«Վավերագրելով դրաման» ծրագիր – ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԾԱՆՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՊՐԱԾ ՀՂԻ ԿԱՆԱՆՑ
ՀԱՄԱՐ ԳԱՂԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԻ ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ
Սերգեյ, Իննա, Արսեն, Նվեր, Ալեքս, Մանե, Ռիտա, Էվա՝ Մարինե Առուշանյանի 8 երեխաներն են, մեծը՝ 16 տարեկան, փոքրը՝ 5 ամսական։
Վանք գյուղից Ստեփանակերտ հասած Մարինեին հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկները, չունենալով ազատ մահճակալներ, նրան ուղղորդել են քաղաքապետարանի շենք։ Ցավերը չեն դադարել։ Լուսադեմին նորից հիվանդանոց են հասցրել, ծնվել է Էվան։
Էվան ժամանակից մեկ ամիս շուտ է ծնվել։ Պատճառը վախերն ու անհանգստությունն էին։ 2023թ. սեպտեմբերի 19-ին երեխաներից հինգը դպրոցում էին, մեկը՝ մանկապարտեզում։ Պայթյունների ժամանակ գտել են իրար և համագյուղացիների հետ մտել անտառ ու գիշերել այնտեղ։ Մեծ տղան արդեն Ստեփանակերտում էր ապրում։
Կարդացեք նաև
Արդեն հետո, երբ փոքր-ինչ հանդարտվել է, մեծ աղջկա հետ վերցրել է 5 երեխաներին, տեղավորվել ավտոբուսում, որ հասնեն քաղաք։ Ամուսնուն ուղարկել է փաստաթղթերը վերցնելու։
Ստեփանակերտի հիվանդանոցում մահճակալների խիստ սղություն էր, և ավելի քիչ խնամքի կարիք ունեցող երեխաների ծնողներին արագ դուրս են գրել։
Մարինեն չի պատկերացրել, որ վերադարձի ճանապարհ այլևս չի լինելու։ Կարծում էր՝ մի քանի օրից կվերադառնա հարազատ Վանք։ Երեխաներին հավաքել է, անպատրաստ ու կիսահագնված դուրս եկել, միայն թե՝ փրկվեն։
Տեղահանության ճանապարհը Մարինեն ընտանիքի հետ անցել է սկզբում 7 երեխայով, հետո արդեն նրանց ավելացել է նորածին Էվան։
Հատկապես ծանր հիշողություններ ունի Հակարիի անցակետից. ադրբեջանցիները սպառնացել ու ծաղրել են, տղամարդկանց հանել մեքենայից, հարցաքննել։
Ընտանիքը հասել է Վայք, մեկ օր հետո՝ Գյումրի։ Հինգ օր ճամբարում, մեկ ամիս հյուրանոցում ապրելուց հետո հյուրանոցի սեփականատերը խնդրել է ազատել սենյակը։ Հիմա Գյումրիում բնակարան են վարձակալել։ Կատարվածի՝ հայրենիքը կորցնելու հետ մինչև հիմա չեն հաշտվում։
Երեխաները դժվարությամբ են դպրոց գնում, իրենց գյուղի տունն ու դպրոցն են ուզում։ Բայց Մարինեն դպրոցից գոհ է․ լավ են վերաբերվում, երեխաներին գրանցել են տարբեր խմբակներում, կերակրում են, փորձում են վերականգնել ցնցումներից և ծանր ապրումներից։
«ԵՐԲԵՔ ՉԵՄ ՄՈՌԱՆԱ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԴԵՌ ՉԾՆՎԱԾ ԴԱՎԻԹԻՍ ՀԱՄԱՐ…»
24-ամյա Լուսինեն Ճարտարում ամուսնացել է շրջափակումից մեկ ամիս անց։ Հղիության ընթացքում դժվարությամբ է դիմացել սննդի պակասին, վերջին ամիսներին նույնիսկ հաց չեն կարողացել ճարել։ Վառելիք չկար, Մարտունու և Ստեփանակերտի հիվանդանոց գնում էին միայն խիստ ծայրահեղ դեպքերում։
Գիտեի, որ ուտելու շատ բան չկա, ինձ զսպում էի։ Երբ իմացանք տղա է, շատ ուրախացանք։ Զգում էի, որ ուժեղ տղա է լինելու, դրա համար էլ ամուսնուս հետ որոշեցինք անունը դնել Դավիթ։
Դավիթը ծնվել է կրակոցների ու ռմբակոծությունների տակ։ Լուսինեն համագյուղացիների հետ երկու օր անցկացրել է տան նկուղում։ Տղամարդիկ պահում էին գյուղի դիրքերը, դեպի Ստեփանակերտ ճանապարհն արդեն վերահսկում էին ադրբեջանցիները։
Թշնամին երբեք այդքան մոտ չէր եղել․ համարյա գյուղ էին հասել։ Այդ ինքնապաշտպանական մարտերում Ճարտարը 10 զոհ է տվել։
Լուսինեն նկուղում պարզ լսել է կրակոցները, պայթյունները։ Երբեք չի մոռանա, թե ինչպես էր անհանգստանում դեռ չծնված երեխայի համար։
ուսինեի բժիշկը՝ Գոհար Տոնյանը, մի կերպ կապ է հաստատում Մարտունուց։ Նա խնդրում է կրակը դադարելուց հետո Ճարտարից անմիջապես հասնել Մարտունու հիվանդանոց։ Երեխան պետք է կեսարյան հատումով ծնվեր։
Սեպտեմբերի 22-ին Սամվելը՝ Լուսինեի ամուսինը, վառելիք է գտնում և Լուսինեին հասցնում Մարտունի։ Հիվանդանոցի նկուղում վիրավոր զինվորներ ու քաղաքացիական անձինք էին՝ առանց դեղորայքի ու պայմանների։ Աղաղակների տակ նկուղում ծնվում են Լուսինեի տղան և Ճարտարից Մարտունի հասած մեկ այլ ծննդկանի՝ Արփինեի աղջիկը։
Արփինեն Ճարտարի Ղուզե թաղամասից էր։ Իրենն աղջիկ էր, իմ առաջնեկը՝ տղա։ Անորոշության մեջ էինք, չգիտեինք՝ ինչ է լինելու։ Չնայած ամուսինս եկել էր, միևնույն է՝ անհանգիստ էի։ Հիվանդանոցին շատ մոտ պայթյունի ձայներ էին լսվում։
Դեպի տուն ճանապարհն անսովոր էր՝ գրկում 3 կիլոգրամանոց Դավիթն էր։ Լուսինեն դեռ չգիտեր, որ մի քանի օր անց թողնելու են հարազատ Ճարտարը։
Դավիթ Գրիգորյանն ընդամենը հինգ օրական էր, երբ ծնողների հետ, հիվանդանոցի ծածկոցով փաթաթված անցավ տեղահանության ճանապարհը։ Դավիթի ծննդավայրը վկայականում Մարտունին է։
Արդեն Երևանում Սարգսյանների ընտանիքն իմանում է, որ իրենց մեկնելուց մեկ ժամ էլ չանցած՝ ադրբեջանցիները մտել են քաղաք։
Լուսինեն հաճախ է երազում տեսնում հայրական տունը, իրենց Ճարտարը։