ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
1924թ.-ին հիմնադրված շախմատի միջազգային ֆեդերացիան, որն այս տարի նշում է իր 100-ամյակը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ: ՖԻԴԵ-ի այս աննախադեպ արձանագրումը խոսում է Հայաստանի Հանրապետության շախմատային պատվի ու բարձր հեղինակության միջազգային ճանաչման մասին: Այն երկար տարիների քրտնաջան ու հետևողական աշխատանքի հավաքական գնահատականն է, որը ձևավորվել է համաշխարհային օլիմպիադաներում և միջազգային տարբեր մրցաշարերում արձանագրված մեծ ու փոքր հաղթանակներով ու շախմատային նվաճումներով:
Ցանկացած պետության կյանքում սա մեծ պատիվ ու համազգային տոնի վերածված նշանակալի իրադարձություն կլիներ:
Ջերմորեն շնորհավորում եմ մեր շախմատային հավաքականին, ինչպես նաև այս գործում իրենց մեծ ու փոքր ավանդն ունեցած բոլոր շախմատիստներին:
Շնորհավորում եմ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, ում ջանքերն ու ավանդն անուրանալի են ոչ միայն Հայաստանի անկախ պետականության կայացման ու ամրապնդման, այլ նաև հայկական շախմատի զարգացման ու առաջընթացի գործում:
Հուսանք, որ նիկոլիզմի բերած համատարած պարտությունների, աղետալի ու կորստաբեր իրադարձությունների ծանր ֆոնի վրա, հայկական շախմատի այս ձեռքբերումը մեկնարկ կհանդիսանա ապագա Հայաստանի վերելքի ու մեր ժողովրդի նոր հաղթանակների համար: