Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն իրենով մերժել է իրեն Եռաբլուրից․ Բագրատ սրբազան

Սեպտեմբեր 21,2024 14:30

«Այցելությունը Եռաբլուր ուխտի, երդումի պահն է՝ առաջինը իրենց վերադարձնելու երազներն ու հայրենիքը, հաղթանակի տեսիլքը, որ մեր տղաներն ունեցել են: Որովհետեւ մենք այսօր զրկված ենք մեր Արցախ աշխարհից, որի ազատագրման համար նահատակության գինն ենք վճարում մեր զավակների: Զրկված ենք մեր բազմաթիվ տղաներից, որոնք եւ որոնց մարմինները մինչեւ հիմա գերության եւ անհայտ վիճակների մեջ են գտնվում:

Գտնվում ենք լայն իմաստով գողացված ուրախության ժամանակներում: Ուխտ է մեր համար՝ վերականգնելու այդ բոլորը»,- Եռաբլուրում լրատվամիջոցներին ասաց արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը:

Դիտարկմանը, թե մեր երկիրը Հիսուս Քրիստոսի տարիքին է, եւ դա ի՞նչ խորհուրդ ունի իր համար, Սրբազան հայրը պատասխանեց. «Խաչելությունն ու Հարությունը միաժամանակ են տեղի ունենում: Մեր Տիրոջ տառապանքի ճանապարհը եւ հաջորդող Հարության խորհուրդը մեր նկարագրի, էության մասն է կազմում: Եվ շատ խորհրդանշական է, որ մեր պետությունը մեր Տիրոջ տարիքն ունի, 33 տարեկան է: Հուսանք, որ այն խաչելության ճանապարհը, որ հիմա մենք անցնում ենք, մոտ ապագայում դառնա Հարության, հաղթանակի լույս»:

Հարցին, որ Եռաբլուրում  պաշտոնյաներին սպասող զոհված հերոսների ծնողներին ինքը խոհեմություն ցուցաբերելու խորհուրդնե՞ր տվեց, Բագրատ սրբազանը պատասխանեց. «Անկախ նրանից՝ ծնողները թույլ տան կամ թույլ չտան, Եռաբլուրը իրեն մերժած է, ինքը կապ չունի Եռաբլուրի հետ, ոչ մեկի հետ: Եթե  մարդու եւ ընդհանրապես այդ ամբողջ ցանցի համար հերոսը, սխրանք գործողը հարկատուն է՝ պարզ մի պարտականություն, որ մարդիկ կոչված են կատարելու եւ դա հերոսություն ու սխրանք է, եթե մարդու համար սեպտեմբերի 19-ը Հայաստանի Հանրապետության իրական անկախության օրն է, եթե այդ մարդու  համար Արցախը, որտեղ մի ժամանակ պարում, երգում, հաց էին ուտում, խմում, աշխարհի հետ մեծ-մեծ խոսում էին, այլեւս ոչ մի արժեք չունի եւ չի ունեցել,  ի՞նչ իմաստ ունի: Ինքն իրենով մերժել է իրեն Եռաբլուրից: Ինքն է մերժել: Մեր ծնողները կկարողանան, կմերժեն չեն մերժի, կթողնեն չեն թողնի, իրենց ընդվզումը կհայտնեն, հող հանձնողները, հայրենիք հանձնողները հայրենիք ուրացողները, նահատակներ ուրացողները, հերոսություն ու սխրանք ուրացողը, իրական Հայաստան կոչված պատրանքով փորձելով հակադրել մեր ամբողջ ինքնությանը, ի՞նչ գործ ունի Եռաբլուրում, գալիս է որ ի՞նչ անի: Հետեւաբար միայն մեր ծնողների ընդվզումով չէ, Եռաբլուրն էլ է ընդվզում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30