Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի «Ուրիշ» թատրոնում հանդիսատեսին ներկայացվեց «1869» մեկ գործողությամբ պատմությունը՝ ըստ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի։ Բեմադրող ռեժիսորը նույն քոլեջի շրջանավարտ, այժմ «Ռեժիսուրա» մասնագիտությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող Արտյոմ Ավետիսյանն է։
Ընտրելով նորարարական լուծումներ՝ բեմադրող ռեժիսորը դասական ստեղծագործությունը մեկնաբանել է ժամանակակից թատերական լեզվով։ Ուսանող-դերասանները բուռն շարժումներով արտահայտում էին կերպարների ներքին պայքարը։ Պոեմի բովանդակությունն այս ներկայացման մեջ առանձին կերպար է, որն առաջ է մղում ամբողջ պատմությունը։
Կարդացեք նաև
Բեմադրիչը շեշտադրել է նաև շարժման և ձայնի ներդաշնակությունը, ինչը խորացնում է ներկայացման հուզաարտահայտչականությունը (խորեոգրաֆիան՝ Անահիտ Թորոսյանի և Նարեկ Շահմուրադյանի):
Լուսավորումը և հնչյունային լուծումները նպաստում են պոեմի ներքին շերտերի բացահայտմանը։
Իսկ ներկայացման ամբողջ ընթացքում հնչում է Կոմիտաս՝ որպես կոչ, ազգային հիշողության արթնացում, վերապրման ու զարթոնքի ազդակ։ Այս ներկայացումը վերահաստատում է մի ճշմարտություն՝ Կոմիտասը սկիզբ է, չսպառվող սկիզբ։
Վ. Ա.