Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոնց որ դաս լիներ, քննիչն ինձ դասն ասում էր, ես էլ հետո պետք է իր տված ինֆորմացիան վերարտադրեի»․ Արմեն Աշոտյանի գործով վկա Անի Ռափյանի հարցաքննությունը

Սեպտեմբեր 20,2024 16:25

«Գիտեք, ոնց՝ ասեմ․ մինչեւ ՔԿ գնալը եւ քննիչի հարցերին պատասխանելը, ես ավելի քիչ ինֆորմացիա ունեի։ Քննիչն է ինֆորմացիա տվել։ Ոնց որ դաս լիներ, քննիչն ինձ դասն ասում էր, ես էլ հետո պետք է իր տված ինֆորմացիան վերարտադրեի։ Շատ-շատ բաներ ինձ հայտնի չեն եղել, չեմ հետաքրքրվել»,- Հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով վկա Անի Ռափյանը։ Գործով վիճելի շրջանում՝ 2015-16 թվականներին, նա սովորել է կլինիկական օրդինատուրայում եւ ուսանողական խորհրդի նախագահն է եղել, ԵՊԲՀ խորհրդական՝ ուսանողական աշխատանքների գծով։

Նա հավելեց, որ ՔԿ-ում առաջին երկու հարցաքննությունների ժամանակ անփորձ է գտնվել, առանց փաստաբանի է ներկայացել․ «Երեւի տեղի տվեցի, շատ ինֆորմացիա ասեցի, որը որ կօգտագործվի իմ դեմ։ Ստացվեց, որ ես իմ դեմ ինֆորմացիա եմ տալիս, ցուցմունք եմ տալիս, դրա համար, գիտակցելով այդ ամեն ինչը, երրորդ հարցաքննությանը ներկայացա փաստաբանի հետ։ Հիմա, հիշելով իմ առաջին երկու հարցաքննությունները, գիտակցելով, թե ինչքան միամիտ եմ եղել, ինչքան ինքս իմ դեմ բաներ եմ ասել, որ ընդհանրապես, օգտվելով իմ իրավունքից, կարող էի չասել․․․անգամ, ստացվում էր, որ ավելի շատ քննիչին պետք եղած ինֆորմացիան եմ տվել, քան այն, ինչը որ պետք է ասեի։ Հիմա, արդեն եթե այդ փորձն ունենայի, այդպես չէր լինի, կներկայանայի փաստաբանի հետ՝ խորհրդակցելով, եւ այդպես չէր լինի»։

Վկան նաեւ ասաց․ «Գործի մասին այնքանով եմ տեղյակ, ինչ սկսվել են նախաքննական հարցաքննությունները ՔԿ-ում։ Դրանից առաջ չեմ էլ հիշել, երբ հարցաքննությունները սկսվեցին, նոր փորձեցի հիշողություններից ինչ-որ բան հանել։ Առանձնապես շատ ինֆորմացիայի չեմ էլ տիրապետում»։

Մեղադրողի հարցին՝ տեղեկություն ունի՞, ԵՊԲՀ հիմնադրամը հանգստի գոտի ունեցե՞լ է, եղե՞լ է ինչ-որ վայր, որտեղ աշխատակիցները հնարավորություն են ունեցել իրենց հանգիստը կազմակերպելու, Անի Ռափյանը պատասխանեց, որ իմացել է՝ կա նման վայր, բայց ավելի հստակ ասել, թե որտե՞ղ էր, ի՞նչ էր, չի կարող։

Մեղադրողը հստակեցրեց՝ տեղեկություն ունի՞ վկան Սեւան քաղաքում հանգստյան գոտի, հյուրանոցի սենյակներ ձեռք բերելու վերաբերյալ։ Անի Ռափյանը պատասխանեց․ «Որքան հասկանում եմ, այս հարցն այդ գործի թիրախային հարցերից է եւ դրան, դրա հետ կապված որեւէ բան խոսել, որեւէ հարցերի պատասխանել չեմ ցանկանում, որովհետեւ, ոնց հասկացա նախաքննական հարցաքննությունների ժամանակ, պատասխանները կարող է իմ դեմ օգտագործվող բան լինեն։ Դրա համար, օգտվելով իմ իրավունքից, այդ հարցերին հրաժարվում եմ պատասխանել»։ Մեղադրողը պնդեց՝ վկան պարտավորություն ունի եւ պիտի պատասխանի։

Օգնության հասավ Անի Ռափյանի պաշտպանը՝ հակադարձելով, որ վկան հստակ ասաց՝ ողջամիտ կասկած ունի, որ այդ հարցին պատասխանելը կարող է իր դեմ օգտագործվել, ուստի դատարանին խնդրեց՝ հարգել վկայի իրավունքը։

Դատավոր Վահե Դոլմազյանը տարակուսեց՝ ասելով, թե որքանով է ողջամիտ, որ վկան նման հայտարարություն է անում եւ չի պարզաբանում։ Պաշտպանը պատասխանեց՝ վկան մինչ այս պահը, հստակ եւ սպառիչ պատասխանել է հարցերին եւ այս դեպքում էլ պարզաբանել՝ հարցը գործի թիրախային հարցերից է եւ այդքանով իրեն վերաբերելի, ուստի ստիպել վկային պատասխանել մի հարցի, որը գործի անջատված մասով իր դեմ կօգտագործվի, ողջամիտ չէ։ Վկայի պատճառաբանությունները Վահե Դոլմազյանն ընդունեց եւ մեղադրողին առաջարկեց՝ վերաձեւակերպել հարցը՝ ավելի ընդհանրական ձեւակերպումներ անելով։

Մեղադրողը պնդեց իր դիրքորոշումը՝ հավելելով, որ այդ հարցը եւ առաջիկա հարցադրումները գործի քննությանն են վերաբերում, հանգամանքների վերաբերյալ վկայի տեղեկություններին, ոչ թե վկայի անձին։ Մանավանդ, որ այդ հարցերին վկան արդեն իսկ պատասխանել է նախաքննության ընթացքում։ Մեղադրողը Անի Ռափյանի եւ նրա պաշտպանի պատճառաբանությունները պատրվակ որակեց՝ ցուցմունք տալուց հրաժարվելու համար, եւ միջնորդեց՝ հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները։

«Կոնկրետ ես որեւէ գործարք չեմ արել այդ հարցի հետ կապված»,- հայտարարեց վկան՝ պատասխանելով գործով վիճելի հյուրանոցից համարներ ձեռք բերելու հետ կապված հարցին։ Նա նաեւ հայտարարեց, չի հիշում, թե ԵՊԲՀ խորհրդի՝ 2015 թվականի նիստերում հյուրանոցի համարներ ձեռք բերելու հարցեր քննարկվե՞լ են, թե՝ ոչ, ասաց, որ ինքը տվյալ հյուրանոցում հանգիստ չի անցկացրել, բայց հետագայում խոսակցություններից իմացել է, որ եղել են աշխատակիցներ, ովքեր այնտեղ հանգստի են մեկնել։

Նա հայտարարեց, որ վիճելի շրջանում եղել է «Հերացի» արհեստակցական միության քարտուղար, բայց հիմնականում զբաղվել է իր մասնագիտական ունակությունների կատարելագործմամբ եւ իրենք «քիչ է հետաքրքրել» ԵՊԲՀ աշխատակիցների հանգստի հարցը։ Իսկ հանգամանքները, թե ինչպես է դարձել արհեստակցական միության քարտուղար, չի հիշում։

Հաջորդ նիստին վկային հարցեր կուղղեն դատավորն ու պաշտպանական կողմը։

Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց այլընտրանքային խափանման միջոց կիրառել Արմեն Աշոտյանի նկատմամբ՝ տնային կալանք, 25 միլիոն դրամ գրավի համակցմամբ։ Արմեն Աշոտյանը կալանավորված էր 2023 թվականի հունիսի 16-ից։ Արմեն Աշոտյանը մեղադրվում է կրթության նախարար եղած ժամանակ փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ իր նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում է։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Անի Ռաֆյանը, Կարեն Ավագյանն ու Արմեն Աշոտյանը. լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30