«Արցախյան մշակութային օրերի» շրջանակներում «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» եւ «Թեքեյան կենտրոնը» համատեղ կազմակերպել են երկօրյա ձեռնարկ, որի ընթացքում ցուցադրվում էր արցախյան մշակույթի մի փոքրիկ մասը:
Դեռ 1998 թվականին Ստեփանակերտում ստեղծված «Ոգի Նաիրի» գեղարվեստի կենտրոնի տնօրեն գրող, հրապարակախոս, բ.գ.թ., թարգմանիչ Հրանտ Ալեքսանյանը նշեց, որ Ստեփանակերտում շատ հետաքրքիր էր բոլոր առումներով եւ իրենց տարբեր բնույթի ձեռնարկները նորություն էին քաղաքացիների համար: «Հետո կենտրոնացանք հրատարակչական գործի վրա՝ համարելով, որ ունենք շարունակելու ավանդույթ: Գիտեք, որ Արցախը նաեւ գրչության կենտրոն է: Երբ առաջին գրագետները հայտնվեցին մեր Ամարասի վանքում Մաշտոցի ուսուցումից հետո, բազմաթիվ մատյաններ ստեղծվել են հենց Ամարասում, Գանձասարում, Գրչավանքում եւ այլուր: Մենք փորձեցինք այդ ավանդույթին նոր շունչ տալ՝ շարունակելով Մաշտոցի ավանդույթը: Քանի որ հայ գրականությունը սկզբնավորվեց որպես թարգմանական գրականություն, մենք կենտրոնացանք հենց թարգմանական գրականության վրա»,-ասաց պարոն Ալեքսանյանը եւ նշեց, որ իրենք Ստեփանակերտում հրատարակել են շուրջ 75 անուն գիրք: Իսկ այս աղետալի իրադարձություններից հետո վերջին երկու գրքերը հրատարակել են Երեւանում: «Մենք պետք է շարունակենք այս գործունեությունը, մեր հայացքները միշտ պետք է ուղղված լինեն դեպի մեր երկիրը՝ միշտ մտքի մեջ ունենալով տունդարձը»,-ասաց բանախոսը: Հրանտ Ալեքսանյանը խորին շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր սիրով համագործակցել են իրենց հետ եւ խոսքը փոխանցեց թարգմանիչ Ներսես Աթաբեկյանին:
«Թարգմանությունը ոչ միայն առնչություն է ստեղծում տարբեր գրականությունների միջեւ, այլեւ կարող է հիմք դառնալ գրականության, հայրենական գրականության: Ես այս տեսանկյունով եմ նայում թարգմանական աշխատանքին: Այսինքն, ոչ թե մի լեզվից վերցնել ու թարգմանել մյուս լեզվով, այլ տվյալ լեզվի, տվյալ մշակույթի փաստը դարձնել քո հայրենական մշակույթի փաստը: Թարգմանական գրականությունը մեզ որոշակի ֆունդամենտ է տալիս մեր գրականությունը ստեղծելու համար, նոր արյուն է ներարկում հայրենական գրականությանը: Ու եւս մի պահ. անկումային, դժվար շրջաններում կարողանում է պահել հավասարակշռությունը»,-ասաց թարգմանիչը:
Նա որպես «Ոգի Նաիրի» գեղարվեստական կենտրոնի առանձնահատկություն կարեւորեց այն, որ կենտրոնն իր տնօրենի գլխավորությամբ հրատարակչական գործը երբեք բիզնես չդարձրեց: «Կան հրատարակչություններ, որտեղ գիրքը ապրանք է, ու դա չեն էլ թաքցնում: «Ոգի Նաիրիի» համար գիրքը ապրանք չէ, գիրքը մշակութային արժեք է եւ դժվար ժամանակներում այն փրկօղակներից մեկը, որը մեզ պահելու է ջրի երեսին»,-ասաց Ներսես Աթաբեկյանը:
Գրող, հրապարակախոս, գրքերի ու Արցախում հեռուստահաղորդումների հեղինակ Համլետ Մարտիրոսյանը զարմանքով նշեց, որ այսօրվա միջոցառումը մարդաշատ չէր: «Ներկա իրավիճակը երեւի լավագույնս է արտացոլում հայաստանյան մշակութային կյանքը: «Հրանտ Ալեքսանյանը տարիներ շարունակ իր թարգմանիչների ու հեղինակների հետ կատարել է հսկայածավալ աշխատանք՝ չունենալով նյութական առումով հրատարակության շենք, օֆիս: Հիմնականում աշխատանքը կատարվում է տանը: Եվ այն աշխատանքը, ինչ կատարվել է, հարստացնում է հայ գրականությունը: Արցախում մինչեւ Հրանտ Ալեքսանյանի գործունեությունը չի եղել թարգմանչաց տուն: Եվ ինձ համար ներկա պահին զարմանալի եւ տարօրինակ է, որ մինչեւ հիմա Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Հրանտ Ալեքսանյանին չի հրավիրել համագործակցելու: Մարդը միայնակ անում է այնպիսի ծավալով աշխատանք, որը պարտավորված է լինում կատարել մի ամբողջ ինստիտուտ:
Նմանապես պիտի ասեմ գեղանկարչության մասին: Արցախում տարիներ ի վեր ստեղծվել է ուրույն ձեռագրով յուրահատուկ արտահայտչամիջոցներով գեղանկարչություն, որը մեծ հաշվով հարստացնում է հայկական մշակույթը: Այստեղ պետք է մարդաշատ լիներ, լիներ խանդավառություն: Վերջ ի վերջո, բռնի տեղահանված արցախցիները չեն կորցնում հավատը, մշակույթը պահպանելու ձգտումը»,-ասաց Համլետ Մարտիրոսյանը:
Թեքեյան կենտրոնի պատերը այս օրերին զարդարում են արցախցի նկարիչ Ռոբերտ Ասկարյանի կտավները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ