Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Գեղամյան. «Եթե  մինչեւ 2020-ը Ադրբեջանը կենտրոնացած էր Արցախի շուրջ, ապա արդեն 2020 թ. հոկտեմբերից պետական հակահայ քաղաքականության շեշտադրումն ուղղված է Հայաստանի մնացած տարածքներին»

Սեպտեմբեր 20,2024 21:15

Երեւանի պետական համալսարանում այսօր կայացած «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքները» խորագրով աշխատաժողովում նշվեց, որ Արցախից փախստականներին վերաբերող խնդիրների մեծագույն մասը դեռեւս լուծումների է կարոտ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի տիրույթում:

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ Վարուժան Գեղամյանը նշեց, որ Արցախի հայության բազային իրավունքը, որը հաստատված է վերջին մեկ տարում մի շարք իրավապաշտպան եւ միջազգային կազմակերպությունների կողմից, դա արցախահայության՝ դեպի հայրենիք, դեպի Արցախ վերադառնալու իրավունքն է, որն անհնար է ոչ միայն Ադրբեջանի կողմից պետական անթույլատրելիության, այլեւ այդ երկրում վարվող ակնհայտ հակահայ  քաղաքականության հետեւանքով:

«Ցավոք, 2020 թվականի նոյեմբերից հետո Ադրբեջանում հակահայ քաղաքականությունը ոչ թե նվազել, այլ ճիշտ հակառակը, բազմապատկվել է: Եվ սա արդեն վերաբերում է ոչ միայն Արցախին ու արցախահայությանը, այլեւ, այսպես կոչված, «արեւմտյան Ադրբեջանին» ու, այսպես կոչված, միջանցքի թեմային:

Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը կրում է ոչ միայն պետական բնույթ, այլեւ լիարժեք համակարգված է, եւ դրա մեջ ներգրավված են գրեթե բոլոր պետական, մերձպետական կառույցները եւ հասարակական կազմակերպությունները: Չկա որեւէ ոլորտ, որտեղ չլինի հակահայկականություն, որն ուղղված է թե՛ ներքին լսարանին, թե՛ հայկական լսարանին, թե՛ միջազգային հանրությանը:

Եթե  մինչեւ 2020 թվականը Ադրբեջանը գերազանցապես կենտրոնացած էր Արցախի շուրջ՝ ապացուցելու Արցախի ոչ հայկական լինելը, ապա ոչ թե նոյեմբերից հետո, այլ արդեն 2020 թ. հոկտեմբերին պետական հակահայկական քաղաքականության շեշտադրումը արդեն ուղղված էր Հայաստանի Հանրապետության մնացած տարածքներին: Օրինակ՝ Սյունիքի հստակ թիրախավորումը:

Մեր ձեռքի տակ եղած տվյալները մեզ թույլ են տալիս արձանագրել, որ Ադրբեջանի հասարակության ճնշող մեծամասնությունը, մոտավորապես 80-90%-ը լիարժեք աջակցում է  Ադրբեջանի հակահայ քաղաքականության բոլոր դրսեւորումները, սկսած Երեւանը, Սեւանը եւ Սյունիքը ադրբեջանական պատմական հողեր համարելուց, որտեղ պետք է վերադառնալ, մինչեւ հայերի հանդեպ տարաբնույթ բռնաճնշումների կիրառումը:

Առաջնային է «արեւմտյան Ադրբեջան» գաղափարի արմատավորումը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ երկրից դուրս: Օրինակ, բոլորդ գիտեք, որ կա այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջան» վերադարձի պետական ծրագիր, որն անձամբ Ալիեւի մասնակցությամբ եւ հրամանով հաստատվել է 2022 թ. դեկտեմբերին: Եվ դա հակահայ քաղաքականության համալիր ծրագրի ամենակարեւոր բաղադրիչն է, որը ենթադրում է այդ թեմայի հանրայնացում եւ լեգիտիմացում տարբեր հարթակներում: Եվ, ցավոք, պիտի ասեմ, որ այս ուղղությամբ արդեն արձանագրել են հաջողություն: Առնվազն երեք դեպք կա, որ միջազգային կազմակերպություններ կամ պետական պաշտոնյաներ հանդիպել կամ առանձին հրավիրել են, այսպես կոչված, «արեւմտյան Ադրբեջանի ներկայացուցիչներին»: Վերջին դեպքը տեղի է ունեցել բառացիորեն երկու օր առաջ՝ ՄԱԿ-ի առանձին նիստերից մեկում, որտեղ Ադրբեջանը պաշտոնապես ունեցել է այդ «կառույցի» ներկայացուցիչներ: Այս ամենն արվում է նաեւ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնություններ ունենալու նպատակով:

Այսպես կոչված, «արեւմտյան Ադրբեջանի» թեման դարձել է նաեւ Ադրբեջանում կրթական համակարգի կարեւոր բաղադրիչը, ինչը հաջողությամբ արդեն գործում է որպես նոր ազգային իղձի դրսեւորում եւ տարածվում է նաեւ մեդիայի միջոցով, դարձվում հանրային օրակարգի կարեւոր բաղադրիչ: Եվ եթե մեզ թվում է, թե Ադրբեջանում հիմա խոսում են Արցախի մասին, ապա Արցախի մասին խոսում է 10 -15 %-ը, իսկ մնացածի թեման, այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանն» է:

Այսինքն, այսօր ունենք ոչ թե հակամարտության ավարտ, այլ՝ շարունակություն, որի հիմնական թատերաբեմը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության տարածք»,-ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30