«Վավերագրելով դրաման» ծրագիր – Տեղահանության ճամփան ամենասարսափելին էր։
Ստեփանակերտի տուն-ինտերնատում պատրաստվում էին հոբելյան նշելու։ Չնայած շրջափակմանը, կարողացել էին մթերք ճարել՝ սիրած տոլման ամեն գնով պատրաստելու համար։
Սպասված տոլմայի օրը՝ սեպտեմբերի 19-ի ցերեկը, տուն-ինտերնատի մոտ պայթեցին առաջին ռումբերը։ Աշխատակիցներն ու բժիշկներն անմիջապես դուրս եկան՝ իրենց ընտանիքներին գտնելու հույսով։
Տուն-ինտերնատում ապրողները երկու օր մնացին նկուղում։ Հետո ավտոբուսներ եկան ու տարհանեցին նրանց ռմբակոծված շենքի տարածքից:
Կարդացեք նաև
Հայկանուշի 90-ամյակը լրացավ 2023-ի սեպտեմբերի 18-ին։ Հենց նրա հոբելյանի առիթով էին Ստեփանակերտի տուն-ինտերնատում պատրաստվում տոլմա ուտել։ Շրջափակման պայմաններում դա, իրոք, մեծ ճոխություն էր։
Հայկանուշ Բարսեղյանը ծնունդով Արցախի Ջրաղացներ գյուղից է: Ամուսնությունից հետո տեղափոխվել է Ասկերանի շրջանիԱյգեստան ու մինչև 2016-ն այնտեղ ապրել: 32 տարի առանց դադարի աշխատել է մետաքսի կոմբինատում, եղել է կոմսոմոլի քարտուղար: Ասում է՝ լավ անուն ու պատիվ է ունեցել, բայց շատ դժվար կյանք: Նախ՝ երիտասարդ տարիքում, ամուսնությունից ընդամենը 3 տարի անց, կորցրել է ամուսնուն, արցախյան առաջին պատերազմում՝ որդուն, իսկ տարիներ անց՝ նաև հաշմանդամ դստերը: Աղջկա մահից հետո ոտքերը թուլացել են։ 2016-ից Ստեփանակերտի ծերանոց է տեղափոխվել:
2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվել է ռմբակոծությունը, ծերանոցում մոտ 200 բնակիչ կար: Առանց սննդի ու հիգիենայի պարագաների 2 օր մնացել են նկուղում, մինչև ավտոբուսներ են եկել ու տարհանել ռմբակոծված շենքի տարածքից:
Ամենասարսափելին, որ տեսել է Հայկանուշ տատը, Արցախի կորուստն ու տեղահանության ճամփան են: Ադրբեջանցիները մի քանի անգամ կանգնեցրել են իրենց ավտոբուսը, ճիշտ է՝ չեն վնասել, բայց ամեն անգամ սիրտը վախից կուչ է եկել:
Դե թորքը որ կյամ ա, դողդողում եմ, յեշում չում, մանավանդ տղաս էլ զոհվալ ա թյուրքեն ձեռավը, օզում չըմ դրանց երեսը տեսնամ։
Մինչև Արցախի կորուստը մի երազանք ուներ՝ մեռնել սեփական հողում, ամփոփվել որդու, դստեր ու ամուսնու կողքին: Անգամ սեփական շիրմաքարն էր պատվիրել՝ նկարով։ Բաց էր թողել միայն մահվան տարեթիվը:
Հիմա գերեզման ունենալը դարձել է երազանք՝ մեռնելիս էլ պիտի ազիզ մեռնես…
79-ամյա Յուրա Բաղիրյանը ռմբակոծության ժամանակ փորձել է իր սենյակից նկուղ գնալ, բայց չի հասցրել․ հարվածի ալիքը նրան գետին է գցել: Մի քանի տեղից վիրավորվել է եւ այդպես մնացել, մինչեւ ծերանոցի 2 բնակիչ գտել են նրան:
Յուրան Հադրութի Ցոր գյուղից է: Ծերանոցում էր ապրում 44-օրյա պատերազմից հետո, երբ կորցրեց Հադրութի տունը։ Կին ու երեխաներ չուներ, իսկ հարազատներին չէր ուզում ծանրաբեռնել։
Անգամ շրջափակման օրերին փողոցում ուշաթափվել ու վայր է ընկել, վնասվածքներ ստացել, բայց բարեկամներին չի տեղեկացրել։ Գազի, բենզինի դեֆիցիտի պայմաններում չի ցանկացել նեղություն տալ:
Հիմա փնտրում է այդ օրն իր կյանքը փրկած անծանոթ երիտասարդներին: Նրանց չի հասցրել շնորհակալություն
ասել և այդ մտքից հիմա գիշերները չի կարողանում քնել։
Այս հարցազրույցին էլ համաձայնել է մի նպատակով․ հույս ունի՝ երիտասարդները կտեսնեն ու կապ կհաստատեն, և վերջապես իր շնորհակալությունը կհայտնի նրանց։
Հայաստանի սոցիալական խնամքի
6 հաստատությունում ապաստանել է
արցախցի 90 միայնակ տարեց։20-ը հաշմանդամություն ունի։
17-ը Ստեփանակերտի տուն-ինտերնատի
նախկին բնակիչներ են:
Տեղահանության ճանապարհին տեսել են թափված զենքեր, զինաթափված զինվորներ: Տղամարդիկ իրենց զինվորական գրքույկներն էին այրում, հագուստն ու անգամ՝ զինվորական կոշիկները:
Ադրբեջանցիները զինվորական մեքենաներով հսկել են ճանապարհը, ստուգել ավտոբուսը։
Յուրա պապին պարզ է դարձել, որ վերադարձի հնարավորություն չեն ունենա։
Իմացա, որ Արցախը թողնում ենք, Արցախը վերցրին, դարավոր, հազարամյակներ ապրած մեր Արցախը․․․
Հայկանուշն ու Յուրան, բռնի տեղահանված 36 տարեց արցախցիների հետ, հիմա ապրում են Երևանի «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում։