Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը ընդգծել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների և իրավունքի գերակայության ապահովման համատեքստում ԵՄ հետ համագործակցության բարձր մակարդակը։
Գրիգոր Մինասյանն անդրադարձ է կատարել ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) հետ համագործակցության խորացմանը, ընդգծել Եվրաջասթ համաձայնագրի կատարումն ապահովող «Աշխատանքային պայմանավորվածության» նախագծի ստորագրման կարևորությունը:
Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքի վերանորոգմանը ԵՄ աջակցության համար, հույս հայտնել, որ այս ուղղությամբ գործակցությունը կլինի շարունակական:
Կարդացեք նաև
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն անդրադարձ է կատարել վիզայի ռեժիմի ազատականացման երկխոսությանը: Կողմերն արձանագրել են այս ուղղությամբ նախատեսվող գործողությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ԵՄ բյուջետային աջակցությանը, ինչպես նաև Էլեկտրոնային արդարադատության «e-justice» միասնական համակարգի մշակման աշխատանքներին:
Գրիգոր Մինասյանն ու Վասիլիս Մարագոսը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համատեղ աշխատանքները արդարադատության ոլորտի բարեփոխման համատեքստում:
ՀՀ Արդարադատության նախարարություն