ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս վերահաստատել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական եւ արժանապատիվ խաղաղության կարեւորությունը, փոխանցեց Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
Անցյալ հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի մասին Միլլերը հայտնել էր նաեւ, որ Բլինքենը ողջունել է «կողմերի միջեւ առաջընթացը վերջին շրջանում, այդ թվում՝ սահմանազատման կանոնակարգի շուրջ համաձայնությունը»: Զրուցակիցները քննարկել էին նաեւ ԱՄՆ-Հայաստան ընդլայնվող հարաբերությունները, ներառյալ՝ էներգետիկայի, առեւտրի, ներդրումների եւ կրթության ոլորտներում, ասված է Վաշինգտոնի հաղորդագրությունում:
«Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը բարգավաճ, ժողովրդավարական եւ անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին՝ ի շահ Հայաստանի ժողովրդի եւ ավելի լայն Կովկասյան տարածաշրջանի», – ասված էր հաղորդագրությունում: Հեռախոսազրույցի մասին հինգշաբթի երեկոյան հաղորդել էր միայն հայկական կողմը՝ մանրամասներ չհրապարակելով:
Բլինքենը ողջունում է «կողմերի միջեւ առաջընթացը»` հայտարարության ֆոնին հանդես եկավ նաեւ Հայաստան ժամանած Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը նաեւ Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է: Նա նախ շեշտեց, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության սկզբունքներից, այնուհետեւ ազդարարեց, որ ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից եւ որոնք արտացոլվել են 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ: «Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին եւ պատրաստ է օգնել՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության սկզբունքներից»,- Հայաստանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Օվերչուկը:
Կարդացեք նաև
Այսպես, ի՞նչ տեղի ունեցավ… Նախ, ՌԴ արտգործնախարար Լավրովը թեժացրեց ռուսական հովանու ներքո ձեռքբերված պայմանավորվածությունների թեման, այնուհետեւ ՀՀ ԱԺ ամբիոնից վարչապետ Փաշինյանը ծավալուն անդրադարձ կատարեց 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա, նա բացատրում էր, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը «միայն ու առաջին հերթին Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ կապի մասին չէ, դա ընդամենը թեմայի մանրամասներից մեկն է», եւ որ առաջին հերթին պետք է ապաշրջափակվեն տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապերը։ Եվ ի վերջո, արձանագրեց` Հայաստանը պատրաստ է ճանապարհներն ապաշրջափակել՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, բայց եւ շեշտեց՝ այն չի ենթադրում ինքնիշխանության զիջում: Այնուհետեւ Հայաստան ժամանած Օվերչուկն ասաց` տարածաշրջանային ապաշրջափակումը հնարավոր է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակներում:
Օվերչուկը հանդիպել էր վարչապետ Փաշինյանի հետ։ Կառավարության տարածած հաղորդագրությունում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին որեւէ բան նշված չէր: Ռուսաստանի փոխվարչապետը մասնակցել է նաեւ միջկառավարական հանձնաժողովի հանդիպմանը, որն, ըստ Օվերչուկի, մոտ 5 ժամ է տեւել, քննարկվել են բոլոր հիմնական հարցերը: Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությանը, Օվերչուկը պնդել է, թե իրականությունն ու մեդիայում ներկայացվող պատկերը տարբեր են: «Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնեք. գոյություն ունի լրատվական ֆոն, որը հաճախ բացասական է: Եվ գոյություն ունի իրականություն։ Այսօր մենք իրական երկաթգծով եկանք եւ տեսանք իրական աշխատանքը, որը կատարվել է: Մենք ունենք ապրանքաշրջանառության իրական աճ, որ վկայում է մեր երկրների միջեւ կապերի ամրապնդման մասին։ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ներկայացուցիչներն իրապես աշխատանք են տանում, եւ մենք պետք է տարբերենք այն, ինչ տեղի է ունենում իրական աշխարհում, եւ այն, ինչ պարտադրվում է լրատվական օրակարգում, որ հաճախ պարզապես չի համապատասխանում իրականությանը», – ասել է նա:
Պարզ է չէ՞, որ Օվերչուկը Հայաստանում էր հենց Մոսկվայի թեժացրած` Սյունիքով «միջանցքային» թեմայի շրջանակներում:
Եթե ՀՀ իշխանությունները հրաժարվել են 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթից` ինչո՞ւ են ռուս պաշտոնյաները Հայաստանում կրկին նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին բարձրաձայնում: Այսպես բանը կարող է հասնել նրան, որ հաղորդակցության ուղիների վերահսկողությունը ռուսական կողմին հանձնելուն էլ ի վերջո այս իշխանությունը կողմ լինի՞…
Ինչպե՞ս հասկանալ ՀՀ վարչապետի ուղղակի եւ անուղղակի քննադատությունները ռուսական կողմի ուղղությամբ, 2020թ. եռակողմ հայտարարության պահանջները չկատարելու մասին, միեւնույն ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ օրերս հնչեցրած այս գնահատականը. «Ռուսաստանն արդեն իսկ կառուցողական դեր է ունեցել խաղաղության հաստատման հարցում»,- «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ նշել է նա։ Այնուհետեւ շեշտել էր, որ Ռուսաստանն այն երկիրն է, որը կարողացել է միջնորդել եւ հրադադարի ստորագրման հասնել 2020 թվականի պատերազմից հետո. «Ռուսաստանն այն երկիրն է, որը միջնորդական գործընթաց է սկսել եւ Հայաստանին ու Ադրբեջանին բանակցությունների սեղանի բերել։ Սա այն դերն է, որը հետագայում շարունակել են ԱՄՆ-ն, Եվրամիությունը, տարբեր գործընկերներ, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, Գերմանիան»։ Նա նաեւ ընդգծել էր, թե կցանկանար համաժողովում՝ պանելային քննարկմանը նաեւ իր ռուս գործընկերը մասնակցեր։
Այս աշխարհաքաղաքական «ցատկերը» Հայաստանի համար բախտորոշ այս փուլում դառնում են ավելի ու ավելի վտանգավոր:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 20.09.2024