«Վավերագրելով դրաման» ծրագիր– Առաջինն Արցախ հասած շտապ օգնության անձնակազմը մի քանի օրում 100 ծանր վիրավոր է փրկել
31-ամյա Վազգեն Ասատրյանը երեք տարի աշխատում է շտապ բուժօգնության կայանում։ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի հարձակմանը հաջորդող օրերին նա բժիշկների խմբի հետ Հայաստանից Արցախ է մեկնել։
23 մեքենա պետք է դուրս բերեին ծայրահեղ ծանր հիվանդներին ու վիրավորներին։ Վազգենն իր երկու գործընկերներով ու վարորդով՝ 51-րդ բրիգադը, սեպտեմբերի 22-ին առաջինն են հասել Ստեփանակերտ։
Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում կազմակերպվում էր ծանր հիվանդների ու վիրավորների տեղափոխումը՝ ամեն մեքենայում 4-5 մարդ։
Կարդացեք նաև
Վառելիքի պահեստի մահաբեր պայթյունից հետո հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդիկ կային։
Հիվանդանոց մտնելուն պես հասկացել են՝ մարդիկ աշխատում են՝ թերսնված, հոգնած ու լարված։
Այլ իրավիճակում շտապ օգնության մեքենան Ստեփանակերտից Հակարիի կամուրջ կհասներ 40 րոպեում։
Այդ օրերին հնարավոր ամենաարագ երթով ծանր հիվանդներին Գորիս են հասցնում հինգ ժամում։
Ստեփանակերտից հեռանալիս Վազգենը հիվանդանոցի
բակից քարեր է վերցրել, տեղավորել բժշկական
ձեռնոցների մեջ ու հետը բերել Երևան։Մինչև հիմա պահում է նաև բժշկական արտահագուստն
ու ճանապարհին հեռախոսով արված կադրերը։
Ստեփանակերտի հիվանդանոցից Վազգենն Էրեբունու հիվանդանոց է տեղափոխում վիրավոր մի զինվորի։
Անգիտակից տղան ծայրահեղ ծանր վիճակում էր։
Նրանց հանդիպումը կայացավ Արթուրենց տանը, վեց ամիս անց։ Արթուրը բարդ վիրահատություններ է տարել, երկար վերականգնվել։
Տղայի դեմքին սպիացած վերքեր կան, որոնք Վազգենն անգիր գիտի ու ձեռքի հպումներով զննում է:
Բժիշկը հիշում է, որ կա՛մ պիտի դատարկ վերադառնային, կա՛մ վերցնեին այդ տղային, որին ապրելու հույս չէին տալիս։
Հիվանդանոց հասցնելուց հետո բժշկի հետ կապը պահում էր տղայի մորաքույրը։
Արթուրը ծանր վիրավորվել է սեպտեմբերի 19-ին հարազատ գյուղի՝ Ավդուռի բարձունքում։
Վիրավորվելու դրվագը չի հիշում։ Խրամատից տղային դուրս է բերել եղբայրը՝ Արայիկը։
Մեծ դժվարությամբ Արթուրին Մարտունուց հասցրել են Ստեփանակերտի հիվանդանոց։
Աջ ոտքը չեն կարողացել փրկել, իսկ ձախն արդեն 9 անգամ վիրահատել են։ Կոմայից դուրս է եկել սեպտեմբերի 29-ին, հիվանդանոցից դուրս գրվել՝ երկու ամիս անց։
Ուշքի գալուց հետո ցանկացել է վերադառնալ հարազատ գյուղ։ Մայրը՝ Գայանեն, հուզմունքով հայտնել է, որ վերադարձն անհնար է։
Գայանեի համար ծանր է Արթուրին անվասայլակին տեսնելը։
Վերջերս ամուսինն է մահացել, իսկ 2020 թվականին Թալիշի մատույցներում զոհվել է Արթուրի ու Արայիկի ավագ եղբայրը՝ Արմանը։
Երկսենյականոցում Արթուրն ապրում է մոր, եղբոր՝ Արայիկի, քրոջ՝ Անուշի ու նրա դստեր հետ։
Ադրիանայի համար փորձել են քեռու երկար բացակայությունն արդարացնող պատճառ գտնել։ Ասել են, թե Արթուրը պաշտպանում է գյուղը։
Բժիշկն ասում է, որ իր տեղափոխած վիրավորների հարազատների հետ մի քանի անգամ խոսել է, հավաստիացել, որ գիտակցության են եկել, ու նոթատետրում ջնջել հիվանդների անունները։
Հրաժեշտի պահին Վազգենն արդեն իր համարն է տալիս Արթուրին։
«Ես քո բժիշկն եմ․
հարցեր լինեն՝ զանգի»
Բժշկի նոթատետրում հերթապահության ժամերն ու օրերն են, դեպի Ստեփանակերտ երթերի մասին տվյալները։ 70 կիլոմետրանոց մեկ երթը նվազագույնը հինգ ժամ է տևել։
51-րդ բրիգադը բռնի տեղահանման ճանապարհն անցել է մի քանի անգամ և 100 հիվանդ տեղափոխել։