Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը դեռ սեպտեմբերի 15-ին էր դիմել Նիկոլ Փաշինյանին հարցադրումով՝ «ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ պետի տեղակալ Հայկ Մովսիսյանը ձե՞ր հրամանն է կատարում, թե՞ ինքնագլուխ է որոշել արցախցիներին ստեղից ռադ անել, ինչպես նա է հրապարակային հանդես գալիս իր գրառումներում»։
Գրառումը արվել է Նիկոլ Փաշինյանի աջակից Ավետիք Օրդյանի ուղիղ եթերի ներքո, որտեղ նա պատմում է, թե տաքսու արցախցի վարորդը մի մեքենայի մասին ասել է՝ «Էս էլ Նիկոլի շայկից… հայհոյանքով… սրանք են բերել»: «Իջել եմ մեքենայից ու ասել՝ դե, դու սպասի, թե ես ինչ եմ անելու քո գլխին»,- տեսանյութում պատմում է Ավետիք Օրդյանը, որը ոչ միայն բողոքել է տաքսի ծառայությանը, այլ նաեւ վարորդի տվյալներն է հրապարակել համացանցում: «Իմացեք, որ նստեք: Հատուկ սրանք ոնց որ ծրագիր անեն… Ոնց որ մի բան փորձեն անեն էլի, այսինքն…. Ինձ թվում է, չեմ ուզում վատ բան ասեմ, վախեցնող ասեմ՝ ով նստում է տաքսիները, սկսում են քաղաքականությունից խոսել… Սա առաջին դեպքը չի»:
Հենց այդ տեսանյութի տակ ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ պետի տեղակալ Հայկ Մովսիսյանը այսպես էր արձագանքել. «Դրա համար պիտի դրանց ռադ անենք, արդեն զզվեցրեցին էդ համբալները»:
Մովսիսյանի հրապարակային ատելության խոսքը արցախցիների նկատմամբ որեւէ կարգապահական կամ իրավական հետեւանք չի ունեցել:
Կարդացեք նաև
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը Aravot.am-ին հայտնեց, որ որեւէ բան այդ գրառման հետ կապված դեռեւս չի նախաձեռնվել: Իսկ բուն գրառումը Նավիկյանը չմեկնաբանեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ