Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին է զանգահարել մի քաղաքացի՝ տեղեկացնելով, որ Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության («Սիսիանի ԲԿՏ» ՀՈԱԿ) տնօրեն Դ․Մ-ն իր հորը՝ Ն․ Պ․-ին, ստիպել է աշխատավարձի քարտից գումար կանխիկացնել ու տալ իր կողմից ուղարկված անձին։ Պարզվել է, որ 55-ամյա Ն․Պ․-ն «Սիսիանի ԲԿՏ» ՀՈԱԿ-ում վարորդ է աշխատում ու ընկերությանը պատկանող բեռանատար մեքենայով վթարի ենթարկվելուց հետո հիմնարկի տնօրեն Դ․Մ․-ն պահանջել է վերականգնել հասցված վնասը՝ ստացած աշխատավարձը տալով նրան։ Դ․Մ․-ն նաեւ սպառնալիքներ է հնչեցրել աշխատակցի հասցեին։ Ըստ տեղեկությունների՝ Ն․Պ․-ն երկրորդ ամիսն է՝ աշխատավարձ չի ստանում։ Վերջինս նաեւ տեղեկացրել է, որ կանխիկ 50.000 դրամ է տվել «կոմունալի տնտեսվար» Ն․Ա.-ին, իսկ մի անգամ էլ 50.000 դրամ ծախսել է վթարված մեքենայի համար ավտոպահեստամաս գնելու նպատակով։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սիսիանի քննչական բաժին:.
Հիշեցնենք, որ 2023թ.-ի մարտին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով՝ «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Դ․ Մ․-ն, որը ՀՈԱԿ-ին պատկանող ավտոմեքենաներն առանց պայմանագիր կնքելու, որոշակի վարձի դիմաց հատկացրել է տարբեր անձանց, իսկ ստացված գումարը յուրացրել է։ Ավելին, Դ.Մ․-ի ցուցումով, առանց որեւէ պայմանագրի, Սիսիան համայնքի Դարբաս եւ Շամբ բնակավայրերի բնակիչներից, 2022թ. մարտ ամսից գանձվել է աղբահանության գումար՝ 1 անձի հաշվարկով 100 դրամ, որոնք ՀՈԱԿ-ի բյուջե չեն մուտքագրվել եւ յուրացվել են Դ.Մ.-ի կողմից։