Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչը չենք արել 33 տարում

Սեպտեմբեր 21,2024 10:00

Այն, որ պետականության 33-րդ տարում Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, ո՛չ պատահականություն է, ո՛չ էլ «մոլորակների շքերթի» արդյունք: Այդ փաստը հետեւանք է պետության հանդեպ ՀՀ քաղաքացիների մեծամասնության վերաբերմունքի: Անձերն արտահայտում են այն գործընթացները, այն օրինաչափությունները, որոնք կան հասարակության մեջ: Եթե այսօր Փաշինյանը հանրաքվե կազմակերպի՝ «համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի Ադրբեջանի կազմում» հարցով, եւ իր ճարպիկ լեզվով քարոզի, որ հենց դա՛ է մեր ազգի փրկությունը, ենթադրում եմ, որ հայաստանցիների մոտ 80 տոկոսը կպատասխանի «այո»:

Պատճառները խորքային են:

Մենք 33 տարում չստեղծեցինք պետականության սեփական մոդելը՝ այն, ինչ, իմ կարծիքով, հաջողվել է անել Ադրբեջանին, եւ ինչին վերջին տարիներին ձգտում է Վրաստանը: Պարզ է, որ 1990-ականների առաջին կեսին դա մեզ համար չէր կարող լինել ամենահրատապ խնդիրը: Դրանից հետո խնդիրը դրվեց այսպես՝ մոդելը պետք է փոխառնվի կա՛մ Ռուսաստանից, կա՛մ Արեւմուտքից, կամ պետք է լինի «կոմպլեմենտարիզմ»: Ժամանակն է դուրս գալ այդ պարադիգմից, ինչը եւ արել են կամ անում են մեր հարեւանները: (Այդ պարադիգմի մեջ գտնվողները, հավանաբար, կհասկանան ինձ այնպես, որ ես կոչ եմ անում նմանվել Վրաստանին եւ Ադրբեջանին):

Մենք չենք կարողացել ստեղծել լուրջ, ազդեցիկ վերնախավ՝ մտավոր, տնտեսական, քաղաքական, ռազմական: Պարզ է, որ Հայաստանում խելացի, մտածող մարդիկ ավելի քիչ չեն, քան որեւէ այլ երկրում: Խոսքը «վերնախավ» երեւույթի համակարգային իմաստի մասին է: Վերնախավի փոխարեն արեւմտյան որոշ շրջանակներ, թեթեւ ներդրումներ անելով, վերջին երկու տասնամյակում բուծել են արեւմտյան արժեքների հետ կապ չունեցող «արեւմտամետների» եւ քաղաքացիական հասարակության գաղափարը խեղաթյուրող «հ/կ-ականների» մի շերտ, որը չի կարող փոխարինել իրական վերնախավը:

1970-80-ական թվականներին Գիտությունների ակադեմիայում, ԵՊՀ-ում, Մերգելյան ինստիտուտում եւ խորհրդային այլ հիմնարկներում ձեւավորված վերնախավը, որը կազմում էր 1990 թվականի խորհրդարանի հիմքը, ի հեճուկս այդ հիմնարկների ակնհայտ թերությունների, ուներ որոշակի համակարգային մտածողություն ու ազգային-պետական տեսլական:

Անկախ Հայաստանը նման «դարբնոցներ» կամ «վերելակներ» չուներ: Իսկ դրսի «դարբնոցների» կադրերը, որոնք կազմեցին 2018 թվականի խորհրդարանը, յուրացրեցին ինչ-որ մակերեսային բանաձեւեր, հռետորական հնարքներ՝ չխորանալով անգամ իրական եվրոպականության մեջ, որը, իբրեւ թե, նախընտրում են:

Արդյունքում մենք ունենք հասարակություն, որը գնում է Փաշինյանի հետեւից: Իսկ ավելի ճիշտ՝ Փաշինյանն է գնում այդ հասարակության հետեւից: Հասարակություն, որը չէր ձեւավորում Արցախն անվտանգ պահելու պահանջ եւ հիմա էլ կառավարության առաջ չի դնում հայկական պետականությունը պահպանելու պահանջը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Շատ կարևոր հարց եք բարձրացնում և երկու փաստարկ բերում. մեկ` որ ի տարբերություն Ադրբեջանի, չստեղծեցինք պետության մեր մոդելը և երկու` որ չստեղծեցինք լուրջ ու ազդեցիկ վերնախավ` դրա համակարգային իմաստով։ Համաձայն եմ։ Սակայն կարծում եմ, որ ավելի տեղին կլիներ հարցնել, թե ի՞նչ արեցինք, որ այսպես եղավ։ Հարցը շատ ընդգրկուն ու բազմաշերտ է, պահանջում է լուրջ քաղաքագիտական հետազոտություն։ Ես` որպես այս 33 տարիների դեպքերի վկա, միայն մեկ գործոն կնշեմ։ Մենք` երկար դարեր պետականությունից զուրկ ու պատերազմի մեջ գտնվող երկիր, անընդհատ տուրք ենք տալիս արևմտյան ժողովրդավարություն կոչվող լոլոներին։ 95-ից այս կողմ մեր իշխանություններն ու հաճախ նաև ընդդիմությունն իրենց արած ցանկացած այլանդակություն քողարկել են ժողովրդավարության անվան տակ – կեղծված ընտրություններ, սահմանադրության փոփոխություններ, իշխանազավթում, տնդուպ մինչև հողերի հանձնում… Ժողովրդավարության պսակն էլ, բնականաբար, 2018-ի «ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն» էր` 2020-ի և 2023-ի իր հետևանքներով, որ դրեցինք ժողովրդավարության զոհասեղանին։ Մի հարց է, որ մինչև հիմա կատարվածը չի գիտակցվում մեր հասարակության կողմից, մեկ այլ հարց, որ կորուստները մոտ ապագայում ավելանալու են։
    Հիմա պետության` «կայացած ադրբեջանական մոդելի» մասին: Դրա սկիզբը դրվել է 1993-ին` բռնի հեղաշրջման միջոցով (Ձեր նախորդ խմբագրականում ասում եք «Բռնի հեղաշրջմամբ ոչ մի խնդիր չի լուծվի, հակառակը՝ խնդիրները կբարդանան»), իսկ դրա հիմքում պետության ավտորիտար կառավարման մոդելն է և հմուտ արևելյան դիվանագիտությունը։ Ես չեմ ասում, թե սա պետք է լինի նպատակին հասնելու միակ ձևը կամ, առավելևս` պետական կառավարման երկարաժամկետ մոդելը։ Սակայն համոզված եմ, որ «արևմտյան ժողովրդավարություն» կոչվող մոդելը չի կարող աշխատել մեզ պես տհաս ու պատերազմող պետությունների համար։ Դրա շահառուն վերջիվերջո լինելու են Նիկոլի պես ներդրված «ժողովրդավարները», որոնք ուշ թե շուտ վարձու բռնապետ են դառնալու։

  2. Հարց. Ինչո՞ւ անկախ Հայաստանը չուներ ‘դարբնոցներ’: Պատասխան. Հայաստանում ’դարբնոցներ’ ունենալը չի եղել նպատակ/պահանջ անկախություն բերած ուժերի համար:
    Փոխարենը ներմուծվեց արագ հարստանալու սխեմաների յուրացման ‘դպրոցն ու համալսարանը’: Կենտրոնում դրված այս նպատակի շուրջը ձևավորվեց ու շարունակում է սահմանվել ապրելաոճը, բարոյական արժեքները… Ի դեպ. սա մաքուր արևմտյան ներմուծում է:

    Դարբնոցում մի փոքր սխալն անգամ բացառվում է: Մինչդեռ, սխալների թափն ու անպատժելիության շռայլ սպեկտրը ձեռք-ձեռքի կազմում են ‘հայկական մոդելի’ նկարագիրը: Պատկերացրեք կիսատ-պռատ կրթվածների կույտը ակադեմիական քաղաքի գաղափարը քննարկելիս: Այս աբսուրդն է ‘հայկական մոդելը’: Կիսատ-պռատության, գեղցիության արդյունքն է և 2020-ը և հաջորդող ու գալիք աղետները: Եվ ոչ մի պատիժ:

    Բարոյականության նորմերի պրիմիտիվ փաթեթը ներքևից սողալով տարածվեց վերև (‘դարբնոցները’) մութ ու ցուրտ ու սոված տարիներին: Հաստատվեց այնտեղ ու սկսվեց պետականության քայքայումը: Այդ քայքայման փրփուրը կազմեց ‘նիկոլ’ ասածի գալը: Եթե առաջներում կիսատ-պռատ գործ անելը ամոթալի էր, հիմա դա դարձավ ընդունելի. կարելի է վերջում ասել. ‘ ներողություն արած ու անելիք սխալների համար’: Լպիրշության ու լկտիության խարնորդ: Քայքայման փրփուրն է պետության մեքենայի ղեկին:

    Ես հրաժարվում եմ նիկոլին օժանդակել 2026-ին վերարտադրվելու համար: Նա միայն սրանով է զբաղված: Նա հրեշ է, որը վերարտադրվելու համար զոհաբերել է ու էլի կզոհաբերի սերունդներ: Հետո կասի. ‘կներեք սխալներս’: Եվ իր տիկինը կավելացնի. ‘ի վերջո մենք ենք ընտրում մեր հարևանությունը’: Նկատի ո՞ւնի Եռաբլուրը, թե/և արցախցիներին Հայաստանում ապրելու տուն որոնելուց…

    Ի՞նչ է որ մենք չենք անում հենց հենց հենց հիմա: Որպեսզի մի 2, 3,… տարի հետո չհարցնենք հոդվածի հարցը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30