Ամերիկահայ երաժիշտ, երգահան, ակտիվիստ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով անդրադարձել է արցախահայերի բռնի տեղահանությանը:
«Ինը ամիս տևած շրջափակումից ու սովից հետո Ադրբեջանը հարձակում գործեց։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի գործողությունները որակեց որպես ցեղասպանություն։
ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանն իր հերթին մի քանի որոշում կայացրեց՝ նշելով Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի անհրաժեշտության մասին։ Նրանք չեն կարող վստահել Ադրբեջանին, մի երկրի, որն իրականացրել է էթնիկ զտում և սպանել շատ հայերի` դրսևորելով ծայրահեղ ռասիզմ։ Հայատյացությունը նրանց ազգային քաղաքականությունն է»,- ասել է Թանկյանը։
Նա նշել է՝ հայերի վերադարձն ու Լեռնային Ղարաբաղում նրանց անվտանգությունը կարող են ապահովել միջազգային խաղաղապահ ուժերը, ինչի համար անհրաժեշտ է միջազգային հանրության, մասնավորապես՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների քաղաքական կամքը։
Կարդացեք նաև
Այդ գործում, ըստ Թանկյանի մեծ դերակատարում կարող է ունենալ նաև ԵԱՀԿ-ն։
«Հայրենադարձության հույսը, հայրենի բնօրրան վերադառնալու մեր իղձը կորցնել չենք կարող։
Այն, ինչ տեղի ունեցավ, գաղութատիրության օրինակ էր՝ վատագույն դրսևորմամբ, ներառյալ էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։
Արցախցիները պետք է իրենց տուն վերադառնալու հնարավորություն ունենան, ապրեն խաղաղ և նորմալ պայմաններում։
Մենք բոլորս պետք է կանգնենք նրանց կողքին»,- եզրափակել է Թանկյանը։