«Հիմա այսքան ներկայացրեցիք՝ ներդրումներն այսքան միլիարդով կավելանան եւ այլն։ Վերջը, հեռուստացույցի դիմաց նստած տատիկը նայեց էս ամեն ինչը եւ շրջվեց պապիկի կողմն ու ասաց՝ բա լավ, վերջն այս վիճակից երբ ենք դուրս գալու, այս հոսանքի անջատումները երբ են վերանալու։ Կա՞ մի հստակ ծրագիր, որ իքս օրվանից անջատումներ չեն լինի։ Օրինակ՝ Դավթաշենում օրական երեք անգամ հոսանքն անջատում են»,- խորհրդարանում «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով լսումների ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին հարցրեց ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանը։
Ի պատասխան ԳարեգիՆ Բաղրամյանն ասաց․ «Ճիշտ եք ասում, սովորական քաղաքացու կամ բաժանորդի համար ինչ խոսում ենք, որոշակի խորթ է։ Այո, ինքն ասում է, վերջը իմ հարցը երբ է լուծվելու։ Ամբողջ խնդիրն այն է, որ հենց այդ էի ես փորձում ներկայացնել։ Բնականաբար, այս ամենը վաղը կամ մյուս օրը կունենանք, եթե ամբողջությամբ մեր ենթակառուցվածքը նորացնենք»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ հարցրեց՝ վերահսկվո՞ւմ է, թե ՀԷՑ-ի ներդրումներն ուր են գնում։ «Ներդրումներ չենք տեսնում ախր, թղթի վրա գրված շատ գեղեցիկ է հնչում, բայց ՀՀ քաղաքացիները գյուղերում տեսնում են, որ լույսը տանող փայտե «ստոլբը» ոնց 40 տարի առաջ դրվել է, նույն կերպ շարունակում է մնալ։ Եվ երբ ես գնում եմ գյուղ, գյուղացիներն ինձ ասում են՝ եթե մի հատ ուժեղ քամի բարձրանա, մեր լույսերն անջատվելու են։ Եվ մեր քաղաքացիները չեն տեսնում այդ 298 մլրդ ներդրումը։ Բայց եթե լավ ման գանք, այդ 698 մլրդն ներդրումը կարող ենք տեսնել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաների ու սեփականության մեջ»,- ասաց Ալեքսանյանը։
Գարեգին Բաղրամյանն ասաց, որ ներգրավում են աուդիտորներին, որպեսզի տեխնիկական աուդիտ իրականացնեն ու բոլոր հարցերին պատասխանեն։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ