«Երևան կլասիկ ֆեստ». մինչև սեպտեմբերի 24-ը մայրաքաղաքում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը:
Մշակութային նախագիծը Երևանում առաջին անգամ է անցկացվում. մեկնարկը տվեց «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Հաջորդող երկու օրերին հանդիսատեսին ներկայացավ Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը՝ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ալեքսեևի ղեկավարությամբ:
Համերգի չորրորդ օրն էլ բեմը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախմբինն ու երգչախմբինն էր:
Սեպտեմբերի 24-ին Թումանյանի անվան զբոսայգում ժամը 20:00-ին երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին կրկին սիմֆոնիկ տրամադրություն է սպասվում, այս անգամ Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախմբի ձեռագրով: