Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք նաև շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Ադրբեջանից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին. Կանադայի արտաքին գործերի նախարար

Սեպտեմբեր 22,2024 23:30

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։ Վերջին շրջանում Հայ դատի Կանադայի հանձնախումբը պաշտոնական ակտիվ հաղորդակցության մեջ է եղել նախարար Ջոլիի հետ։ Հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումները լիովին համապատասխանում են Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին։

Թարգմանաբար ներկայացնում ենք նախարար Ջոլիի հայտարարությունը։

«Անցյալ շաբաթ լրացավ մեկ տարին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում: Այս գործողության հետևանքները ծանր էին, դրա արդյունքում ավելի քան 100․000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30․000 երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ։

Ադրբեջանի կողմից չարդարացված ռազմական գործողությանը նախորդել էր Լաչինի միջանցքով մարդասիրական ապրանքների անցման իննամսյա շրջափակումը, ինչը խախտել էր Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի կիրառման մասին որոշումը։

Կանադան համերաշխ է այս ճգնաժամից տուժած մարդկանց հետ և երախտապարտ է Հայաստանին իր դռները բացելու համար։ Այդ իսկ պատճառով 2023 թ․ մենք ավելի քան 3․9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար։

Կանադան շարունակում է կոչ անել և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին, ինչպես նաև կողմերի միջև երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շարունակմանը՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության համար:

Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատել 2020 թ․ Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Մենք նաև շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Ադրբեջանից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին։

Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին՝ այս տարածաշրջանի  ժողովրդի համար արդար և տևական խաղաղության հասնելու բանակցություններում։ Սա պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների և քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը և տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»:

Հայ դատի Կանադայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները Կանադայի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի շուրջ կանադական կողմի օբյեկտիվ դիրքորոշումները պահպանելու և զարգացնելու ուղղությամբ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30