Հարություն Ներսիսյանի դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Ա. Մանուկյան) Սահմանադրական դատարան մուտքագրվել էր սեպտեմբերի 3-ին:
Սահմանադրական դատարանի դատական կազմը օրերս մերժեց նրա անհատական դիմումը: Սակայն դիմումատուի կողմից բարձրացվել էր մի հարց, որին գրեթե ամեն օր առնչվում են ձերբակալվող անձինք:
Ըստ դիմուատուի, «Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածն՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում հատուկ կարգավորում՝ այն մասին, որ անձը ձերբակալվածի կարգավիճակով անազատության մեջ նույն քրեական վարույթով կարող է պահվել ոչ ավելի, քան 72 ժամով»:
Դիմողը նշել էր, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածը թույլ է տալիս ձերբակալվածի կարգավիճակով ազատությունից առավելագույն ժամկետով՝ 72 ժամով զրկված եւ դրանից հետո ձերբակալումից ազատ արձակված անձին նույն քրեական վարույթով կրկին ձերբակալել՝ դատարան ներկայացնելու համար:
Կարդացեք նաև
Այսինքն, նույն քրեական վարույթի շրջանակներում նույն անձը, որն արդեն իսկ 72 ժամով առանց դատարանի որոշման անազատության մեջ է գտնվել, կրկին առանց դատարանի որոշման հայտնվում է անազատության մեջ, եւ հետեւաբար, անսահմանափակ ժամկետով գերազանցվում է առանց դատարանի որոշման անազատության մեջ գտնվելու՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված 72 ժամը:
Ըստ դիմողի՝ առանց դատարանի որոշման՝ անձի՝ անազատության մեջ մնալու թույլատրելի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առավելագույն ժամկետը, անկախ այն հանգամանքից՝ անձը 72 ժամ անընդմեջ է գտնվել անազատության մեջ, թե՞ տվյալ ժամկետը ձեւավորվել է նույն քրեական վարույթի շրջանակներում իրականացված՝ նույն անձի մի քանի ձերբակալումների արդյունքում:
Դիմողը նշել էր, որ թիվ ԵԴ1/0232/15/24 դատական վարույթով Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասին առերեւույթ հակասող՝ օրենսգրքի 114-րդ հոդվածի կիրառումը հանգեցրել է իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի խախտման՝ այնքանով, որքանով ինքը զրկվել է իր նկատմամբ կիրառված կալանքի հետագա իրավաչափության հարցը դատական ստուգման ենթարկելու հնարավորությունից։
Ըստ ՍԴԴԿ-ի՝ դիմողը չէր հիմնավորել, որ առկա է սահմանադրական վեճ, նաեւ նշել, որ դիմողը ձերբակալվել է երկու անգամ, մեկը որոշակի հանցանք կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, մեկն էլ դատարան ներկայացվելու համար…
Ի դեպ, Կոտայքի մարզի դատարանը հաստատել է ձերբակալման ընթացքում Ներսիսյանի իրավունքների խախտման փաստը:
Ըստ ՍԴ դատական կազմի՝ «Դիմողը որպես սույն անհատական դիմումի հիմքում ընկած ենթադրյալ սահմանադրաիրավական վեճ ներկայացրել է արհեստականորեն ստեղծված այնպիսի խնդիր, որը չունի սահմանադրաիրավական բովանդակություն»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.09.2024