Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան․ «Ռուսաստանից մեզ կկտրեն, բայց նոր էներգահամակարգ չենք մտնի կամ դա կլինի ավելի թանկ»․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 21,2024 12:10

Նիկոլ Փաշինյանը նախօրեին երկրորդեց իր գործընկեր Ալիեւի՝ ապրիլի 25-ին արված հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումից և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանը կկարողանա գազ գնել Ադրբեջանից։ Ալիեւն այն ժամանակ խոսել էր Վրաստանի համար ադրբեջանական գազի առավելությունների մասին ու նշել, թե` հաշվի առնելով  «մերձությունը և ենթակառուցվածքները», նման համագործակցությունը «բնական կլիներ»։

Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» ամպագոռգոռ անունով հավաքի ժամանակ էներգետիկ անվտանգությունից խոսելիս` հիշեցրեց, որ Հայաստանը գազ է գնում Ռուսաստանից եւ Իրանից ու ասաց, որ ապագայում, խաղաղության հաստատման դեպքում, կարող է Հայաստանը գազ ներկրել նաև Ադրբեջանից։ «Եթե, օրինակ, պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ է անցնում դեպի Նախիջևան կամ Թուրքիա, ապա այդ տարբերակները նույնպես չի կարելի բացառել»,-հայտարարեց նա՝ հիշելով նաեւ Ալիեւի հայտարարությունը։

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է՝ Ադրբեջանը Հայաստանի համար գազ չունի։ Որպեսզի Ադրբեջանից Հայաստան գազ մատակարարվի, նախ, պետք է վերականգնել Ղազախով եկող գազամուղը (մոտ 100 կմ), իսկ որ ամենակարեւորն է՝ Հայաստան գազ մատակարարելու համար Ադրբեջանը  2-2,5 մլրդ խմ պետք է պակասեցնի Եվրոպա ուղարկվող գազը, ինչը ԵՄ-ն երբեք թույլ չի տա։

«Ադրբեջանի գազը 2,5 անգամ ավելի թանկ է ռուսական գազից, եթե ցանկանում են գազ գնել այլընտրանքային ճանապարհով, թող Իրանից գնեն՝ գազատարն էլ կառուցված է։ Ադրբեջանից գնում են, որ երբ ուզի՝ փակի՞։ Կլինի այնպես, ինչպես ապահովում էին Ստեփանակերտին»,-«Հրապարակ»-ին ասում է Հրանտ Բագրատյանը:

Նախկին վարչապետի խոսքով, առհասարակ, Հայաստանի էներգետիկ ոլորտին առնչվող վերջին շրջանի հայտարարությունները՝ սկսած Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցելուց, որը (մոդուլայինը) ըստ Բագրատյանի, ընդհանրապես Հայաստանին հարկավոր չէ, վերջացրած ադրբեջանական գազ գնելու պատրաստակամության մասին հայտարարությունով, մեկ նպատակ են հետապնդում՝ Հայաստանը բոլոր առումներով, այդ թվում՝ էներգետիկ, կտրել Ռուսաստանից, որի հետեւանքը լինելու է այն, որ կրկնվելու է իրավիճակը, որն այսօր ունենք անվտանգային համակարգում, երբ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է եղած համակարգից, բայց չի կարողանում նորը ստեղծել, որովհետեւ Արեւմուտքը Հայաստանը չի տեսնում իր անվտանգային համակարգում։

Նույն կերպ, ըստ Հրանտ Բագրատյանի, Հայաստանը չի դառնալու արեւմտյան էներգետիկ համակարգի մաս՝ կտրվելով ռուսական եւ իրանական համակարգերից․ «Ռուսաստանից մեզ կկտրեն, բայց նոր էներգահամակարգ չենք մտնի կամ դա կլինի ավելի թանկ»։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30