիրներից Դիվանագիտական դպրոցն ավարտել են 250-ից ավելի շրջանավարտներ․ «Նրանց վաթսուն տոկոսն աշխատանքի է ընդունվել ՀՀ ԱԳՆ-ում, մնացածը ներգրավված են ամենատարբեր ոլորտներում՝ կրթություն, պետական կառավարման համակարգի այլ հաստատություններ, գիտահետազոտական աշխատանք, միջազգային կառույցներ, հասարակական կազմակերպություններ, լրագրություն և այլն: Կարծում եմ՝ շատ լավ է, որ բարձրորակ գիտելիքներ ստացած և պիտանի հմտություններ ձեռք բերած անձինք ներգրավված են մեր երկրի տարբեր ոլորտներում»։

Դիվանագիտական դպրոցի ուսանողները Եվրոպայի խորհրդում, Ստրասբուրգ, 2018 թ․

Դիվանագետներ պատրաստելը դպրոցի միակ առաքելությունը չէ: Վահե Գաբրիելյան այս մասին ասաց․ «Մենք նաև վերապատրաստում ենք գործող դիվանագետների մի քանի տարբեր ծրագրերով, վերապատրաստում ենք տարբեր գերատեսչությունների՝ արտաքին կապերի համար պատասխանատու աշխատակիցների, այս տարի հատուկ դասընթաց ենք սկսել տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների աշխատակիցների համար, ԱԳՆ մեր գործընկերների հետ կազմակերպել ենք դասընթացներ արտաքին թեմաներ լուսաբանող լրագրողների համար և այլն: Այս մյուս ծրագրերի մասնակիցների թիվը, չհաշված օտար լեզուների դասընթացների մասնակիցներին, գերազանցում է չորս հարյուրը: Ավելին, արդեն մի քանի տարի է, ինչ դասընթացներ ենք կազմակերպում օտարերկրյա երիտասարդ դիվանագետների համար, և ելնելով նախորդ տարիների հաջողությունից, այս տարի այդ ծրագիրն ընդլայնեցինք: Մեր այդ ծրագրին արդեն մասնակցել են և Հայաստանի պատմությանը, արտաքին քաղաքականությանը, մշակույթին, ինչպես նաև մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի իրողություններին, մարտահրավերներին և հեռանկարներին ծանոթացել են Մերձավոր և Հեռավոր Արևելքի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի տասնհինգ երկրների կրտսեր դիվանագետներ»։

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս 15 տարի առաջ որոշվեց, որ ՀՀ-ն պետք է ունենա Դիվանագիտական դպրոց։ Ինչո՞ւ է դպրոցի հիմնադրման օրը նշվում հենց սեպտեմբերի 23-ին։ Վահե Գաբրիելյանը պատմեց․ «Ինչպես գիտեք, դիվանագիտության սեփական դպրոցը ունենալը մեր բազմաթիվ դիվանագետների երազանքն էր հենց անկախության սկզբից, բայց մեր երկրի առջև ծառացած դժվարությունները հնարավորություն չէին տալիս դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ գտնել: Անգամ հիմնելուց և դեռ որոշ ժամանակ էլ մենք ստիպված էինք ապավինել մեր միջազգային գործընկերների աջակցությանը: Դպրոցը ստեղծվել է 2009թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ կառավարության 1111 որոշմամբ, դասերը սկսել են 2010 թ. հունվարից: Չմոռանանք, որ դիվանագիտական դպրոց ունենալու գաղափարը կյանքի կոչվեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի տարիներին, երբ որևէ նման նախաձեռնություն ընդհանրապես խնդրահարույց էր և համարձակ քայլ: Սակայն տարիներ շարունակ կառավարությունը արտաքին գործերի նախարարությանն անգամ զգալի թվով լրացուցիչ հաստիքներ էր հատկացնում՝ հատուկ դպրոցի շրջանավարտների համար: Անհրաժեշտ է նշել նաև, որ կառավարությունը վերջին տարիներին աստիճանաբար իր վրա է վերցրել դպրոցի ողջ ֆինանսավորումը և անգամ միջոցներ հատկացրել նոր ծրագրերի համար: Մինչև Հայաստանի դիվանագիտական դպրոցի ստեղծումը մեր դիվանագետներից ոմանք հնարավորություն էին ունեցել տարբեր տևողությամբ և բովանդակությամբ դասընթացների մասնակցել տարբեր երկրների մի քանի հաստատություններում: Բնականաբար, դրանք մեր երկրի ուսումնական ծրագրերը չէին, մեզ հուզող ոչ բոլոր խնդիրներին էին անդրադառնում, մեզ պետքական ոչ բոլոր հմտություններն էին ուսուցանում: Նման ծրագրեր իհարկե հիմա էլ կան: Սակայն 2010 թվականից մենք ունենք հնարավորություն, ընդհանուր առմամբ, նույն հիմնարար դասընթացներն առաջարկել մեր ունկնդիրներին, ներկայացնել ՀՀ առաջնահերթություններն ու տեսակետները, ձևակերպել մեր խնդիրները և վստահանալ, որ մեր դիվանագիտական ծառայությունը համալրվում է մեր պահանջներին համապատասխանող կադրերով»։

Դիվանագիտական դպրոց ընդունվելու հայտ կարող են ներկայացնել նրանք, ովքեր առաջին հերթին բավարարում են դիվանագիտական ծառայության անցնելու հիմնական պայմանները՝ ՀՀ քաղաքացի են, ունեն համալսարանական կրթություն, հայերենից բացի տիրապետում են նաև երկու օտար լեզվի: Դպրոց ընդունվելու համար այդ երկու լեզվից մեկը պետք է անգլերենը լինի, քանի որ դասերի զգալի մասն այդ լեզվով է: Լրացուցիչ պայմանների մասին Վահե Գաբրիելյանն ասաց․ «Դիմորդները պետք է լինեն մինչև 35 տարեկան և հանձնեն ընդունելության քննություններ, որոնցով ստուգում ենք դիմորդների գրագիտությունը, ընդհանուր գիտելիքներն ու զարգացածությունը: Մասնագիտական գիտելիքներ այդ փուլում չենք պահանջում: Դրանք նրանց հաղորդելն արդեն մեր գործն է: Այս տարվա դասերն արդեն սկսել են: Ընդհանուր ծրագիրը նույնն է. այն միջազգային հարաբերությունների և դիվանագիտական կրթության ոլորտում մասնագիտացած հաստատությունների լավագույն փորձի հիման վրա կառուցված ծրագիր է, որն ընդգրկում է ոլորտի հիմնական կարևոր առարկաները և ամեն տարի մեծ փոփոխությունների չի կարող ենթարկվել: Եթե լինում է շեշտադրումները փոխելու կարիք, դա արվում է հիմնականում երկու ձևով՝ ութ ամսում դասավանդվող շուրջ քսան դասընթացներից խնդրո առարկա դասընթացի ուսումնական ծրագրում մտցնում ենք անհրաժեշտ փոփոխություններ, ավելացնում կամ հանում ենք որոշ թեմաներ և լրացուցիչ դասախոսություններ կամ հանդիպումներ ենք կազմակերպում: Եթե կարիք է լինում մեկ կամ մի քանի տարվա փորձարկումից հետո որևէ առարկա փոխարինել մեր և ժամանակի պահանջներին առավել համապատասխան այլ առարկայով, դա էլ ենք անում»։

Դիվանագիտական դպրոցի ուսանողները Վիեննայում՝ ՄԱԿ-ի գրասենյակի տարածքում, 2017թ

Վահե Գաբրիելյանի հետ զրույցում փաստեցինք՝ ուսումնական այցեր Ստրասբուրգում, Ժնևում և Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների եվրոպական կենտրոնակայաններ, տեսական և գործնական դասընթացներ, փորձագետների հետ հանդիպումներ և փորձաշրջան ԱԳՆ-ում․ այս ամեն հնարավորությունն, անշուշտ, Դիվանագիտական դպրոցն ընձեռում է։

Դիվանագիտական դպրոցի ուսանողները ՄԱԿ-ի գրադարանում, Ժնև, 2023 թ․

Եվ հետաքրքրվեցինք՝ բայց անգամ եթե դպրոցի շրջանավարտներից ոմանք դիվանագետներ չեն դառնում, ըստ Ձեզ՝ Դիվանագիտական դպրոցից նրանք ի՞նչ կարողություններ են իրենց հետ տանում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Չեք կարծո՞ւմ, որ առնվազն ապագա դիվանագետների համար այդ ամենն արդեն մեր դպրոցը երկրում եզակի է դարձնում: Ձեր նշած ուսումնական այցերից չմոռանանք 2010 թվականից մինչև 2022 թվականը ներառյալ, բացառությամբ պատերազմի և քովիդի տարիների, Արցախ կատարած բովանդակալից և խիստ օգտակար այցերը, որոնք հնարավորություն տվեցին ապագա դիվանագետներին և պարզապես հարյուրավոր հայ երիտասարդների ծանոթանալ Արցախի իրողություններին և մարտահրավերներին, ճանաչել Արցախը: Մենք ուսումնական այցեր ենք ունեցել նաև Վիեննա և Էստոնիա: Այս բոլոր այցերը և ձեր թվարկած մյուս բաղադրիչներն, իհարկե, շատ կարևոր են ապագա դիվանագետների համար, սակայն օգտակար են նաև պարզապես կիրթ, տեղեկացված և զարգացած անհատներ ձևավորելու համար: Թե կոնկրետ ում ինչ է տվել մեր կրթությունը, լավագույնս կարող են ասել մեր շրջանավարտներն իրենք: Ես կարծում եմ, որ հաղորդելով ժամանակակից և միջազգայնորեն մրցունակ գիտելիքներ, սովորեցնելով հենց այսօրվա և հուսով ենք՝ նաև վաղվա մարտահրավերներին դիմակայելու հմտություններ, մենք նաև մեր ունկնդիրների համար հնարավորություն ենք ստեղծել ճանաչել աշխարհը և համեմատությամբ՝ մեր երկիրը: Իսկ դա Հայրենիքը սիրելու անուղղակի, բայց կարծում եմ իրական ճանապարհ է»:

 

Դպրոցն ի սկզբանե գործունեությունը սկսել է Եվրոպական միության և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության օժանդակությամբ և երկար տարիներ շահել հատկապես ԵՄ աջակցությունից: Վահե Գաբրիելյանը շարունակեց․ «Համագործակցում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների և ԵՄ առաքելության հետ, նրանց ղեկավարներին պարբերաբար հրավիրում ենք մեր ունկնդիրների հետ հանդիպումների: Մենք համագործակցության հուշագրեր ունենք տարբեր երկրների շուրջ 25 դիվանագիտական ակադեմիաների կամ ինստիտուտների հետ, ընդ որում միայն այս տարի ստորագրել ենք հինգը, և դեռ նախատեսում ենք էլի ստորագրել: Դիվանագիտական դպրոցի տնօրենը ակտիվորեն մասնակցում է աշխարհի դիվանագիտական կրթության հաստատությունները միավորող հարթակին՝ դիվանագիտական ակադեմիաների տնօրենների ոչ-պաշտոնական տարեկան հավաքներին, որտեղ քննարկվում են ոլորտի մարտահրավերները, նորությունները, տեղի է ունենում գործընկերների լավագույն փորձին ծանոթացում: Ամենօրյա համագործակցություն կա նաև արտերկրի անհատ դասախոսների, փորձագետների հետ: Ինչպես գիտեք, մեր ծրագրերի՝ գիտելիքների ստուգում պահանջող առարկաների դասախոսները հիմնականում հրավիրվում են աշխարհի տարբեր բուհերից և իրենց ոլորտների լավագույն մասնագետներից են: Մինչ այսօր Հայաստանի դիվանագիտական դպրոցում դասավանդել են, ես նկատի չունեմ մեկ անգամ կարճ ելույթ ունեցած կամ դասախոսություն կարդացածներին, տարբեր մայրցամաքների և տարածաշրջանների մոտ 25 երկրներից 90-ից ավելի դասախոսներ: Նրանց մեծ մասն արժանացել է մեր ունկնդիրների բարձր գնահատականերին և զգալի մասը մեզ մոտ դասավանդում է պարբերաբար»։

Դիվանագիտական դպրոցի ուսանողները Մխիթարյան միաբանությունում, Վիեննա, 2024 թ․

Դիվանագիտական դպրոցի շրջանավարտ Արաքսյա Բաբիկյանը նոր է վերադարձել Նյու Յորքից։ Վերջին երեք տարիներին ՄԱԿ-ի կենտրոնակայանում ներկայացնում էր Հայաստանը։ Նա աշխատում է ՀՀ ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության զարգացման համագործակցության վարչության ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնում։ Դպրոցում իր փորձառության մասին մեզ հետ զրույցում ասաց․ «Այն փորձառությունը, որ աշխարհի տարբեր միջազգային համալսարանների դասախոսներ կիսում են մեզ հետ, դրա շնորհիվ դպրոցի շրջանավարտների աշխարհայացքն ավելի է ընդլայնվում, նոր բաներ ես սովորում, որ ցավոք, հայկական բուհերում պակասում է։ Դիվանագետի համար հատկապես կարևոր են համապարփակ գիտելիքներն ու փորձառությունը, այն, որ կարող ես շփվել տարբեր երկրների մարդկանց հետ՝ հատկապես մեզ պես փոքր երկրի պարագայում, երբ միանգամից պարզվում է, որ աշխարհը շատ մեծ է, քան մենք պատկերացնում էինք։ Դպրոցի շրջանակներում ունենք գործնական առարկաներ՝ բանակցությունների հմտություններ, հաղորդակցության հմտություններ, այդ գիտելիքներն ինձ, օրինակ՝ օգնել են Նյու Յորքում իմ գործունեության ընթացքում»։

 

Մկրտիչ Կարապետյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց՝ ավարտելով Դպրոցը 2021-ին՝ դեկտեմբերից դիվանագիտական ծառայության է անցել ԱԳՆ-ում, և շուրջ մեկ տարի է, ինչ գործուղված է Եգիպտոսում ՀՀ դեսպանություն, որտեղ ներկայումս զբաղեցնում է երրորդ քարտուղարի պաշտոնը՝ կատարելով նաև հյուպատոսի պարտականությունները․ «Կարծում եմ, որ այս տարիների ընթացքում Դիվանագիտական դպրոցի՝ որպես ՀՀ ԱԳՆ համար դիվանագետների պատրաստման և վերապատրաստման ինստիտուտ կայացումն ինքնին ամենակարևոր ձեռքբերումն է: Դպրոցի տասնյակ շրջանավարտներ ներկայումս ծառայում են ՀՀ ԱԳՆ համակարգում՝ զբաղեցնելով նաև բարձր պաշտոններ թե′ նախարարությունում, թե′ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում: Դպրոցում ուսումնառությունն ինձ առաջին հերթին հնարավորություն է տվել դիվանագետ դառնալու որոշումս ի կատար ածել, ինչպես նաև ձեռք բերել ոլորտում անհրաժեշտ տեսական և պրակտիկ գիտելիքներ՝ մասնակցելով միջազգային հարաբերությունների, դիվանագիտության և քաղաքագիտության ոլորտներում աշխարհի առաջատար մասնագետների կողմից տրվող դասախոսություններին։ Դիվանագետ դառնալու որոշմամբ եմ ընդունվել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոց, որտեղ ուսումնառությունն անփոփոխ թողեց որոշումս՝ ինձ ավելի պատրաստ դարձնելով այդպիսի աշխատանքային գործունեություն ծավալելու համար: Օգտվելով առիթից՝ շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ողջ անձնակազմին՝ տարիներ շարունակ իրականացրած քրտնաջան աշխատանքի համար, և շնորհավորում եմ բոլորիս՝ Դպրոցի 15-ամյակի առթիվ»։

Մկրտիչ Կարապետյան

Մարիաննա Մանուչարյանը Դիվանագիտական դպրոցն ավարտելուց հետո աշխատանքը շարունակել է ՀՀ ԱԳՆ-ում, ապա՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում։ Այժմ աշխատանքը շարունակում է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչությունում․ «Դպրոցում ստացած տեսական գիտելիքներս ԱԳՆ-ում աշխատանքի ընթացքում ձեռքբերած գործնական փորձի հետ մեծապես նպաստել են արդյունավետ գործունեությանս արտերկրում։ Դիվանագիտական դպրոցն իր ձևաչափով եզակի կրթական հաստատություն է Հայաստանի Հանրապետությունում։ Այստեղ դասավանդում են միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, միջազգային իրավունքի, համաշխարհային տնտեսագիտության, հարակից ոլորտների առաջատար մասնագետները։ Ստացած գիտելիքներն անգնահատելի են, և դրանք իրենց կիրառումն են գտնում աշխատանքում։ Ուսումնառության ընթացքում հնարավորություն ենք ունեցել հանդիպել տարբեր երկրների պաշտոնյաների, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ և ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները։ Սա շատ կարևոր է ապագա դիվանագետների համար՝ հարցուպատասխանի ձևաչափը յուրացնելու և մեր ապագա գործունեության մեջ օգտագործելու համար։ Ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ ընկերներիս, ովքեր թե′ դասախոսական կազմից են և թե′ ուսանողներից։ Շարունակում եմ իրենցից սովորել և ոգեշնչվել իրենց հաջողություններով»։

Մարիաննա Մանուչարյան

Մարիաննա Մանուչարյանը եզրափակելով խոսքն ասաց․ «Շնորհակալ եմ Դիվանագիտական դպրոցին՝ բարձրակարգ կրթության, ձեռքբերած գիտելիքների և փորձառության համար։ Սրտանց շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, Դիվանագիտական դպրոցի ողջ անձնակազմին 15-ամյակի առթիվ և մաղթում աշխատանքային բազում արգասաբեր տարիներ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Դիվանագիտական ​​դպրոցի ուսանողներն ու անձնակազմը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, 2024 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30