Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը նախադեպային դիրքորոշում է ձեւավորել

Սեպտեմբեր 21,2024 13:30

Վճռաբեկ դատարանի քաղաղաքացիական պալատի սեպտեմբերի 2-ի որոշման համաձայն, դրամական միջոցների գրավի տեսակ է նաեւ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի շրջանակներում կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կողմից կատարված կանխավճարային վճարումը, որը կառուցապատողի հատուկ հաշվին մուտք լինելու պահից համարվում է գնորդի օգտին գրավադրված՝ ի ապահովում կառուցման ավարտից հետո շենքից անշարժ գույքը գնորդին հանձնելու՝ կառուցապատողի պարտավորության եւ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման՝ կառուցապատողի պարտավորության պատշաճ կատարման:

Դատարանը գրավոր ընթացակարգով քննելով «Հայբիզնեսբանկի» դիմումը՝ «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.23թ. որոշման դեմ Հովսեփյանների բերած բողոքը (ներկայացուցիչ՝ Վ. Ալոյան), պարզել էր, որ բանկի՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջը սնանկության դատարանը բավարարել էր, Հովսեփյանների բողոքը մերժվել էր, իսկ վերաքննիչ դատարանի դատավոր Ն.Կարապետյանը հայտնել էր Հատուկ կարծիք:

2019թ. սեպտեմբերի 20-ին գնորդ Հովսեփյանների եւ կառուցապատող ընկերության միջեւ կնքվում է պայմանագիր՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու մասին:

Ըստ իրավունքի պայմանագրի, գնորդները ձեռք են բերում վաճառողին սեփականության իրավունքով պատկանող եւ Կենտրոնի Անտառային փողոցի հասցեներից մեկի հողամասում կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանը գնելու իրավունք, գնորդներն էլ պարտավորվում են գումարը կարգով, նշված ժամկետներում փոխանցելու մասին:

Նախատեսված էր կանխավճար, որը բանկի միջոցով իքս հաշվի համարին են փոխանցում…

Գնորդ Հովսեփյանները փոխանցում են նաեւ 38 միլիոն դրամից ավելի գումարը, սակայն պարտապանը չի կատարում իր պարտավորությունները, արդյունքում, Հովսեփյանների մոտ ծագել է բնակարանի գնման իրավունքի շուկայական արժեքի եւ դրա դիմաց փաստացի վճարված արժեքի տարբերության մասով պահանջի իրավունքը (բաց թողնված օգուտ):

Պայմանագրի համաձայն, «վաճառողի թերացման հետեւանքով շենքի շահագործման թույլտվությունը նույն պայմանագրով սահմանված ժամկետից 60 օր ուշ ստանալու դեպքում գնորդն իրավունք ուներ վաճառողից պահանջել տույժ, 61-րդ օրվանից սկսած յուրաքանչյուր օրվա համար օբյեկտի գնի 0, 05 տոկոսի չափով, որը հաշվանցելի է պայմանագրի գնի մնացորդի գումարի հետ, եթե առկա է մնացորդ: Նշեմ, որ դատարանի վճռով ընկերությունը ճանաչվել էր սնանկ անցյալ տարվա հունվարին…

Ըստ վճռաբեկ դատարանի, այս գործով առերեւույթ առկա էր մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտում, քանի որ վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Ըստ դատարան ներկայացրած բողոքի, «վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն է իրենց ներկայացրած պահանջի փոփոխությունը դիտարկել որպես առանձին ներկայացված պահանջ, այն պահանջի փոփոխություն է, որի մասին խոսվել է տեքստում: Սակայն այն չի դիտարկվել, որպես պահանջի փոփոխություն, հետեւաբար, խախտվել է իրենց սեփականության իրավունքը»:

Պահանջի փոփոխությունը ներկայացվել էր 25.03.23թ-ին, իսկ պահանջների վերջնական ցուցակը վերաքննիչ դատարանը հաստատել էր 2023թ. մայիսի 11-ին: Այսինքն, պահանջի փոփոխությունը դատարան է ներկայացվել պահանջների վերջնական ցուցակը հաստատվելուց մոտ 50 օր առաջ, որի պայմաններում, դատարանի կողմից ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժելը եւ պահանջը որպես «Սնանկության մասին» օրենքի հերթի պահանջ գրանցելն օրինաչափ չէր:

Վճռաբեկ դատարանը, թիվ ՍնԴ/3572/04/22 սնանկության գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անդրադառնալով կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի շրջանակներում կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կողմից կատարված կանխավճարային վճարումը որպես ապահովված իրավունքի առարկա դիտարկելու առանձնահատկությանը, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «այդ պայմանագրում նշված գումարները գնորդի կողմից վաճառողի հատուկ հաշվին մուտքագրելու պահից արդեն իսկ հանդիսանում են գնորդի օգտին վաճառողի կողմից գրավադրված՝ նպատակ ունենալով ապահովելու շենքի կառուցումն ավարտելուց հետո օբյեկտը սեփականության իրավունքով հանձնելու վաճառողի պարտավորությունը կամ նույն պայմանագիրը լուծելու դեպքում վաճառողի՝ կանխավճարը վերադարձնելու պարտավորության կատարումը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30