«Վավերագրելով դրաման» ծրագիր – Գաղթի ճանապարհին Ելենան մահացել սրտի կաթվածից
Հյուրասենյակի անկյունում Ելենա Սարգսյանի լուսանկարն է հարազատ գյուղից՝ Լուսաձորից, վերջին պահին վերցրած նոթատետրը՝ բոլոր համագյուղացիների հեռախոսահամարներով։ Պայուսակում նաև խունացած նամակներ են եղել՝ թոռներից։
Ելենան Սարգսյանն ընտանիքի ավագն էր, 88 տարեկան։ Լուսաձորում բոլորը ճանաչում էին նրան։
Երկար տարիներ տեղի դպրոցում աշխարհագրություն է դասավանդել, հետո դարձել դպրոցի տնօրեն։ Բոլորն ընկեր Սարգսյանին գիտեին։
Կարդացեք նաև
Ելենա տատը մահացավ բռնի տեղահանության ճանապարհին՝ սրտի կանգից։ Նրանց ընտանիքը երեք մեքենայով էր դուրս եկել Ստեփանակերտից՝ սեպտեմբերի 27-ին։
Իրենց հետ վերցրել են միայն տաք հագուստ, ճանապարհի ուտելիք և ընտանեկան լուսանկարներ։ Մեքենաները դանդաղ են ընթացել։ Ընտանիքն արդեն մեկ օր ճանապարհին է եղել։
Ելենա տատի թոռան կինը՝ Մարիամը, հիշում է՝ անընդհատ երեխեքի մասին են մտածել՝ ո՞նց են կաթնախառնուրդ սարքելու առանց տաք ջրի, ո՞նց են երեխաներին տեղ հասցնելու․․․
Գիշերվա ժամը 2-ին մոտ Ելենա տատը ջուր է ուզել, խմել, ապա փակել աչքերը։ Մեքենայում բոլորին թվացել է, թե տատը քնել է։
Ճանապարհի կեսն էլ չէինք հասել, շատ անհանգիստ էր, անընդհատ հարցնում էր՝ ե՞րբ ենք տեղ հասնելու, ո՞ւր ենք հասել․․․
Ողջ ընթացքում ո՛չ հաց էր ուզում ուտել, ո՛չ ջուր։ Կրկնում էր՝ Ադանայի ջարդերն են, մեզ է հասել։
Բռնի տեղահանումից հետո Սարգսյանների բազմանդամ ընտանիքը հաստատվել է Երևանում։ Երկսենյականոց բնակարանում ապրում է Ելենային որդին՝ կնոջ՝ Նելլիի հետ, աղջկա ընտանիքը՝ երկու երեխաներով, միջնեկ որդին՝ Շիրակն իր կնոջ՝ Մարիամի և երկու որդիների՝ Դանիելի ու Լեոյի հետ։
Նելլիի ավագ որդին՝ Սևակը, կնոջ և դստեր հետ բնակվում է Ծաղկաձորում։ Տեղահանությունից անմիջապես հետո ծնվել է նրանց երկրորդ երեխան՝ փոքրիկ Ելենան․ անվանակոչել են ի հիշատակ Ելենա տատիկի։ (Փոքրիկի ծնողները չցանկացան նրան լուսանկարներում ներկայացնել):
Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման ժամանակ եղբայրների ընտանիքները միավորվել են հարազատների ու հարևանների հետ, երկու գիշեր 20 հոգով անցկացրել նկուղում․ կանայք և երեխաներ։ Լուսաձորում ապրող Ելենա տատից տեղեկություն չեն ունեցել։ Կապ չի եղել։ Միակ բանը, որ գիտեին՝ պատերազմ է սկսել։
Միայն հրադադարի համաձայնությունից հետո է տղան հասել Լուսաձոր և Ելենային բերել Ստեփանակերտ։ Տեղահանության ճանապարհին պատահել է դժբախտությունը։
Երեք մեքենայով ճանապարհ ընկած ընտանիքի անդամները հայտնվել են ճանապարհի տարբեր հատվածներում։
Արդեն մահացած Ելենայի մարմինը թոռնիկի հետ նույն մեքենայում թողնելն անհնար է եղել։
Հարազատները տեղափոխվել են այլ մեքենա և այդպես հասել Հակարի անցակետ։
Ելենայի որդին մինչև Գորիս տեղյակ չի եղել դժբախտությանը։
Նեղվածքը, անձրևը, հազարավոր մեքենաների խցանումն ու տանջալից երկար ճանապարհը մեկ բառով նկարագրում են՝ դժոխք։
Անցակետում սկսում է նոր փորձություն՝ ադրբեջանցի զինյալների հարցերը, զննությունն ու ծաղրը։ Մեքենայի մոտ զինյալները հեռախոսներով ուղիղ եթեր են հեռարձակում, ցուցադրում 88-ամյա կնոջ մարմինը, ստիպում են հեռացնել մեքենայի դիմապակու խաչը։
Անցակետը հաղթահարելուց հետո փորձում են կազմակերպել դիակի տեղափոխումը։ Բազմանդամ ընտանիքը դեռևս չգիտեր՝ որտեղ է հանգրվանելու։ Մարմինը մեկ օր պահում են Գորիսում, հետո նոր հոկտեմբերի 8-ին վերջապես հուղարկավորում Երևանում։