Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի և ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ վճիռները՝ ԵԽ Նախարարների կոմիտեի եռամսյակային նիստի օրակարգում

Սեպտեմբեր 20,2024 19:04

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Նախարարների կոմիտեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վերաբերյալ սեպտեմբերի 17-19-ը կայացած իր եռամսյակային նիստում քննարկել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործերով ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը։

«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը վերաբերում էր հայ փախստականի բողոքին առ այն, որ 1992թ. Շահումյանը հարկադիր կերպով լքելուց հետո այնտեղ կորցրել է գույքն ու ունեցվածքը: Գերագույն պալատը որոշել է, որ Ադրբեջանը պետք է Սարգսյանին վճարի 5000 եվրո փոխհատուցում նյութական և բարոյական վնասի համար և 30 հազար եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:

Նախարարների կոմիտեի նիստի ընթացքում նախարարներն այս գործի հետ կապված հիշեցրել են, որ «այս գործով 2017 թվականի դեկտեմբերի 12-ի արդարացի փոխհատուցման վերաբերյալ իր վճռում Դատարանը որոշել է, որ Ադրբեջանը երեք ամսվա ընթացքում պետք է վճարի դիմումատուի մերձավորներին որոշակի գումարներ՝ նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև ծախսերի համար։ Նախարարները խստորեն ընդգծել են պատասխանող պետությունների վերաբերյալ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անվերապահ պարտավորությունը՝ ամբողջությամբ և արդյունավետ կերպով կատարելու իրենց դեմ կայացված բոլոր վճիռները, ներառյալ ՄԻԵԴ կողմից նշանակված արդարացի փոխհատուցման գումարները վճարելու՝ նրանց անվերապահ պարտավորությունը»։

Նախարարների կոմիտեն նշել է, որ եթե Փոխըմբռնման հուշագրերի նախագծերի շուրջ խորհրդակցությունները արագորեն կոնկրետ արդյունքներ չտան, Ադրբեջանի իշխանություններին հորդորում են իրականացնել Սարգսյանի (արդարացի բավարարման) վճռով գոյացած գումարների վճարումն անմիջապես դիմումատուի իրավահաջորդներին։ Նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի իշխանությունների վերջին գրավոր հաստատումը, որ նրանց համար ընդունելի է և պատրաստ են ստորագրել ԵԽ Քարտուղարության կողմից պատրաստված Փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որպեսզի հնարավոր լինի վճարել դատարանի կողմից տրված արդարացի փոխհատուցումը և չվճարված տոկոսները Եվրոպայի խորհրդի բանկային հաշվին։ Մինչդեռ, այս հարցով ըստ Նախարարների կոմիտեի՝ Ադրբեջանի իշխանությունները լրացուցիչ ժամանակ են պահանջել Քարտուղարության կողմից պատրաստված Փոխըմբռնման հուշագրի տեքստի հնարավոր հետևանքների գնահատման համար։

Նախարարների կոմիտեն այս վճիռների կատարման ընթացքը կգնահատի 2024 թ.-ի դեկտեմբերին կայանալիք հանդիպման ընթացքում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30