ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (դատավոր Տիգրան Դավթյան) այսօր լրացուցիչ դատալսման ժամանակ դատարան էին ներկայացել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ԱԻ նախարարի խորհրդական Աշոտ Հակոբյանը, ԱԻՆ ՓԾ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության բազայի պետ Վիգեն Մկրտչյանը, ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հրաչյա Երեմյանը: Դատարանը սեպտեմբերի 9-ին հրապարակել էր այս գործով մեղադրական վերդիկտը:
Մեղադրող Կորյուն Սերոբյանը միջնորդեց ԱԻ նախկին նախարարի համար պատիժ սահմանել 8 տարով ազատազրկումը, զինվորական կոչումներից, պարգեւներից զրկելը, 5 տարով պաշտոններ զբաղեցնելը:
Աշոտ Հակոբյանի համար նա պահանջեց 4 տարվա ազատազրկում, Վիգեն Մկրտչյանին`5 ու կես տարով ազատազրկում, որը պայմանական չկիրառել, սահմանելով 5 տարով փորձաշրջան, Արթուր Օհանյանին` 3 տարվա ազատազրկում, որից 2 տարի 5 ամսով պայմանական չկիրառել, Վիգեն Գրիգորյանին`9 տարով ազատազրկում, Արտակ Բեյբությանին եւ Հրաչյա Երեմյանի պատժաչափը 4 տարի 6 ամիսն էր:
Անդրանիկ Փիլոյանի պաշտպանը դիմեց մեղադրողին, թե «Ո՞ր տվյալն է հուշում, որ Փիլոյանը զրկվի շնորհված պարգեւներից- կոչումներից: Փիլոյանը վաղ թե ուշ ճանաչելու է անմեղ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մեղադրական վերդիկտով ԱԻՆ նախկին նախարարի մեղադրանքի դրվագներից երկուսը`առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, վերաորակվել էր ՀՀ քրեական օրենսգրքի` խարդախություն հոդվածով: Նա մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խարդախությամբ կաշառք ստանալու համար:
Այսօրվա լրացուցիչ դատալսման ժամանակ պաշտպանները դատարան ներկայացրեցին հիմնավորումներ մեղմացնող հանգամանքների վերաբերյալ:
Փիլոյանի պաշտպանը լրացուցիչ դիրքորոշում չարտահայտեց, Վիգեն Մկրտչյանի պաշտպանը հայտնեց, որ իր պաշտպանյալի խնամքին կա երկու անչափահաս երեխա, նա աջակցել է վարույթն իրականացող մարմնին, իրեն ճանաչել է մեղավոր: Բարձրագույն զինվորական կրթություն ունի, անցել է մարտական ուղի: Կինը հղի է, եւ այդ կապակցությամբ հիմնավորում փաստաթուղթ ներկայացեց դատարան:
Արթուր Օհանյանը երեք մանկահասակ երեխա ունի, մասնակցել է Արցախյան պատերազմներին, կոնկրետ մարտական գործողությունների, զինվորական կոչումը`փոխգնդապետ է, ըստ պաշտպանի քրեական հետապնդման ողջ ժամանակահատվածում չի արել այնպիսի գործողություն, որով տպավորություն ստեղծվեր, թե ազդում է գործի վրա:
Արտակ Բեյբությանը նույնպես ուներ մանկահասակ երեխա, տան միակ կերակրողն է, մասնակցել էր «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհի մարման աշխատանքներին: Աշոտ Հակոբյանն ուներ պարգեւներ ՀՀ եւ ԼՂՀ նախագահներից, պահեստազորի փոխգնդապետ է, Արմավիր քրեակատարողական հիմնարկում բժշկական միջամտության առիթ է եղել, տեղափոխել են քաղհիվանդանոց, եղել է բժիշկների հսկողության տակ:
Հրաչյա Երեմյանի վիճակը դարձյալ կրիտիկական է, պաշտպան Գուրգեն Գրիգորյանը միջնորդեց, որպեսզի դատարանը որոշում կայացնի համալիր փորձաքննություն կամ դատաբժշկական փորձաքննություն կատարելու մասին, ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալի հիվանդությունը համընկնում է ՀՀ կառավարության կողմից սահմանված պատիժը խոչընդոտող ծանր հիվանդությունների ցուցակում ներառված հիվանդությանը, հայտնեց դատարանին, որ 15 օրից քննվելու է բժշկական հանձնաժողովում կարգ սահմանելու հարցը:
Դատարանը ուներ իրավական խնդիրներ, այս փուլում, երբ հրապարակվել է մեղադրական վերդիկտը, համալիր փորձաքննության թույլատրելիության հարցը, այս գործով հինգի վերաբերյալ մասն անջատելու, մանավանդ որ վճռաբեկ դատարանը ուներ որոշումներ, որոնք դատարան դեռ չեն ուղարկվել:
Դեկտեմբերի 9-ին նշանակված լրացուցիչ դատալսման ժամանակ դատարանը մինչ անցնի փակ սենյակ, հինգի նկատմամբ պետք է կողմնորոշվի անջատման համար՝ Գոռ Համբարձումյան, Միհրդատ Մաթևոսյան և Գագիկ Պողոսյան:
Արդարացվել էր Արա Յաղջյանը:
Մեղադրողն անդրադարձավ նաեւ բռնագրավման հարցերին. Անդրանիկ Փիլոյանից կբռնագրավվի, 2022 թվականի հուլիսի 22-ի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար Սերգեյ Առաքելյանի «Իրեղեն ապացույց ճանաչելու մասին» որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված՝ 365 000 դրամ արժողության գազի ջեռուցման կաթսան, մեկ միլիոն դրամ կաշառքը, որը գտնվել էր Աշոտ Հակոբյանի չհրկիզվող պահարանում, ոսկյա ձուլակտորը, Վիգեն Գրիգորյանից`4 միլիոն 800 000 դրամը:
Մանրամասները՝ «Առավոտի» առաջիկա համարում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ