Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնվող «Անտունիում» երգչախումբը ինտեգրվել է բալետային խմբում

Սեպտեմբեր 21,2024 12:30

Հարցազրույց բալետի արտիստ, առողջության համակարգի գծով մարզիչ Սուսաննա Մարտիրոսյանի հետ

– Հարգարժան Սուսաննա, 55 տարի անց, վերջապես Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն անդրադարձել է ձեր հոր` անվանի խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանի «Անտունի» բալետին, Էդգար Հովհաննիսյանի հանճարեղ երաժշտությամբ: Սեպտեմբերի 26, 27-ին  կկայանան պրեմիերային առաջին ներկայացումները: Վերականգնման աշխատանքները իրականացնում եք դուք: Կարելի է պատկերացնել, թե դա ինչ պատասխանատվություն է:

– Իսկապես՝ վերջապես: Ներկայացումը կարիք ուներ թարմացվելու, վերամշակվելու եւ ինչպես ընդունված է նման դեպքերում ասել` նոր շունչ ստանալու: Իհարկե, պահպանելով այն առանձնահատուկ, եզակի ոճը, որ հաղորդել էր հայրս: Ասեմ, որ հայրս ստեղծել էր բալետային նոր «բառապաշար»՝ սինթեզելով ազգագրականը, դասականը, նեոկլասիկը, այսպիսով նոր շունչ փոխանցել ներկայացմանը:

Հորս բեմադրության ընթացքում երգչախումբը չուներ դերասանական ֆունկցիա, հիմա երգչախումբը ինտեգրվել է բալետային խմբում, դառնալով մի ամբողջություն:

Տեսարաններ 1969թ. «Անտունիի» բեմադրությունից:

– Ձեր հայրը նաեւ լիբրետոյի հեղինակն է…

– Այո, նա դիմել էր Էդգար Հովհաննիսյանին եւ մեծանուն Մինասին, վերջինիս առաջարկելով դառնալ բեմադրության սցենոգրաֆը: Հայրս տարված լինելով Կոմիտասի երաժշտությամբ ու կերպարով, մեծ ցանկություն ուներ Վարդապետի ծննդյան 100-ամյակի առիթով «նվիրատվություն» անել նրա հիշատակին: Այսպիսով ստեղծվել էր մի հանճարեղ եռյակի` Էդգար Հովհաննիսյան, Մինաս, Մաքսիմ Մարտիրոսյան վառ ստեղծագործական համագործակցություն, որոնք միմյանց լրացնելով՝ պարզապես ծնեցին այս իսկապես չքնաղ գործը…

– Եվ այդ գործը թատրոնի խաղացանկում կարճաժամկետ կյանք ունեցավ` մոտ 3 տարի, ինչը մեզ հետ զրույցներում արվեստագետներից շատերը կապել են Մաքսիմ Մարտիրոսյանի՝ Մոսկվա մեկնելու, այնտեղ Պարարվեստի ակադեմիայի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելու հետ:

– Գուցե… Բայց հայրս 1987թ. Մոսկվայից վերադառնալուն պես, ստանձնելով թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնը, վերականգնեց այն եւ ներկայացումը, այ այստեղ կարելի է ասել, որ «Անտունին» խաղացանկում էր  մոտ 3 տարի: Իսկ հետո արդեն երկրաշարժ, ղարաբաղյան շարժում, խորհրդային երկրի փլուզում… Բնական է, որ այդ ամենը ոչ միայն «Անտունիի», այլեւ ամբողջ խաղացանկի ճակատագրի վրա բացասական անդրադարձ ունեցավ:

– Մենք, գոնե վերջին ավելի քան քառորդ դարի ընթացքում, բոլոր ժամանակների, բոլոր տնօրեններից հետաքրքրվել ենք՝ ինչո՞ւ  չի վերականգնվում «Անտունին»:

– Ներկայացումը չէր վերականգնվում ինչ-ինչ պատճառներից ելնելով:

– Ինչ-ինչ պատճառները պատճառ չեն «Անտունիի» դեպքում, դրանք արդարացում չեն: Թեեւ վստահ ենք, որ դուք գիտեք հիմնական պատճառը կամ պատճառները, թեեւ հիմա այդ մասին բարձրաձայնելը ժամանակավրեպ է: Միայն մեկ փաստ արձանագրենք. ավելի քան կես դար անց «Անտունին» վերականգնվում է՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի տնօրինությամբ:

Ինչպես են ընթանում, կարելի է ասել՝ վերջին փորձերը, հավանաբար ներկայացումն արդեն գրեթե պատրաստ է:

– Վերականգնելով այս ներկայացումը, վերադառնում ենք մեր ակունքներին: Այո, «Անտունիի» վերադարձն առանց չափազանցության վերադարձ է դեպի մեր ակունքները:

– Կարելի է ենթադրել, թե ինչ ոգեւորություն է տիրում բալետային խմբում:

– Արտիստները ոգեւորված են: Սա նոր բալետային լեզու է,  անծանոթ, բայց հենց դա առիթ եղավ մեծ ոգեւորության համար: Իհարկե, կոմիտասյան մեղեդիները եւ դրանց` Էդգար Հովհաննիսյանի աննման մշակումն էլ ոգեւորության աղբյուր հանդիսացան, օգնելով տիրապետել բալետային նոր լեզվին: Նշեմ, որ ողջ ներկայացումը յուրահատուկ հոգեվիճակ է փոխանցում: Լայն ընթերցողի համար, նշեմ նաեւ, որ շարժումները, պլաստիկան այդքան դժվար չեն, այստեղ չափազանց կարեւոր է էմոցիոնալ հագեցվածությունը: Ներկայացումը հարուստ է դրամատիկ տեսարաններով եւ կարեւոր են, որ այդ լիցքերը փոխանցվեն հանդիսատեսին: Միայն այս դեպքում այն կդիտվի մոնումենտալ բալետ-դրամա:

Ներկայացումը դիտարժան է նաեւ զգեստներով, որոնց հեղինակը մեր նշանավոր նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն է: Այստեղ հատկանշական է այն, որ այսօր զգեստների վերականգնմամբ զբաղվում է Էդգար Հովհաննիսյանի դուստրը` անվանի նկարիչ  Ռուբինա Հովհաննիսյանը:

– Ըստ էության բեմադրությունը վերականգնում են այն ստեղծողների ժառանգները, կոմպոզիտորի դուստրը` Ռուբինան, Մինաս Ավետիսյանի որդին` Նարեկը, դուք` խորեոգրաֆի դուստրը:

– Ես կուզեի այսօր հիշատակենք 1969թ. «Անտունիի» բալետային խմբին ու մենապարողներին: Եթե ոչ նրանք, այդ կազմը, հորս երեւակայության պատկերները չէին իրականանա: Մեկ-երկու, հայկական բալետի կորիֆեոսներից անուն բարձրաձայնեմ միայն` Աննա Մարիկյան, որն ամբողջությամբ տեղ հասցրեց Խումարի կերպարի էությունը, Ռուդոլֆ Խառատյան, ով մարմնավորել էր Կոմիտասին:

– Իսկ այսօր:

– Ռուբեն Մուրադյան, Սեւակ Ավետիսյան, Անահիտ Վասիլյան, Մարիամ Գարաջյան… եւ իհարկե՝ կորդե-բալետի արտիստները: Այսօրվա մեր բալետային խմբի ու մենապարողների համար, որոնք հասկանալի պատճաով չէին կարող տեսնել հորս ներկայացումը, նրանց ծանոթացնում եմ  տեսագրությանը, թեեւ վերջինս ոչ պրոֆեսիոնալ է արված, վատ որակի է, բայց փոխանցում է այն ամենը, ինչ ժամանակին իրականացրել է հայրս:

– Մեզ հասած տեղեկություններով՝ դուք հեղինակն եք նաեւ Մաքսիմ Մարտիրոսյանի նոր գրքի, որի շնորհանդեսը կկայանա «Անտունիի» պրեմիերայի օրը:

– Հորս կյանքին ու գործունեությանը նվիրված գիրքը` «Պարելով ես եկա այս աշխարհ», հեղինակել ենք երեք քույրերս` թատերագետ Ռուզաննա Մարտիրոսյանը, լեզվաբան Սյուզաննա Մարտիրոսյանը եւ ես: Շնորհանդեսը կկայանա, այո, պրեմիերայի օրը, բայց ոչ թատրոնում, այլ Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում:

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30