Լրահոս
Օրվա լրահոսը

Վավերագրելով դրաման․ Ջազը՝ ոլորաններում

Սեպտեմբեր 22,2024 18:11

«Վավերագրելով դրաման» ծրագիր – Ջազի անցումը Հակարիով․ Տիգրան Սուչյանը փրկեց երաժշտությունը ռմբակոծությունից

2023-ի սեպտեմբերի 25-ին, Ադրբեջանի երկօրյա հարձակումից հինգ օր անց, Ստեփանակերտից ստացվող ծանր, հակասական լրահոսում հայտնվեց Տիգրան Սուչյանի գրառումը․ երաժիշտը խնդրում էր փրկել արցախյան ջազը՝ Արցախի ջազ նվագախմբի գործիքները։

Շեփորահար Տիգրան Սուչյանը մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը Արցախի հետ գործնական կապեր չուներ։ Պատերազմի օրերին Հայաստան տեղափոխվեցին Արցախի երաժշտական դպրոցների 30-40 երեխաներ։ Տիգրանը և երաժիշտ ընկերները սկսեցին աշխատել երեխաների հետ։ Ստեղծեցին խումբ՝ «Արցախիկներ» անունով։ 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարից հետո երեխաները վերադարձան Արցախ։

Տիգրանը պարբերաբար այցելում էր նրանց, միասին նվագում էին, երբեմն՝ համերգներ կազմակերպում։

Նրա կատարած աշխատանքն աննկատ չմնաց․ 2021-ին՝ հերթական այցի ժամանակ, Տիգրան Սուչյանին առաջարկեցին ղեկավարել արցախյան մեկ այլ երաժշտական խումբ՝ Արցախի ջազ նվագախումբը։

Տիգրանն ասում է՝ որպես ղեկավար պատասխանատվություն էր զգում, որ նվագախումբը տեղահանությունից հետո չքանդվի։ Իսկ դրա համար գործիքներն էին պետք։ Զարմացած էր, այդ իրավիճակում երաժիշտները շատ արագ են ինքնակազմակերպվել։

Շատ ափսոս, որ ավելի շուտ չէի համարձակվել գրել․ մտածում էի, թե կողքից կասեն՝ մարդիկ կենցաղային իրեր պիտի բերեն, ի՞նչ երաժշտական գործիք։

ԳԱԼՈՒ ԵՐԿՐՈՐԴ, ԹԵ ԵՐՐՈՐԴ ՕՐՎԱՆԻՑ ԱՆԸՆԴՄԵՋ ՆՎԱԳԵԼ ԵՆՔ ՈՒՂԻՂ 5 ՕՐ

Տեղափոխման հարցերը կազմակերպում էին Երևան-Ստեփանակերտ հեռախոսակապի միջոցով։ Տիգրանն այստեղից մեքենա ու վարորդ էր գտնում, արցախցի երաժիշտներն այնտեղ մի քանի կիլոմետր են անցնում՝ այդ մեքենային մոտենալու համար. ոտքով, ծանր գործիքները գրկած։ Այդպես էլ չի հասկանում՝ ինչպես, օրինակ, 17-ամյա Վագահն ու Արենն իրենց մեջ հոգեկան ու ֆիզիկական ուժ գտան ծանր սինթեզատորը քաղաքի մի ծայրից մյուսը հասցնելու համար։

Կենցաղային իրերի, ծանրաբեռնված երթևեկության և բեռների քաոսում Արցախի ջազ նվագախումբն իր գործիքներով հասել է
Երևան։ Ընդ որում՝ երաժիշտներն իրենց մեջ ուժ են գտել գործիք վերցնել ու նվագել՝ Հայաստան հասնելուց անմիջապես հետո։

Նշում է՝ շատ կարևոր պահ էր, բոլորն ասում էին՝ «ինչ էլ սիրտ ունեք նվագելու։ Չէ, չունեինք»։

Այդ օրերին միայն մի քանիսը հրաժարվեցին նվագել, խմբի 95 տոկոսը կողմ էր։ Ու սկսել են նորից՝ երազելով արցախյան համերգների մասին։

Հիմա Արցախի ջազը Հայաստանի ակումբներում ու դահլիճներում է։

Երաժշտությունն, ախր, նենց հետաքրքիր, մոգական բան ունի իր մեջ։ Ինչքան էլ վատ լինես, երաժշտությունը հանում է այդ վիճակից…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30