Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ կոնգրեսական․ «Մենք պետք է ապահովենք, որ բռնի տեղահանված հայերը փոխհատուցվեն՝ չկորցնելով իրենց տներ վերադառնալու իրավունքը»․ «Ապառաժ»

Սեպտեմբեր 21,2024 22:15

Միացյալ Նահանգների օրենսդիրները, հայ համայնքի փաստաբանները, կոալիցիոն գործընկերները և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումը վերապրածները հավաքվել են Կոնգրեսում հրավիրված միջոցառմանը՝ հիշատակելու 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ռազմական հարձակման և ԼՂ-ի էթնիկ զտումների անպատժելիության տարելիցը։

Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումը 10 ամիս շրջափակումից հետո ավարտվեց ավելի քան 120,000 բնիկ հայերի՝ իրենց պատմական հայրենիքից տեղահնմամբ։

Հաղորդվում է, որ օրենսդիրների հետ հանդիպումը նպատակ է ունեցել առաջ մղել ջանքերի լայն շրջանակ, որոնք ուղղված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն, արցախցի փախստականներին օգնելուն և միջազգային պաշտպանության ներքո հայերի անվտանգ վերադարձի ուղին կերտելուն:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել հայ բնակչության շրջափակման և դրան հաջորդած բռնի տեղահանման ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում երկու տարի աշխատած ANCA-ի Ազգային ժողովի տնօրեն Գև Իսկաջյանը.

«Այսօր մենք հավաքվում ենք ոչ թե պարզապես հիշելու, այլ արդարություն պահանջելու համար: Մեկ տարի է անցել Արցախի վրա Ադրբեջանի հարձակման վերջնական հարվածից, սակայն միջազգային հանրությունը մնում է լուռ։ Սա ոչ միայն տարածքի կորուստ է, այլ մշակույթի, ինքնության և պատմության կորուստ՝ մի ամբողջ ժողովուրդ բռնի կերպով արմատախիլ է արվել իր պապենական տնից: Մենք հրաժարվում ենք սա ընդունել որպես վերջ։ Մենք պահանջում ենք միջազգային պաշտպանության ներքո գտնվող յուրաքանչյուր տեղահանված հայի վերադարձի իրավունքը։ Արցախն ապրում է, որովհետև նրա ոգին կենդանի է արդարության համար պայքարող յուրաքանչյուրիս մեջ»։

Կոնգրեսի անդամներն ընդգծել են Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության արգելքների կիրառումը` համաձայն ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907-րդ հոդվածի, Գլոբալ Մագնիտսկու ակտի պատժամիջոցների սահմանում՝ ռազմական հանցագործությունների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ: Մարդու իրավունքների խախտումները՝ համաձայն Օտարերկրյա աջակցության ակտի 502 բաժնի, ենթադրում են միջազգային պաշտպանության ներքո հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի ապահովման պարտավորություն: Անդամները նաև կոչ են արել կոշտ մարդասիրական արձագանք՝ բավարարելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանված հայ փախստականների կարիքները:

Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Գրեյս Մենգն, ով արցախցի փախստականներին ընդլայնված օգնության անխոնջ ջատագովն է, ընդգծել է գործողությունների շարունակական անհրաժեշտությունը.

«100 տարի առաջ Հայոց ցեղասպանությունից մինչև Արցախի էթնիկ զտումներ. ձեր տոկունությունը դարեր է տևել: Մենք պետք է ապահովենք, որ բռնի տեղահանված հայերը փոխհատուցվեն՝ չկորցնելով իրենց տներ վերադառնալու իրավունքը»։

Կոնգրեսական Ջուդի Չուն, ով տարիներ առաջ այցելել է Լեռնային Ղարաբաղ, իսկ հետո նախագահ Իլհամ Ալիևի կողմից արգելվել է Ադրբեջան իր մուտքը, իր սարսափն է արտահայտել հայերի բռնի տեղահանման կապակցությամբ.

«Սրտաճմլիկ է այժմ փախստականներ պատկերացնել այն մարդկանց, որոնց ես հանդիպեցի մի քանի տարի առաջ։ Միացյալ Նահանգները պետք է մերժի այս էթնիկ զտումները և հստակ հանդես գա ժողովրդավարության, ինքնորոշման և խաղաղության օգտին»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել