ԱԺ ՔՊ խմբակցությունը խորհրդարանում լսումներ է կազմակերպել «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով։
ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հարցրեց․ «Պարոն Բաղրամյան, հիմա ՀԷՑ-ը բիզնես է, թե՞ չէ։ Պետությունը այստեղ պարտավորություն ունի, պետք է այնպես անի, որ այն բիզնեսը, որը փող է աշխատում բնակիչների վրա, ոչ թե միացման վճարն էլ հավելյալ թողնի բնակիչների վրա, այլ իր շահույթներից այդ ծախսն անի»։
Գարեգին Բաղրամյանը արձագանքեց․ «ՀԷՑ-ը բիզնես է՝ էլեկտրաէներգիայի բաշխման ծառայության մատուցման։ Այսինքն՝ ինքը բաշխում է էլեկտրաէներգիան։ Ընդ որում, այսօրվա ազատական շուկայում, սպառողը, որը սարի գլխին իր տունը կառուցում է, կարող է լրիվ այլ մատակարար ընտրել, ընդհանրապես ՀԷՑ-ին չդիմել։ Առնվազն վեց ակտիվ մատակարար ունենք, որոնց տակ այսօր ունենք 300 բաժանորդ, որոնք ՀԷՑ-ից դուրս են եկել։ Ընդ որում՝ այս 300 բաժանորդը Հայաստանի 25 տոկոս սպառումն են ապահովում։ Այսինքն՝ 25 տոկոս սպառումն այլեւս ՀԷՑ-ի տակ չէ։ Շուկայի ազատականացումը փուլերով իրականացվում է։ Եկեք քննարկենք՝ եթե պատրաստ ենք բոլորս միասին վճարել սարի գլխին կառուցվող մարդու տունը կառուցելու համար, վճարենք։ Եթե դուք ուզում եք տուն առնեք, այդ տունն առանց էլեկտրաէներգիայի չի լինում, այդ տանը էլեկտրաէներգիա հասցնելու համար ի՞նչ անենք, բոլորս վճարե՞նք։ Եթե դա համարում եք տրամաբանական ու արդար, եկեք այդպես անենք, ասենք՝ ՀԷՑ, այսուհետ դու միացման վճար մի գանձիր, քո ներդրումներն արա, մենք ներդրումները բոլորովս կփոխհատուցենք»։
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց հնչեցրեց․ «Մենք ինչպես պտտվում ենք, քաղաքացին պետք է վճարի։ Այսինքն՝ ՀԷՑ-ի ենթակառուցվածքները թարմացնելու համար կամ պետք է վճարի քաղաքացին, կամ պետք է վճարի քաղաքացին։ Ոնց պտտվում ենք, քաղաքացին պետք է վճարի։ Իսկ ՀԷՑ-ին հարցրել եք՝ արդյունավե՞տ են աշխատում, թե՞ ոչ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ