Պրոբացիայի և Քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումների շրջանակում կարիքների գնահատում. Միջազգային գործընկերներին են ներկայացվել ոլորտի ձեռքբերումները
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի գլխավորությամբ միջազգային գործընկերների հետ տեղի է ունեցել հերթական հանդիպում-քննարկումը՝ Քրեակատարողական և Պրոբացիայի ոլորտներին վերաբերվող բարեփոխումների ընթացքի շուրջ:
Նախարարի տեղակալը ողջունեց գործընկերներին, շնորհակալություն հայտնեց հրավերին արձագանքելու և ներկա գտվելու համար: Նա շեշտեց, որ հանդիպմանը գտնվում են միջազգային այն գործընկերները, որոնց հետ Քրեակատարողական և Պրոբացիայի ոլորտներում արդեն իսկ առկա են ձևավորված արդյունավետ ծրագրեր և համագործակցություն և հույս հայտնեց, որ դրանք կլինեն շարունակական: Լևոն Բալյանն ընդգծեց , որ համագործակցության արդյունքներն ակներև են:
ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնի պետ Դավիթ Մանուկյանը նշեց, որ չնայած, ՀՀ կառավարությունը վճռական է տրամադրված ոլորտի բարեփոխումների հարցում, սակայն համագործակցությունը միջազգային գործընկերների հետ առավել հեռանկարային են դարձնում այն:
Կարդացեք նաև
Համագործակցության շրջանակներում Հայաստանում են ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործընկերներ Ֆիլիպ Մայսները և Վեռա Տկաչենկոն՝ քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման առաքելություն իրականացնելու համար:
Նախարարի տեղակալը նշեց, որ ներկայում ընթացող դատաիրավական բարեփոխումների համատեքստում առանձնահատուկ նշանակություն է տրվում այս ոլորտներին, պատիժ կրող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, ինչպես նաև նրանց համար երաշխիքների ստեղծմանը։ Եվ այս գործում քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների շրջանակում կարիքների գնահատման առաքելությունը եկել է օգնելու ոլորտի ձեռքբերումները, ընթացիկ ծրագրերը և հանդիպող խոչընդոտները վերհանելու և գնահատելու համար: Նման գնահատումներն ու դիտարկումներն էլ հետագայում հիմք կհանդիսանան միջազգային գործընկերությունը հասցեական ուղղություններով զարգացնելու, նոր համագործակցություններ ձևավորելու և էլ ավելի լավ արդյունքներ գրանցելու հարցում:
Միջազգային գործընկերներ Ֆ. Մայսները և Վ.Տկաչենկոն ներկայացրեցին գործընկերության առաքելությունը և նպատակները՝ նշելով քրեական ենթամշակույթի դեմ պայքարի կարևորությունն, ինչպես նաև անցումը պատժողական քաղաքականությունից դեպի վերականգնողական քաղաքականություն:
Գործընկերների կողմից ընդգծվեց նաև համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ որպես նոր ռազմավարության մշակման հիմք: Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխան ձևաչափով:
ՀՀ արդարադատության նախարարություն