ԱԺ ՔՊ խմբակցությունը խորհրդարանում լսումներ է կազմակերպել «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ ՀԷՑ-ի ներդրումների առյուծի բաժինը պետք է ուղղված լիներ սպասարկման որակի ներդրումներին։ 2016-2023 թվականներին նախատեսված են եղել 233 մլրդ դրամի ներդրումներ։
«Ի՞նչ է տեղի ունեցել փաստացի։ Գրեթե պահպանվել են 7 տարվա ներդրումների ծավալները՝ մոտ 230 մլրդ դրամի ներդրումներ իրականացվել են։ Սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 50 տոկոսով ավելի քիչ ներդրում է իրականացվել։ Այսինքն՝ սպասարկման որակի բարելավմանը 65 մլրդ դրամով ավելի քիչ ներդրում է ուղղվել։ Կան օբյեկտիվ պատճառներ, դա նոր սպառողների միացումն է։ Ընդ որում` նոր սպառողների միացման համար նախատեսված է եղել մոտ 28 մլրդ դրամ, բայց տնտեսության ավելի արագ զարգացման, կառուցապատման ավելի արագ տեմպերը հաշվի առնելով՝ այս թիվը գերազանցվել է մոտ 39 մլրդ դրամով»,- ասաց Բաղրամյանը։
Նա հավելեց․ «Մեր կարծիքով՝ ամենամեծ խնդիրը, որն այսօր ունենք հոսանքի հաճախակի անջատումների ոլորտում, համակարգի մաշվածությունն է։ Փաստորեն ռեսուրսները, որոնք ուղղվում են այդ ուղղությանը, որոշակի նվազել են, քանի որ կանխատեսվող նոր սպառողների միացումներն են շատացել»։
Բաղրամյանն ասաց, որ մի շարք քայլեր են արել՝ իրավիճակը մեղմելու համար։ Նախ, վերանայվել են միացման վճարները, ինչն այդքան էլ ողջունված որոշում չէր, բայց ուշացած էր։ Նոր միացման վճարները էականորեն թանկացվեցին եւ բերվեցին շուկայական այսօրվա գներին։ Մյուս միջոցառումն այն է, որ երկարաձգվել են նոր սպառողների միացման ժամկետները, որը համապատասխան ռեսուրս պետք է առաջացներ ընկերության մոտ՝ սպասարկման որակի աշխատանքներին ուղղելու համար։
Կարդացեք նաև
Անդրադառնալով էլէներգիայի անջատումներին՝ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ վթարի վերականգնման սահմանված ժամ կա՝ քաղաքային համայնքներում 4 ժամ է, գյուղական համայնքներում՝ 8 ժամ։ Եթե այդ ժամերի ընթացքում վթարը չի վերականգնվում, ապա տույժը պետք է գեներացնի ընկերությունը եւ փոխանցի բաժանորդներին՝ որպես հաջորդ ամսվա կանխավճար։ «2023 թվականի արդյունքներով՝ 68 հազար բաժանորդի վճարվել է 116 մլն դրամ։ Այդ բաժանորդների մոտ անջատումը 4 ժամից ավելի է տեւել։ 2024 թվականի 8 ամիսներին այս գումարն արդեն կազմել է մոտ 152 մլն դրամ։ Սա արդեն վկայում է այն մասին, որ անջատումներն ավելի շատացել են»,- ասաց Բաղրամյանը։
Նա հավելեց, 2024-2025 թվականներին նախատեսված է 6,3 մլրդ դրամով ամբողջական վերազինել Երեւանի փոքր կենտրոնի ենթակառուցվածքները․ «Այսինքն՝ փոխվելու են բոլոր տրանսֆորմատորները, էլեկտրահաղորդման լարերը, եւ գրեթե 100 տոկոսանոց արդյունքի ենք հասնելու։ Նման պրակտիկա ենք առաջարկում՝ նախարարության, մարզպետարանների ու համայնքների հետ քննարկել, վեր հանել ամենախնդրահարույց համայնքները, եւ այդ հասցեական ներդրումներն իրականացնել»։
Պատասխանատվության միջոցները եւս կխստացվեն։ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ ամսվա կտրվածքով անջատման համար դրվելու է նվազագույն քանակ, եթե այդ քանակը գերազանցվի, ապա ընկերությունը պետք է բաժանորդին տուգանք վճարի։ Եթե էլէներգիայի ընդհատման սահմանված տեւողությունը կրկնակի գերազանցվի, տուգանքի 2500 դրամից կդառնա 3500 դրամ։ Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունվարի մեկից։ Բաղրամյանը նաեւ ասաց, որ քննարկվում է հետեւյալ հարցը՝ եթե մեկ տարվա ընթացքում մեկ բաժանորդի մոտ երկու անգամ կրկնվում է էլեկտրաէներգիայի նվազագույն չափի վթարի վերականգնման ժամկետը, ապա տուգանքի չափը կդառնա 10 հազար դրամ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ