Հայաստանը շնորհավորանքներ է ստանում Անկախության տոնի առթիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ
Միացյալ Նահանգներն անսասան է մնում հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում։
Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը պատասխանատու կառավարման և օրենքի գերակայությանը մեծ մարտահրավերների ժամանակ: Մենք կշարունակենք պաշտպանել Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն և արժանապատիվ խաղաղությունը։
Որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրը՝ Նահանգները հպարտ է շարունակելու աջակցել Հայաստանին, որը դառնում է ժողովրդավարական համայնքի ծաղկուն անդամ:
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտուրը վերջին տասը տարվա ընթացքում կրկնապատկվել է, արձանագրել է Բլինքենը՝ հավելելով, որ աշխատում են Հայաստանին էներգակիրների մատակարարումը դիվերսիֆիկացնելու և նրա բնակչության և տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
«Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ավելի մեծ բարգավաճում ստեղծել մեր ժողովուրդների և տարածաշրջանի համար՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի կապված, կայուն և անվտանգ», – ասված է Բլինքենի ուղերձում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր շնորհավորական ուղերձում նշել է․
«Մեր քաղաքացիներին համախմբում են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, ինտեգրացիոն կառույցներին մասնակցությունը և սերտ գործարար գործընկերությունը»:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի ժողովրդին բարեկեցություն և առաջընթաց է մաղթել.
«Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և իր միջազգային հեղինակության ամրապնդման գործում»։
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին՝ Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
«Ես կարևորում եմ մեր ժողովուրդների միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ խնդիրների շուրջ՝ լինի դա խաղաղություն և բարգավաճում, թե շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն»։
ՀՀ անկախության տոնի առթիվ շնորհավորել է նաև Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ X-ում գրելով․
«Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը։ Եկեք հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ»։
Շնորհավոր Անկախության տոնը: Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը։ Եկեք հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ։ pic.twitter.com/0VcvG9Iwkk
— Olivier Decottignies (@O_Decottignies) September 21, 2024