Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կարտոֆիլը ռուսական շուկայում իրացնելը դարձյալ խնդիր է․ Ազատանի նախկին գյուղապետի ահազանգը

Սեպտեմբեր 20,2024 18:34

Շիրակի մարզի կարտոֆիլ արտադրող ամենամեծ համայնքը՝ Ազատանը, այս տարի ևս իրացման խնդիր ունի։

Ազատանցիներն ամեն տարի մոտ 25-30 հազար տոննա կարտոֆիլ են արտադրում, այս տարի ևս շատ են ցանել, կարտոֆիլի ավելցուկ կա, սակայն չգիտեն՝ որտեղ են իրացնելու բերքը։

Ազատանի նախկին գյուղապետ Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչև հոկտեմբերի 2-ը Լարսի ճանապարհը փակ է լինելու, հետևաբար և Ռուսաստանի Դաշնություն արտահանելը դառնում է անհնար։

Թեև ըստ մեր զրուցակցի, Ռուսաստանի Դաշնությունում պահանջարկ կա, սակայն նրանք մեկ կիլոգրամը գնում են 80-85 դրամով, իսկ սա ձեռնտու չէ գյուղացուն։

Վարդան Իկիլիկյանի հաշվարկով, մեկ կիլոգրամ կարտոֆիլի արտադրությունը ֆերմերի վրա նստում է առնվազն 110 դրամ՝ եթե սերմ ունի, իսկ եթե Եվրոպայից է ներկրում՝ ավելի թանկ, սերմի արժեքը թանկացել է։ Հետևաբար և Ռուսաստանի Դաշնությունից առաջարկվող գինը ինքնարժեքն անգամ չի ծածկում։

«Թե ինչու ենք շատ արտադրել կարտոֆիլ, եթե հիշում եք՝ գարնանը չիրացվեց, սերմը մնաց, գյուղացիները ստիպված ցանեցին։ Անցած տարի Ռուսաստանի Դաշնություն ընդհանրապես չենք արտահանել ու առհասարակ կասկածի տակ է՝ կկարողանա՞նք այս տարի էլ արտահանել, թե՞ ոչ։ Մի թեթև չափաքանակ ուղարկեցինք, բայց մեծ խնդիրներ առաջ եկան, Լարսը միշտ չէ, որ բաց է, մարդիկ օրերով ճամփա պիտի դուրս գան, կանգնեն, սպասեն, ապրանքն էլ կփչանա։

Հիմա 30 տոկոսը քանդել ենք, 70 տոկոսը՝ դեռ ոչ, սակայն մտահոգ ենք՝ ի՞նչ է լինելու։ Պետական մակարդակով իրացման հետ կապված օգնություն բացարձակ չկա, մոռացեք, որ լինի։

Իրանը մեր կարտոֆիլի պահանջարկը չունի, այդ երկիրն ամեն ինչով ապահովված է, Վրաստանը ևս չունի, Վրաստանին իր արտադրածը բավարար է, Ռուսաստանն էլ երբեմն ունենում է պահանջարկ, երբեմն՝ ոչ, կա տարի, որ իր արտադրածը իրենց լիարժեք բավարար է։

Կար ժամանակ, երբ խնդիրն այսքան սուր չէր, քանի որ իրացնում էինք Արցախի շուկայում, հենց մտնեիր Արցախ, կտեսնեիր, թե՛ Մարտունու, թե՛ Գավառի կարտոֆիլը ինչպես էին վաճառում։

Հիմա գյուղացիների վիճակը գնալով բարդանում է»,- ասաց նախկին գյուղապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30