Երեւանում շինարարական հրապարակների կահավորման պայմանները չպահպանելու համար վարչական պատասխանատվության միջոցները խստացնելու նպատակով մշակվել է նախագիծ։ Այս մասին զեկուցվեց այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նշվեց, որ ուսումնասիրվում է նաեւ շինհրապարակների կահավորման պայմանների փոփոխության հարցը։ Ուսումնասիրությունների ավարտից հետո կկազմվի ավագանու որոշման նախագիծ։
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց․ «Ես վերջերս մի տեսանյութ էի դիտում այս թեմայի վերաբերյալ։ Եվ շինարարներից ոմանք ասում են՝ Երեւանի քաղաքապետարանը հստակ չի ասել, թե ցանցերը ոնց կախենք, դրա համար չենք կարողանում կախել այնպես, որ տրամաբանական լինի։ Շատ դեպքերում ես տեսնում եմ, որ կան կառուցապատողներ, որոնք կարողանում են կախել։ Եվ որպեսզի մեր բոլոր շինարարները ամեն նախադասությունը կարդալով՝ հստակ հասկանան, թե ինչ պետք է անեն, շատ մանրամասն իրենց համար պետք է գրենք, այնքան մանրամասն, որ նույնիսկ մանկահասակ երեխաները կկարողանան հասկանալ։ Հիմա, քանի որ չեն հասկանում, հստակ չէ գրված, խնդրում եմ շատ մանրամասնենք այդ բոլոր դրույթները, իրենք կարդան, հասկանան ու անեն այդ գործը»։
Անդրադառնալով բենզալցակայանների ուղղությամբ իրականցվող աշխատանքներին՝ Ավինյանն ասաց․ «Ինձ մտահոգում են բենզալցակայանների հետ կապված այս տարվա տեմպերը։ Իրականում ես վստահ եմ, որ դեռ շատ տեղերից բենզալցակայանները պետք է դուրս գան։ Նախորդ տարվա ընթացքում շատ ինտենսիվ ծավալով շատ դրական գործ արվեց, բայց տեմպն էական թուլացել է։ Առանց նորմատիվային կանոնների պահպանման, Երեւան քաղաքում որեւէ բենզալցակայան չպետք է աշխատի։ Սա հստակ է, այս տրամաբանությունից հետքայլ չենք անելու»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ