Երեւանի քաղաքապետարանի սարքերը օդի կամ ցածր փոշոտվածություն են ցույց տալիս, կամ միջին փոշոտվածության ամենացածր շեմը։ Այս մասին Երեւանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այստեղ, կարծում եմ, ամենամեծ խնդիրն այն է, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը եւ մենք իրարից տարբերվող տվյալներ ենք տալիս։ Ես հիմա մեր օնլայն սարքերը բոլորը տեսնում եմ, յուրաքանչյուր րոպե եւ ժամ այդ սարքերը այս տվյալները տալիս են։ Միգուցե մեթոդաբանության մեջ է խնդիրը, խնդրում եմ՝ ՊՈԱԿ-ի հետ հասկանալ՝ ինչում է խնդիրը։ Բայց, համենայնդպես, այն, ինչ տալիս են մեր սարքերը, կարելի է ասել, որ ավտոմեքենաների միջի սարքերով էլ հաստատվում է։ Այսինքն՝ այն քննարկումները տարաբնույթ եւ այն, կներեք արտահայտությանս համար, լեգենդը, որ Երեւան քաղաքում օդի որակը շատ վատն է, մասնավորապես, փոշոտ է, այս սարքերով արդեն որերորդ ամիսն է՝ մեզ կամ ցածր փոշոտվածություն է ցույց տալիս, կամ միջին փոշոտվածության ամենացածր շեմը։ Եվ, անկեղծ ասած, որեւէ տրամաբանական հիմնավորում եւ պատճառ չեմ կարողանում գտնել, բացի այս մեթոդաբանական տարբերություններից։ Խնդրում եմ հասկանալ՝ ինչում է այս տարբերությունը, որովհետեւ 117 սարք միասին չեն կարող սխալ տեղեկատվություն տալ ամբողջ քաղաքից միաժամանակ»,- ասաց Ավինյանը։
Նա կոչ արեց երեւանցիներին, որ իրենք էլ այցելեն Երեւանի քաղաքապետարանի կայք եւ տեսնեն, թե օդի աղտոտվածության ինչ պատկեր կա մայրաքաղաքում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ